...

Կոնսենսուս մինուս խավարասեր

Կոնսենսուս մինուս խավարասեր

Հայաստանի ներքաղաքական կյանքի լավագույն նկարագրությունը ոչ «Քաջ Նազարն» է, ոչ էլ Օրուելի «Անասնաֆերման» կամ «1984»-ը։ Մեր իրականությանը շատ ավելի մոտ է Չուկովսկու «Խավարասերը» («Тараканище»)։ Սյուժեն երևի հիշում եք․ որտեղից-որտեղ հայտնված ինչ-որ խավարասեր հավաքում է բոլոր կենդանիներին ու սպառնում, որ եթե իրեն չենթարկվեն՝ բոլորին կոչնչացնի, հետո պահանջում է, որ իրենց ձագերին բերեն՝ ինքը ուտի, կենդանիները լացուկոծ են բարձրացնում, բայց վախից ենթարկվում են․․․ մի խոսքով՝ վերջում ճնճղուկը գալիս և ուտում է խավարասերին։

Մեր քաղաքական դաշտում տիրող համատարած ճակատագրապաշտությունն իսկապես ապշեցնում է։ Հիմնական թեման Նիկոլի ամենազորությունն ու մեր բոլորիս անզորությունն է՝ «էս ի՞նչ ա բերում մեր գլխին», «լա՛վ, սրանից պրծնելու ձև չկա՞», «5 հազար տղայի գլուխ կերավ՝ էլի է ուզում», «Ղարաբաղը տվեց, հիմա էլ Սյունիքն է տալիս», «ու այ կտեսնեք՝ հաստատ տալու է», «2026-ին էլ էլի ինքն է անցնելու», և այլն։ Այսինքն՝ ստացվում է, որ մի հոգի կարող է որոշել ու մեր երկրի տարածքի մի մասը հանձնել (կամ «արտապատվիրակել»), ու 3 միլիոն մարդ ոչինչ չի՞ կարող անել։

Նիկոլ Փաշինյանը հերթական ընտրություններով իշխանությունը պահպանել կարող է միայն մի դեպքում՝ եթե ընդդիմությունն ավելի վատը լինի, քան իր այսօրվա թիմն է։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի հիմնական պրոբլեմը ոչ այնքան իշխանությունների, որքան ընդդիմության որակն է։ Ունենանք լավ ընդդիմություն՝ կազատվենք այսօրվա պատուհասներից ու հետագայում նրանց բերելիք նոր փորձանքներից, կունենանք վատ ընդդիմություն՝ աղետները կշարունակվեն։ Չստացվե՞ց, որ պետության ապագայի համար կարևորը ոչ այնքան իշխանությունների, որքան ընդդիմության որակն է։ Բայց մեր հասարակությունը, ցավոք, և՛ իշխանություններ ընտրելու հարցում է սխալվում, և՛ ընդդիմություն ընտրելու։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ գործում է նույն սխալները։ Կամ իշխանությունների հեքիաթներին է հավատում («խաղաղության խաչմերուկը կբացվի, ռուսներին ռադ կանենք ու Արևմուտքի օգնությամբ երջանիկ կապրենք»), կամ ընդդիմության («սրանց ռադ կանենք, ռուսների հետ կհաշտվենք ու նրանց օգնությամբ Ղարաբաղը հետ կբերենք, Ալիևի պորտն էլ տեղը կդնենք»)։ Մինչդեռ հեքիաթներին հավատալ չի կարելի՝ անկախ դրանց բովանդակությունից։ Անգամ անձնավորված մոտեցումներն են նույնական։ Հասարակության իշխանամետ հատվածն ասում է «զատո՞ էդ Ռոբիկենք ու Սերժիկենք լեզուները համապատասխան տեղերն են կոխել, ափսոս՝ բանտերում չեն փտում», ընդդիմադիր հատվածն էլ ասում է՝ «երանի չմեռնենք՝ Նիկոլին ու իրա համբալ հաբռգածներին գաղութներում տեսնենք»։

Ի դեպ՝ այնպես չէ, որ ընդդիմությունն ընդհանրապես չի աշխատում։ Բայց՝ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես Չուկովսկու հեքիաթի կենդանիներն էին պայքարում խավարասերի դեմ։ Իսկ այնտեղ խեցգետինները, օրինակ, գոռգոռում էին, որ իրենք խավարասերից չեն վախենում, իսկ հետո փախան, գետաձին խոստանում էր խավարասերի դեմ լավ պայքարողներին երկու գորտ նվիրել, և այլն։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Միայն թե չասեք՝ ինչպե՞ս կարելի է օրինականորեն ընտրված վարչապետին համեմատել մանկական հեքիաթի խավարասերի հետ։ Իսկ մենք չենք էլ համեմատում։ Պարզապես երկու դեպքում էլ «ներքաղաքական պայքարի մեթոդները» հիմնված են խաբեության և սպառնալիքի վրա, ու երկու դեպքում էլ «հերոսների» ամենազորության հիմքում շրջապատի վախն է։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   261 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ