...

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր վարչապետի» ապագան

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր վարչապետի» ապագան

Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ անհեթեթություններ է դուրս տալիս, ու դա անմիջապես առնվազն մեկ-երկու օրով դառնում է «ներքաղաքական օրակարգի» կարևորագույն թեման։ Իրականում այդ գրառումները հետաքրքիր են այնքանով, որ բացահայտում են «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր վարչապետի» հոգեվիճակն ու այն, թե ինչ է նա մտածում ժողովրդի մասին։ Օրինակ՝ Վարդավառի տոնախմբությունները նա ներկայացնում է որպես իր իշխանության նկատմամբ հանրային աջակցության ապացույց, իբր՝ տեսեք, ոչ մի ատելություն ու լարվածություն էլ չկա, մարդիկ երջանիկ են, ապագան արդեն եկել է, և այլն։

Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, իր ասած «աննախադեպ» Վարդավառն իսկապես էլ ժողովրդի մեծ մասի՝ իր բերած ապագայով հիացած լինելու վկայությունն է։ Այդ դեպքում ստացվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ անզուսպ ուրախության էին տրվել, որովհետև երջանիկ են, որ 5 հազար զոհ ենք տվել, որ Արցախը չկա, Հայաստանի ինքնիշխանության վզին կապված թոկը չկա, ամեն օր համազգային նվաստացման ենք ենթարկվում, Սյունիքը վտանգված է, և այլն։ Այ երբ այդ ամենը դեռ տեղի չէր ունեցել՝ մարդիկ այսքան երջանիկ չէին ու այս մասշտաբներով չէին տոնում Վարդավառը, իսկ հիմա՝ խնդրեմ, ապացույցներն ակնհայտ են։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրականում մեր ժողովուրդը միշտ էլ երազել է «պրծնել» Արցախից ու հանգիստ վայելել կյանքը, պարզապես միայն իրե՛ն է հաջողվել իրականացնել այդ երազանքը։ Հասկացա՞ք։ Ինքը հո ինքնագլուխ չի՞ կործանել Արցախը, դա ժողովրդի ցանկությունն է եղել։

Իսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք կպնդեն, որ «աննախադեպ Վարդավառը» կապ չունի Նիկոլի բերած արհավիրքների հետ՝ իշխանությունները դրա պատասխանն է՛լ ունեն․ «բա մենք էլ է՛դ ենք ասում, որ ժողովրդին ոչ Արցախն է հետաքրքրում, ոչ հազարավոր զոհերը, ոչ ՀՀ տարածքների օկուպացիան, դա հետաքրքրում է ընդամենը փսևդոէլիտար մի խմբակի»։ Մի խոսքով՝ «կովն իր համար հանգիստ արածում է, իսկ հորթին երեկ են մորթել»։ Սա՛ է Նիկոլի ու նրա ուսապարկերի իրական կարծիքը ժողովրդի մասին։ Նույն հաջողությամբ, օրինակ, լակած վիրաբույժը կարող է անդամահատել կույրաղիքի թեթև նոպայով իր մոտ բերված հիվանդի երկու ոտքերը, իսկ օրեր անց, երբ հարազատները ծննդյան օրվա առթիվ տորթ բերեն իրենց աղետյալ հիվանդին, թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել հիվանդասենյակ ու հռհռալով ասել «հա, բայց ի՞նչ ա պատահել, իրանց համար երջանիկ նստած՝ տորթ են ուտում, նայում եմ նրանց կերած տորթին ու ինքս ինձ հարց տալիս՝ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը»։

Ի դեպ՝ լարվածության և ապատիայի մասին։ Եթե Նիկոլ Փաշինյանը չգիտեր, թե որտեղ են դրանք՝ կարող էր փորձել առանց թիկնապահների մտնել ցանկացած երևանյան բակ և մասնակցել «իր բերած ապագայով հիացած» մարդկանց ջրոցիին։ Հավատացնում ենք՝ նրա գլխին լցրած հեղուկի ընդհանուր ծավալի կեսից ավելին կամ ծծմբական թթու կլիներ, կամ «ժավելի սպիրտ», իսկ ջրոցիի համար նախատեսված դույլերը կկիրառվեին այլ նպատակներով։ Ընդ որում ՝ առանց որևէ «փսևդոէլիտար խմբակի» հրահրման։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ