...

Տե՛ր կանգնիր «թուլանալու և հաճույք ստանալու» քո իրավունքին

Տե՛ր կանգնիր «թուլանալու և հաճույք ստանալու» քո իրավունքին

Քաղաքական ուժերի մեծ թվով մի՛ խաբվեք, հունիսի 7-ին մարդիկ ընտրելու են ընդամենը երկու տարբերակների միջև․ դիմադրե՞լ, թե՞ «թուլանալ և հաճույք ստանալ»։ Մի կողմում թուլանալու և հաճույք ստանալու կողմնակից ՔՊ-ն է, մյուս կողմում՝ դիմադրելու կողմնակից ուժերը։

Բայց թուլանալու և հաճույք ստանալու քարոզչությամբ ընտրություններում հաղթելն այնքան էլ հեշտ ու միանգամից չի ստացվում, դրա համար պետք էր ժողովրդին անցկացնել քարոզչական երեք էտապներով։ Առաջին՝ համոզել, որ բռնաբարությունը կանխորոշված էր, և դրանից խուսափելու ոչ մի հնարավորություն չկար, երկրորդ՝ համոզել, որ դա այնքան էլ բռնաբարություն չէ, և դա անողն այդպես վարվելու լեգիտիմ իրավունք և բազմաթիվ արդարացումներ ունի, երրորդ՝ համոզել, որ դա իսկապես հաճելի է։ 

Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններին հաջորդած 5 տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել է այդ երեք էտապները։ 

1․ Քարոզել է, որ մեզ հետ տեղի ունեցածը վաղուց կանխորոշված էր, ինքը դրանում մեղավոր չէ, և իր փոխարեն ով էլ լիներ՝ արդյունքը նույնն էր լինելու։ Հիշո՞ւմ եք նրա հայտարարություններն այն մասին, որ «Ղարաբաղը հանձնվել է դեռևս 1991-ին, 1996-ին, 2001-ին, 2010-ին» և այլն։ Հիշո՞ւմ եք նրա դժգոհությունները «քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունից», նոմինալ դաշնակիցների անգործությունից, «10 տոկոսով կրակող Իսկանդերներից», հիշո՞ւմ եք նրա հոխորտանքները «դավաճան գեներալների», «թշնամական քարոզչություն իրականացնող նախկինների» ու «11 հազար դասալիքների» մասին։ 

2․ Սկսել է հիմնավորել, որ Ադրբեջանն ինչ անում է՝ ճիշտ է անում։ Նախ՝ 2022-ին Պրահայում պաշտոնապես տվել է այդ իրավունքը, հետո սկսել է արդարացնել ՀՀ տարածքների օկուպացիան՝ հայտարարելով, թե «30 տարի էլ մենք էինք իրենց տարածքներն օկուպացրել», հետո հայտարարել է, որ մեծ հաշվով՝ ղարաբաղյան հակամարտության մեղավորն ու ագրեսորը մենք ենք, որովհետև այդ շարժումն արկածախնդրություն էր։ Այսինքն՝ մեզ հետ տեղի ունեցողը ոչ թե «բռնաբարության ակտ» է, այլ մեր արածների «արժանի պատասխանը»։

3․ Սկսել է այդ ակտից ստացվող հաճույքի անթաքույց գովազդը։ Այստեղից էլ՝ տոնախմբությունները, «ֆեստիվառները», քեֆ-ուրախության տեսարանները, «արդեն իսկ հաստատված» խաղաղության փառաբանումը, և այլն։

Հինգ տարի շարունակվող այս ագրեսիվ քարոզչությունը, բնականաբար, տվել է իր արդյունքը։ Հարյուր հազարավոր մարդիկ իրենց մեջ արդեն իսկ կայացրել են «թուլանալու և հաճույք ստանալու» որոշումը։ Իսկ եթե որոշումն արդեն կայացրել են՝ բնականաբար, «Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական ինտեգրումը» կգնահատեն որպես «հնարավորությունների պատուհան», 300 հազար ադրբեջանցիների վերադարձը՝ «Հայաստանի դեմոգրաֆիական պրոբլեմների հաղթահարման հնարավորություն», Մեղրիով «անխոչընդոտ անցումը»՝ որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, սահմանամերձ գյուղերի դատարկումը՝ որպես «Սևանա լճի կեսի չափ տարածքի վրա Սինգապուրի նման բարգավաճ երկիր կառուցելու շանս», և այլն։ Ու շնորհակալ կլինեն Նիկոլից, որ իրենց այդ «հաճույքները» վայելելու հնարավորություն է տվել։ Զուգահեռաբար էլ թշնամանքով կնայեն ցանկացած մեկին, ով դիմադրելու կողմնակից է ու իր այդ կեցվածքով «հարամում է» իրենց հաճույքը։ Այնպես, ինչպես խոզ խանձող ու արդեն կիսալակած քեֆչիներին է նյարդայնացնում հարևանի սոված երեխայի լացը կամ պանիխիդայի սգո երաժշտությունը։

Ինչ վերաբերում է դիմադրելու կողմնակիցներին, որոնց թիվն ակնհայտորեն շատ ավելի մեծ է, ապա այստեղ արդեն միայն նման որոշում կայացնելը բավարար չէ։ Հաջորդ քայլով պետք է որոշել, թե հատկապես ո՛ր ուժը կամ առաջնորդը կարող է լավագույնս կազմակերպել այդ դիմադրությունը։ 

Բայց սա արդեն այլ խոսակցություն է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ