...

Հասնել և անցնել Անգլիային

Հասնել և անցնել Անգլիային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստան - Ուելս հանդիպման տոմսերի գների բարձրացմանն ու դրան հետևած դժգոհություններին: Նշենք, որ խաղի տոմսերի գինը դարձրել են մինչև 16 հազար դրամ:

«Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսևորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: 

Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: 

Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: 

Կարելի է փաստել, որ մեծ հաշվով Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների որոշակի թանկացման վերաբերյալ դժգոհողներն առաջին հերթին վերավաճառողներն են»: 

«ՉԻ». ՀՖՖ-ն գնային քաղաքականության մեջ հետևյալ տրամաբանությամբ է գործել. քանի որ տոմսերը վերավաճառողների ձեռքն են ընկնում ու ավելի թանկ վաճառվում, հենա մենք կվերավաճառենք: 

Այսինքն՝ փոխանակ տոմսերի վաճառքն այնպես կազմակերպեն, որ բանը չհասնի վերավաճառողներին, պարզապես թանկացնում են: Չնայած ամբողջ աշխարհում վաղուց արդեն այնպիսի տեխնոլոգիաներ են ներդրել, որ տոմսերը միայն երկրպագուներին հասնի. տոմսերը անձնագրով են վաճառում, կոնկրետ մարդկանց, հետո խաղից առաջ, ստադիոն մտնելիս ստուգում են երկրպագուների տոմսերն ու անձնագրերը, կամ գնորդներին սահմանափակ թվով տոմս են վաճառում՝ 2-3 հատ, որ նույնիսկ վերավաճառելու դեպքում մեծ գումար չաշխատեն...

Մի խոսքով, վերավաճառքը բացառելու կամ նվազագույնի հասցնելու բազմաթիվ տարբերակներ կան, որոնք բոլորն էլ աշխատող են, արդյունավետ:

Բայց ինչի՞ այդքան գլուխ դնել. տոմսերի գները բարձրացնեն, պրծնեն: Ասում է՝ առաջինը վերավաճառողներն են դժգոհ: Դե որ այդպես է, տոմսի գինը դարձրեք 100 հազար դրամ, սպեկուլյանտները ինֆարկտից մեռնեն: 

Մի երկու հատ էլ այսպիսի գնային քաղաքականություն, հաջորդ խաղերին էլ մարդ չի գնա: Որովհետև տուժողը վերավաճառողը չի, այլ սովորական երկրպագուն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ