...

«Իրական Հայաստանը» ոչ իրական է լինելու, ոչ Հայաստան

«Իրական Հայաստանը» ոչ իրական է լինելու, ոչ Հայաստան

Նույնիսկ ընդդիմությունն է ընդունում, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժն է, և դա շատերին է շոկի ենթարկում։ Լավ, ինչպե՞ս կարող է մեկը պատերազմ ու աղետ բերել սեփական երկրին, պարտվել պատերազմում, ընդունել թշնամու բոլոր նվաստացուցիչ պահանջները և այդքանից հետո ունենալ ամենաբարձր վարկանիշը։ 

Պատճառն այն չէ, որ նա ճարտար լեզու ունի ու վարպետորեն է խաբում։ Ընդդիմության համար այս բացատրությունը գուցե ամենահարմարն է, բայց հնարավոր չէ երրորդ անգամ խաբել ժողովրդին։ Պատճառն այն է, որ նա ապագա Հայաստանի շատ կոնկրետ մոդել է առաջարկում, և հարյուր հազարավոր մարդիկ հաշտ են այդ մոդելի հետ։ Ընդ որում՝ մի մասը վախից է հաշտ, որովհետև համարում է, որ հակառակ դեպքում նոր պատերազմ կլինի, մյուս մասն էլ հաշտ է, որովհետև այդ մոդելն իրեն իսկապես դուր է գալիս։

Իսկ ի՞նչ մոդելի մասին է խոսքը։ Փորձենք ներկայացնել՝ առանց էմոցիաների և ծայրահեղ գնահատականների։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանը» (ի դեպ, Մակրոնը դա «երազանքի Հայաստան» անվանեց) լինելու է մոտավորապես այսպիսի պետություն․ մենք մեր Սահմանադրությունը փոխելու ենք, մեր պատմությունն ու հիշողությունը խմբագրելու ենք, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր է ստորագրվելու, որից հետո ճանապարհները բացվելու են, տնտեսությունը զարգանալու է, Ռուսաստանից կախվածությունն ու ռուսական ազդեցությունն էապես նվազելու են, Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, Սյունիքով միջանցքը տալու ենք և այդպիսով ազատվելու ենք այդ «գլխացավանքից», բայց՝ այնպես, որ պաշտոնապես դա համարվի ՀՀ տարածք, հետագայում էլ առանձնապես դեմ չենք լինի, եթե ադրբեջանցիները վերադառնան իրենց նախկին բնակության տարածքները՝ պայմանով, իհարկե, որ ՀՀ քաղաքացիություն ընդունեն։ 

Այո, Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ հաշտ են այս ապագայի հետ։ Համարում են, որ «եղածը եղած է», իսկ պատմական հիշողությունը մեր գլխին միայն փորձանքներ է բերել, համարում են, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվեն՝ Իրանի հետ անխոչընդոտ սահմանը «մեզ հազար տարի պետք չի» (դրա պատճառով մեր երկիրը կռվախնձոր է դարձել), համարում են, որ ադրբեջանցիների վերադարձը մեծ պրոբլեմ չէ (երկար տարիներ կողք կողքի նորմալ ապրել ենք, բացի այդ էլ՝ դա միանգամից չի լինի, իսկ 300 հազարը խիստ ուռճացված թիվ է), և այլն։ Միայն թե չասեք՝ հարյուր հազարավոր մարդիկ չեն հասկանում այս «տեսլականը» և չհասկանալո՛վ են հաշտ դրա հետ։ Լավ էլ հասկանում են։ Ինչ է, չե՞ն հասկանում, որ Սահմանադրությունից ու Արարատից հրաժարվում ենք թուրք-ադրբեջանական պահանջով, չե՞ն հասկանում, որ ԹՐԻՓՓ-ը մոտավորապես նույն «Զանգեզուրի միջանցքն» է՝ ավելի ակնահաճո փաթեթավորմամբ, չե՞ն հասկանում, որ սեպտեմբերի 1-ից Հայաստանում 218 գյուղական դպրոցներ են փակվելու, որպեսզի տարիների ընթացքում գյուղերը դատարկվեն, և ադրբեջանցիները վերադառնալու տեղ ունենան։ Իհարկե հասկանում են։ Եվ հասկանալով՝ համարում են, որ այդպիսով մենք կդառնանք ինքնիշխան երկիր, իսկ այլընտրանքը «ռսի սապոգն» է։

Մեծ հաշվով՝ այսպիսի իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այդպես էլ որևէ քաղաքական ուժ չկարողացավ հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ հնարավոր է խուսափել հակառուսական պլացդարմ դառնալուց՝ առանց ռուսական ֆորպոստի կարգավիճակին վերադառնալու։ Չկարողացավ ու չի էլ կարողանալու, որովհետև խանգարողները շատ են։ Արևմուտքը խանգարում է, որովհետև իրենց «հակառուսական պլացդարմ» է պետք, Մոսկվան խանգարում է, որովհետև իրենց «ռուսական ֆորպոստ» է պետք․․․ 

Դրա համար էլ, ի դեպ, Արևմուտքի վերաբերմունքը ՀԱԿ-ի նկատմամբ ընդգծված սառն է, պրոռուսական ուժերն էլ չհամարձակվեցին համագործակցել նույն ՀԱԿ-ի հետ։ Բայց սա արդեն այլ պատմություն է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   221 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ