Եթե շատ կարճ՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական ասելիքը սա էր․ «Մինչև հիմա ինչ արել եմ՝ լավ եմ արել, էլի եմ անելու, միջանցքը տալու եմ, անեծքից չեմ վախենում, պատմության դատաստանից չեմ վախենում, ոչ մի բանից չեմ վախենում, ով իմ դեմ պայքարի ելավ՝ բոլորին բանտերն եմ լցնելու, 2026-ի ընտրություններին էլ մասնակցելու եմ «Ապագան այսօր է» կարգախոսով ու հաղթելու եմ, ուզում եք՝ գնացեք գլուխներդ պատերով տվեք»։ Մնացածը սեթևեթանքներ էին՝ և՛ իբր շատ համարձակ հարցերը («ժամանակին գրեչկա ու մածուն էիք ուտում» և այլն), և՛ ի պատասխան արտասանված սաղմոսները։
Քաղաքական հակառակորդների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հիմնական առավելությունը հենց սա է՝ մարդը կարճ-կոնկրետ-հստակ ասում է, թե ինչ է անում ու հետո ինչ է անելու։ Իսկ ահա ընդդիմության պատասխանը, որպես կանոն, լինում է այդ «ինչ անել»-ը երկար-բարակ քննադատելն ու հայհոյելը։ Այլ կերպ ասած՝ ասում են «ղալաթ ես անում», բայց կարճ-կոնկրետ չեն ասում, թե իշխանության գալու դեպքում իրենք ի՞նչ են անելու։ Էդ «ազգադավ», «թրքահպատակ», «հողատու», «սրբապիղծ», «յանը տարած» և մյուս բնորոշումները հասկացանք, բա հետո՞։ Բոլորն էլ իրենց խոհանոցներում կամ սոցկայքերում մոտավորապես նույն բաներն են ասում, բայց քաղաքական ուժերը պիտի իրենց պահվածքով գոնե մի քիչ տարբերվե՞ն շարքային քաղաքացիներից, թե՞ ոչ։ Թե չէ՝ ո՞վ չգիտի, որ Նիկոլ Փաշինյանին ոչ Եկեղեցու մաքրությունն է հետաքրքրում, ոչ ՀԷՑ-ի արդյունավետությունը, ոչ Հայաստանի ինքնիշխանությունը, նրան միայն իր իշխանությունն է հետաքրքրում, ո՛ր կողմից վտանգ է տեսնում՝ «փափախը քաշում է աչքերին» ու հարձակվում։ Բնականաբար՝ վախից։ Անընդհատ որևէ բանից չվախենալու մասին խոսելը հենց վախի նշան է։
Եվ ընդհանրապես՝ Հայաստանում քաղաքական գործընթացներն առավելապես վախի վրա են հիմնված։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը վախեցնում է նոր պատերազմով՝ «եթե իմ փոխարեն ուրիշ իշխանություն լինի, կամ ես պահանջված զիջումները չանեմ՝ անմիջապես նոր պատերազմ կսկսվի», և այդ վախը լավ էլ աշխատում է, քաղաքական ուժերը վախենում են հստակ ծրագրեր ներկայացնել (կամ կդատապարտվեն սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձի հոդվածով, կամ «ռուսաստանյան գործակալներ» կհռչակվեն), խոշոր գործարարները վախենում են ծպտուն հանել՝ ունեցած-չունեցած բիզնեսները կխլեն, դատավոր-դատախազ-գեներալներից մինչև շարքային պարեկ վախենում են որևէ հարցում հակառակվել հրահանգներին, որովհետև կդատվեն, անգամ պետական հիմնարկների շարքային աշխատողներն են վախենում զրկվել իրենց օրական կես կտոր ցամաք հացից, և այսպես շարունակ։ Իսկ ինչպե՞ս է կոչվում մարդկանց վախ ներշնչելն ու բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի ներքո որոշակի վարք պարտադրելը։ Ճիշտ է, ահաբեկչություն։ Ահա և ստացվում է, որ ահաբեկված իշխանություններն իրենց հերթին ահաբեկում են բոլորին, ու ամբողջ քաղաքական համակարգը հիմնված է փոխադարձ ահաբեկչության վրա։
Ի դեպ՝ վաղուց հայտնի է, որ վախի հիմնական պատճառն անորոշությունն է, վախը հաղթահարելու լավագույն ձևը՝ որոշակիությունը։ Հավատացնում ենք՝ եթե քաղաքական ուժերը կարճ-կոնկրետ-հստակ ծրագիր ներկայացնեն՝ վախը կվերանա։ Ու դրանով իսկ կվերանա Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական հաղթաթուղթը։
Մարկ Նշանյան