...

Հաջորդ «պողպատե մանդատի» փողն են հավաքում

Հաջորդ «պողպատե մանդատի» փողն են հավաքում

Եվ այսպես, Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց «փողով բանակից ազատվելու» օրենքը։ Պարզ ասած՝ 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանում ժամկետային ծառայությունն այլևս պարտադիր չէ, ավելի ճիշտ՝ պարտադիր է միայն նրանց համար, ովքեր այդ 37 հազար դոլարը չունեն, իսկ ովքեր ունեն՝ նրանց համար կամավոր է․ իրե՛նք կորոշեն՝ վճարե՞լ, թե՞ ծառայել։ Ընդ որում՝ նիկոլական իշխանությունները «ճկուն գնային քաղաքականություն» են մշակել ու նաև միջանկյալ տարբերակների հնարավորություն են տալիս․ կարելի է մի մասը վճարել ու ավելի քիչ ծառայել։ 

Դժվար է ասել՝ այս օրենքը որևէ կապ ունի՞ Ալիևի՝ ՀՀ զինված ուժերը սահմանափակելու պահանջի հետ, թե ոչ, բայց գործնականում այս «սկզբունքային բարեփոխումը» ոչ այնքան բանակի մասին է, որքան արտագաղթի խթանման։ Բանն այն է, որ օրենքը վերաբերում է միայն 27 տարին լրացածներին, ու զինակոչային տարիքի տղա ունեցող ընտանիքները կանգնելու են շատ պարզ ընտրության առջև․ տղաներին ուղարկել կամ ծառայության, կամ «խոպան»՝ այն վստահությամբ, որ ոնց էլ լինի՝ 10 տարում, մինչև 27 տարին լրանալը կհաջողացնեն 37 հազար դոլար «հետ գցել»։ Ու հավատացնում ենք՝ ընտանիքների առնվազն կեսն ընտրելու է երկրորդ տարբերակը։ Առավել ևս, որ Հայաստանում կյանքն օրեցօր բարդանում է, իսկ խոպանչի ջահելները դրսերում հաստատ մի բան էլ ավել «հետ կգցեն» ու կօգնեն իրենց ընտանիքներին։ Այդպիսով նիկոլական իշխանությունները միանգամից երկու հարց կլուծեն։ Համ Ադրբեջանի անուղղակի պահանջները կկատարեն, համ էլ ահագին փող կմտնի բյուջե։ 

Իսկ ինչո՞ւ է նիկոլական իշխանությունների համար փողն այդքան կարևոր։ Խնդիրը միայն պաթոլոգիկ փողասիրությունը չէ՝ դա հատուկ է «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» բնորոշմանը համապատասխանող բոլոր առանձնյակներին։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունների համար փողը ոչ միայն գերնպատակ է, այլև սեփական իշխանությունը պահպանելու թերևս միակ միջոցը։ Այդ իշխանությունը նրանք պահպանում են բացառապես սոցիալական պոպուլիզմի շնորհիվ, բայց քանի որ ժողովրդին միայն խոստումներով կերակրելն անհնար է՝ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում նաև ինչ-որ «փայ» տալ, իսկ դա բավականին ծախսատար է։ Ինչպե՞ս են նրանք արդարանում Արցախի կորստի ու կապիտուլյացիայի համար։ Ճիշտ է, «զատո խաղաղություն կլինի, ճանապարհները կբացվեն, բոլորս ավելի լավ կապրենք»։ Ինչպե՞ս են արդարացնում հարկային տեռորն ու համատարած թանկացումները։ Ճիշտ է, «բա ձեր կարծիքով էս աշխատավարձերն ու թոշակներն ինչի՞ հաշվին ենք բարձրացնում»։ Ինչո՞վ են արդարացնում «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ իրականացվող սեփականության վերաբաշխումը։ Ճիշտ է, «թալանը կոպեկ-կոպեկ հետ ենք բերում, բա էդքան ճանապարհները, էդքան դպրոցները՝ կախիչով-դուշով-բանով, ինչո՞վ ենք սարքում»։ 

Զուգահեռաբար, հասկանալի է, ծաղրուծանակի է ենթարկվում ցանկացած արժեք՝ «կուշտ փորով հաց ուտելուց» բացի, հայրենասիրության միակ չափանիշ է հռչակվում հարկերը վճարելը, հերոսության միակ չափանիշ՝ ՀԴՄ կտրոն չտվողի մասին իրավապահներին «ծանուցելը», իսկ այդ «արժեհամակարգերով» առաջնորդվող խալխի ձայներով իշխանություն պահպանելու համար պետք է գոնե «կուշտ փորով հաց ուտելու» իմիտացիա ստեղծել։ 

Այնպես որ՝ բյուջեն լցնելու մոլուցքը շատ կոնկրետ պատճառներ ունի։ Եվ որևէ նշանակություն չունի՝ բյուջեն լցնում են դասալիքների՞, կարմիր գծերի՞, կոռուպցիոն սխեմաներով թենիսի կորտեր վաճառելո՞ւ, թե՞, ասենք, Բաքու-Նախիջևան թռիչքների համար ՀՀ օդային տարածքը «հարմար գներով» տրամադրելու հաշվին։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ