...

Քաղաքական ճահիճը դարձյալ պղտորվեց

Քաղաքական ճահիճը դարձյալ պղտորվեց

Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք էր հայտնել, որ արտաքին հարաբերությունների բնագավառում մեր դիրքերն ամրապնդելու համար անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն ապահովել, իսկ դրա լավագույն ձևն այն կլինի, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Եկեղեցու դեմ արշավն ու ազատ արձակի քաղբանտարկյալներին։ Նիկոլական «նեղ կռուգի» վայրահաչոցները, իհարկե, միանգամայն կանխատեսելի էին։ Որևէ այլ բան ակնկալելն անիմաստ էր, որովհետև հայկական ասացվածք կա, չէ՞, «էշին էշի կողքը կապես՝ կամ զռռալը կսովորի, կամ քացի տալը»։ 

Շատ ավելի տհաճ էին կեղծ օբյեկտիվության դիրքերից կոկետաբար Նիկոլին պաշտպանողների արձագանքները՝ իբր հիմնադիր նախագահը որպես ի՞նչ է նման բան գրել, երկրում ոչ մի ներքաղաքական ճգնաժամ էլ չկա, ամեն ինչ նորմալ է։ Իյա, իրո՞ք։

Տեր-Պետրոսյանի գրության մեջ, ի դեպ, «ներքաղաքական ճգնաժամ» բառակապակցություն ընդհանրապես չկար։ Բայց նորմա՞լ է, որ վերջին հարցումներով ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն իրեն համարում է երկրի միակ տեր ու տիրականը և ժամանակ առ ժամանակ, հիստերիկ նոպաների մեջ ընկնելով, անհեթեթ կարգախոսներ հորինում՝ «Վեհարանը վեհի՛», «Տաշիրը տաշի՛», «ՀԷՑ-ը հեծի՛» կամ «Դալման դոմփի՛» տրամաբանությամբ, իրավապահներն ու ուժայիններն էլ ամեն հիստերիկ նոպայից հետո վազում են նրա մառազմատիկ հրամանները կատարելու։ Նորմա՞լ է, որ ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն իր քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով բանտերն է լցնում ու աշխատանքային օրը սկսում Աստվածաշնչում կամ համացանցում քուջուջ անելով, որպեսզի համապատասխան տողեր գտնի՝ իրենից բացի բոլորին «չարիք» անվանելու համար։ 

Եվ ընդհանրապես՝ նորմա՞լ է, որ խորհրդարանական հանրապետությունում, որտեղ ընտրություններին մասնակցել կարող են միայն կուսակցությունները, հասարակության երկու երրորդը չի վստահում բացարձակապես ոչ մի կուսակցության։ Իսկ ինչո՞ւ չի վստահում։ Որովհետև եթե, օրինակ, Արհեստական բանականությանը հանձնարարես մեկ-երկու ամիս հետևել ներհայաստանյան քաղաքական անցուդարձին ու կարճ ամփոփագիր ներկայացնել, պատասխանը կլինի մոտավորապես այսպիսին․ «Հայաստանի ներքաղաքական դաշտում միմյանց դեմ պայքարում են դավաճան, ստախոս, կոռումպացված և բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունները, նախկինում երկիրը թալանած և միլիարդներ կուտակած հանցագործները, տեռորիստ-ազգայնականները, օլիգարխիկ կյանքով ապրող սրբապիղծ եպիսկոպոսները, Արևմուտքի փողերով Հայաստանը ներսից քանդողները, Հայաստանը գուբերնիա դարձնելու պատրաստ ռուսական լրտեսները և այլն»։ Ուշադրություն դարձրեք՝ առանց բացառության բոլորի համար քրեական հոդվածներ են նախատեսված։ Եվ այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է պնդել, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չկա՞։ Բա ճգնաժամը հո պոզով-պոչով կենդանի չէ՞ (ինչպես ժամանակին կոռուպցիայի մասին ասում էր մեկը, ով հետագայում պիտի ապացուցեր՝ ճիշտ է ասում, կոռուպցիան ոչ թե պոզով-պոչով է լինում, այլ մարդկային դեմքով, որը երբեմն կարող է մորուք պահել, երբեմն՝ սափրվել, մեկ-մեկ՝ կեպի դնել, և այլն)։

Հասկանալի է, չէ՞, որ այս «գազանանոցում» հնչած ցանկացած նորմալ միտք պիտի թիրախավորվի առաջին հերթին իշխանությունների կողմից, որովհետև ճգնաժամի առկայության ընդունումն ինքնին ենթադրում է դրա հաղթահարման ուղղությամբ կոնկրետ քայլեր։ Ինչ վերաբերում է կեղծ օբյեկտիվության դիրքերից Նիկոլին կոկետաբար աջակցողներին, ապա դա անիմաստ է։ Եթե արդեն իսկ հայտնվել եք հասարակաց տան հաստիքացուցակում՝ բարի եղեք դեն նետել բարեպաշտության դիմակը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   295 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ