...

Ո՞ւմ տված մանդատով է Նիկոլը գնում Վաշինգտոն

Ո՞ւմ տված մանդատով է Նիկոլը գնում Վաշինգտոն

Հայ հասարակությունը շունչը պահած սպասում է Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին՝ «կտա՞, թե՞ չի տա»։ Խոսքը, հասկանալի է, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Հայաստանի համար սա իսկապես կարևորագույն հարց է, որովհետև դրանից է կախված լինելու մեր պետության ապագան առնվազն մոտակա տասնամյակներում, ընդ որում՝ ընդհանուր պատկերը բավականին պարզ է։ ԱՄՆ-ը ցանկանում է ինքը վերահսկել այդ միջանցքը կամ ճանապարհը, Ադրբեջանը պնդում է, որ այդ ճանապարհին «հայի երես չպիտի տեսնի», բայց միաժամանակ հայտարարում է, որ ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածում ոչ մեկը «ադրբեջանցիներից բացի ուրիշի երեսը չի տեսնելու», Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ կարմիր գծերից է խոսում, բայց դեմ չէ ճանապարհի կամ միջանցքի ենթակառուցվածքների սպասարկումն «արտապատվիրակել» որևէ մասնավոր ընկերության։ Մի խոսքով՝ եթե Թրամփը պարտադրի միջանցքի բացում ադրբեջանական տարբերակով, դա կնշանակի, որ ով ասես կարողանալու է օգտվել մեր երկրի տարածքով անցնող ճանապարհից, բացի մեզանից։ Այլ կերպ ասած՝ մենք մեր ունեցածը տալու ենք ու փոխարենը ոչինչ չենք ստանալու։ Ավելի ճիշտ՝ ստանալու ենք միայն այն, որ միջանցքն ուժով բացելու սպառնալիքը ժամանակավորապես չեզոքացվելու է։ Իսկ ահա Հայաստանի փաստացի շրջափակումն ավելի է խորանալու, որովհետև հայ-իրանական կապերը որոշակիորեն բարդանալու են։

Իսկ մենք «տալո՞ւ է, թե՞ չի տալու» ճակատագրապաշտական սպասումների փոխարեն ընդամենը երկու հարց տանք։ Առաջին՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին լիազորել միանձնյա որոշում կայացնել կարևորագույն այդ հարցի վերաբերյալ։ Ի վերջո՝ նա իր մանդատը ստացել է 2021-ի ընտրությունների արդյունքում, իսկ այն ժամանակ ոչ «միջանցքի» թեմա կար, ոչ էլ «արտապատվիրակման»։ Եվ երկրորդ՝ իսկ ո՞րն է մեր հասարակության և առաջին հերթին քաղաքական դաշտի պատվիրանը Նիկոլ Փաշինյանին՝ վաշինգտոնյան հանդիպումից առաջ։ Ընդհանրապես՝ կա՞ այդպիսի պատվիրան, թե՞ քաղաքական դաշտն առայժմ ընդամենը ծաղրում է «արտապատվիրակումն» ու շունչը պահած սպասում Նիկոլի «տալուն», որ նոր թափով բողոքի ալիք բարձրացնի նրա դեմ։ 

Վերջին հաշվով՝ Վաշինգտոնում կարևոր հարց է լուծվելու, կարող էին, չէ՞, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հեղինակություն ունեցող անհատները հավաքվել իրար գլխի և, օրինակ, այսպիսի պատվիրան հղել Նիկոլ Փաշինյանին՝ «լսի՛, ա՛յ․․․ մեծարգո վարչապետ, ուրեմն՝ մեր հանձնարարականը հետևյալն է․ եթե այդ ճանապարհի բացման հարցում թեկուզ մի թեթև կասկածի տակ է դրվելու մեր ինքնիշխանությունը և ոչ մի ծանրակշիռ երաշխիք չի լինելու, որ Հայաստանի շրջափակումը վերացվելու է, մենք քեզ արգելում ենք փաստաթուղթ ստորագրել, իսկ եթե ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներն իսկապես պահպանվելու են՝ մենք միայն կողջունենք այդպիսի փաստաթղթի ստորագրումը»։ Նման հրապարակային ուղերձը, հավատացնում ենք, միաժամանակ և՛ թույլ չէր տա, որ Նիկոլ Փաշինյանը խելքին փչածն անի, և՛ որոշակիորեն կամրապնդեր նրա դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև նրան հնարավորություն կտար ասելու «գիտե՞ք, ես ինքնագլուխ չեմ, ես հստակ հանձնարարություն ունեմ իմ ժողովրդից ու դա ոտնահարել չեմ կարող»։

Բայց՝ ունենք այն, ինչ ունենք։ «Ազգովի» սպասում ենք, թե ինչ նոր փորձանք է բերելու պատուհասը, որպեսզի հետին թվով խղճանք ինքներս մեզ՝ նման իշխանություններ ունենալու համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   360 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ