...

Հատվածներ ԱԽ մարտի 8-ի գաղտնի նիստից

Հատվածներ ԱԽ մարտի 8-ի գաղտնի նիստից

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Անվտանգության խորհրդի մարտի 8-ի փակ նիստի սղագրությունից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Ն․Փ․ - Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Ալեն, դու է՛լ նստի։ Նախ՝ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել մարտի 8-ի առթիվ․․․ Ի՞նչ եք մի ձևի նայում, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը մեր առաջնահերթությունը չի՞։ Ալեն, ասացի՝ նստի՛։ Օրակարգում ի՞նչ հարցեր կան։ Խաղաղության դարաշրջանի բացում, հանրային սննդի օբյեկտներում սեղաններին դրվելիք ատամի չոփիկների թույլատրելի հաստություն․․․ Լավ, էսօր մարտի 8 ա, բերեք առողջապահության նախարարին ազատենք զեկույցից։ Սուրո, դո՛ւ սկսի, ինչքան հիշում եմ՝ հլը դու ես, չէ՞, պաշտպանության նախարարը։

Սուրեն Պապիկյան - Այո, մեծարգո պարոն վարչապետ։ Նախ ասեմ, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մեր բարեկիրթ հարևանը մոտ մեկուկես ժամ ինտենսիվորեն դրական ազդակներ է հղել, ինչի արդյունքում․․․

Ն․Փ․ -Լավ, լավ, էս տոնական օրով արդյունքների մասին չխոսենք։ Խաղաղության դարաշրջա՞նը երբ ենք բացում։ Արո՛, զեկուցի՛։

Արարատ Միրզոյան - Բայց ես ի՞նչ կապ ունեմ, պարոն վարչապետ, «Խաղաղության դարաշրջան» կոչվող արձանով քաղաքապետարանն է զբաղվում։ Բայց կարմիր ժապավենն ու մկրատը պատրաստ են, հենց որ արձանն էլ պատրաստ լինի՝ կգնաք կբացեք։

Ն․Փ․ - Լավ։ Ալե՛ն, հեռախոսդ անջատի։

Ալեն Սիմոնյան - Մի րոպե, էլի, մեծարգո պարոն վարչապետ, նախագահականից մի քանի սենյակ վարձով տալու հայտարարություն էի տվել, ոնց որ թե կլիենտ ա կպնում։ Ալո՛, դա՛, դա՛, սլուշայու․․․ Կակո՞յ դառագոյ, սլուշայ, իզ ակնա տակոյ պրեկրասնիյ վիդ․․․

Ն․Փ․ - Ալեն, կա՛րճ կապի։ Անցանք առաջ։ ԱԱԾ պետը էսօր ո՞վ ա։ Արմե՞ն, հլը դու ե՞ս։ Լսի՛, կիրակի օրը ընկերներով մի տեղ լավ ինքնամեկուսացել էինք, հաջորդ առավոտ հեռուստացույցը միացրեցի, որ տեսնեմ՝ հո նոր հրամանագիր չե՞մ ստորագրել, մեկ էլ հանկարծ ի՞նչ լսեմ․ «․․․հաղորդել են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ․․․նախապես իմացել են պատերազմը սկսվելու կոնկրետ օրը․․․ երրորդ երկրներում գաղտնի հանդիպել են թշնամի երկրի ներկայացուցիչների հետ․․․»։ Էս չհասկացա, կարող ա՞ հեղաշրջում ես նախապատրաստում։

Արմեն Աբազյան - Չէ, էս ի՞նչ եք ասում, մեծարգո պարոն վարչապետ, մենք բոլորովին այլ մարդկանց նկատի ունեինք․․․ Համ էլ՝ այդ մարդիկ իրենց արածի դիմաց կոնկրետ վարձատրություն են ստացել․․․ 

Ն․Փ․ - Լավ, բայց սրանից հետո որ տենց ռեպորտաժներ եք սարքում, անպայման տակը գրեք «բոլոր համընկնումները պատահական են», ինչի՞ եք մեզ լեղաճաք անում․․․

Ցավոք, ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   4600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ