...

ՔՊ-ական քարոզչությունը՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս

ՔՊ-ական քարոզչությունը՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս

Այս օրերին ՔՊ-ական քարոզիչների և շարքային ադեկվատ հայ մարդկանց միջև տարբեր հարթակներում ընթացող հայհոյախառը լեզվակռվին հետևողներից շատերը դե-ժա-վյուի զգացողություն են ունենում։ Ինչո՞ւ։ Որովհետև տասնամյակներ շարունակ՝ մինչև 2020 թվականը, ականատես են եղել կամ անձամբ մասնակցել են նույնպիսի լեզվակռվիվների՝ ճիշտ և ճիշտ նույն բառապաշարով ու նույն փաստարկներով, պարզապես այն ժամանակ այդ հայհոյախառը լեզվակռիվն ընթանում էր հայերի ու ադրբեջանցիների միջև։ Ու կապ չունի՝ այդ լեզվակռիվը հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ որևէ ֆորումի կամ սեմինարի կուլիսներո՞ւմ էր, մոսկովյան որևէ շենքի բակո՞ւմ, թե՞ ֆեյսբուքում։ Ասելիքն ու փաստարկները նույնն էին՝ հայերն ասում էին, որ Ղարաբաղը միշտ հայկական է եղել ու հայկական էլ պիտի մնա՝ վկա պատմությունն ու հազարավոր հուշարձանները, որ ադրբեջանցիներն են սումգայիթյան ջարդեր կազմակերպել, և այլն։ Ադրբեջանցիներն էլ ասում էին՝ Ղարաբաղը միշտ եղել է ադրբեջանական, հայերը եկվորներ են, ղարաբաղցիները տեռորիստներ են, վախկոտ-դասալիքներ, ադրբեջանական պատմական հուշարձաններն ավերողներ, գերեզմանները քանդողներ, դիակների ոսկե ատամները քաշողներ, և այսպես շարունակ։ 

Հիմա այս նույն հայհոյախառը լեզվակռիվը Հայաստանի ներսում է, ու միակ տարբերությունն այն է, որ ադրբեջանցիներին փոխարինել են ՔՊ-ական պաշտոնյաներն ու քարոզիչները, «բանավեճի» լեզուն էլ հայերենն է։ Վստահաբար՝ եթե սոցկայքերի այս լեզվակռիվն անգլերեն լիներ, և օգտատերերի անունները՝ փակ, ցանկացած կողմնակի ընթերցող հարյուր տոկոսով համոզված կլիներ, որ դա հայերի ու ադրբեջանցիների միջև հերթական «խլեշն» է։ Չնայած՝ ուշադիր ընթերցողն այնուամենայնիվ կնկատեր տարբերությունը (ադրբեջանցիներն ամեն դեպքում ղարաբաղյան բանակի հաղթանակած հրամանատարներին «տակները շռող» չէին անվանում, ինչպես դա անում են հայի անուն-ազգանունով ՔՊ-ական քարոզիչները)։

Ինչևէ։ Փաստն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով։ Լավ, հասկացանք, տեղի է ունեցել պատերազմ, այդ պատերազմում մենք պարտվել ենք ու ստիպված ենք համակերպվել որոշ իրողությունների հետ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Նիկոլն ու իր արսենթորոսյանակերպ զանգվածն իրենց պահում են ոչ թե որպես պարտված կողմի ներկայացուցիչներ, այլ որպես հաղթած պետության (Ադրբեջանի) խոսնակներ։ Ուշադիր լսեք, թե սրանք ինչ են ասում՝ «Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջան է եղել», «իրենց սուվերեն տարածքն է, ինչ ուզում՝ անում են», «բա լավ ա՞, որ հայերը 30 տարի իրենց տարածքներն օկուպացրել էին ու իրենց հուշարձաններն ավերում էին, հիմա էլ նույնը իրենք են անում», և այլն։ 

Հասկանալի է, չէ՞, տարբերությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացներ պատերազմում պարտված Հայաստանը՝ նա մոտավորապես այսպիսի մի բան կասեր․ «Ժողովուրդ ջան, դե հիմա մենք փորձեցինք պայքարել հանուն արդարության, բայց այսօրվա աշխարհում, ցավոք, արդարությունը տեղ չունի։ Ի՞նչ արած, թշնամին ուժեղ էր, ու մենք պարտվեցինք»։ Բայց նա չի ասում «պարտվեցինք, թեև մեր պայքարն արդար էր», նա ասում է «Ադրբեջանը հաղթեց, և դա արդար էր, որովհետև մենք էն գլխից սխալ էինք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել, մե՛նք էինք ապուշ, որ գնացինք արկածախնդրության, ու շնորհակալություն Ադրբեջանին, որ մեզ ոչ միայն բուժեց, այլև օգնեց կտրել մեր վզից կապած թոկը և դառնալ ինքնիշխան, հիմա էլ ցորենով-բենզինով-բանով է օգնում»։ Այսինքն՝ նա այս պատերազմի արդյունքներին նայում է ոչ թե հայաստանցու, այլ ադրբեջանցո՛ւ հայացքով։

Ի դեպ, հիբրիդային պատերազմի նպատակներից մեկն էլ հենց դա է՝ թշնամուն համոզել, որ նրա կրած պարտությունը ոչ միայն վերջնական է, այլև այդ ելքն արդարացի էր, հետևաբար՝ հետագա դիմադրության ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ է ունենալու, և դա նույնպես արդարացի է լինելու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   92 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ