Մեր տեղեկությունների համաձայն, «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» ՀՀ կառավարության որոշման շրջանակներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հայ գրականության դպրոցական դասագրքերում իրականացնել հետևյալ «բովանդակային և զգայական փոփոխությունները»․
1․ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հերոսը ոչ թե մահանում է, այլ դպրոցում լավ սովորելու շնորհիվ սկսում լավ ապրել, ապա Բազազ Արտեմի թալանածը քյաբաբ առ քյաբաբ ետ է բերում, հետո վերադառնում հարազատ գյուղ, սուբվենցիոն ծրագրերով խելացի գոմ կառուցում, Ծաղիկ կովը գրավ դնում, հարևան գյուղի ադրբեջանցիների հետ համատեղ բիզնես հիմնում ու երջանիկ ապրում մինչև խոր ծերություն։
2․ Նույն հեղինակի «Թմկաբերդի առումը» պոեմն ավարտվում է այսպես․ Թաթուլ իշխանի կինը սեփական ամուսնուն մեղադրում է հարևանների հետ խաղաղության օրակարգը ձախողելու, զինվորների «տուշոնկան» լափելու և ռազմական հանցագործությունների մեջ, մեկուսացնում նրան, ապա Նադիր շահի համար անխոչընդոտ մուտք ապահովում ամրոց, իսկ սեփական զորքին հրամայում է թրերը վաճառել և գոյացած միջոցներով խաղաղության ֆեստիվառ կազմակերպել։
3․ Նույն հեղինակի «Անուշ» պոեմում Անուշն ու Սարոն (որը, նոր խմբագրմամբ, էթնիկ ադրբեջանցի է) ամուսնանում են, Մոսին ազատազրկվում է ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով, գրբացը տուգանվում է առանց ՀԴՄ կտրոնների տնտեսական գործունեություն ծավալելու համար, իսկ Սարոյի պառավ նանի թոշակը բարձրանում է 50 տոկոսով։
4․ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի հերոսուհին դատի է տալիս ամուսնուն՝ ընտանեկան բռնության հոդվածով, ՄԻԵԴ-ում շահում դատը, ստացված փոխհատուցման գումարով կրթություն ստանում Քեմբրիջում, ապա վերադառնում Իրական Հայաստան և դառնում բնապահպան-ակտիվիստ։
5․ Րաֆֆու «Սամվել» վեպում Սամվելի հայրն ու մայրը ոչ թե սպանվում են դավաճանության համար, այլ ստեղծում կուսակցություն և հաղթում ընտրություններում, իսկ Սամվելն ազատազրկվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և ապօրինի իշխանազավթման փորձի հոդվածներով՝ կատարված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։ Վեպն ավարտվում է համազգային տոնախմբության նկարագրությամբ։
6․ Խաչատուր Աբովյանի «Բուժումն Հայաստանի» (նախկինում՝ «Վերք Հայաստանի») վեպի հերոս Աղասին հռչակվում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ և 5-րդ շարասյուն, իսկ վեպի վերջում՝ մի խումբ իրական հայ հայրենասերների ձեռքով վնասազերծվում և հանձնվում Էրիվանի խանին կից Արդարադատության խորհրդին։
7․ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի հերոսը բանտում է հայտնվում առանց պատշաճ փաստաթղթավորման պարտքով գումար տալու և այդպիսով՝ փողերի լվացման փորձի համար, իսկ Զիմզիմովը վերականգնում է իր գործարար հեղինակությունը՝ մասնակցելով «Հաջողակ տղամարդկանց» բարեգործական ընթրիքին։
8․ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում հագարացիներին այնուամենայնիվ հաջողվում է գրավել Սևանի կղզին, որովհետև հայոց նախկին սպարապետներից մեկը նավակների համար նախատեսված գումարով իր համար առանձնատուն է կառուցած լինում Սևանի ափին։ Իսկ Աշոտ Երկաթը դատի է տալիս իր՝ իբր սիրուհի ունենալու մասին զրպարտություններ տարածողներին։
Շարունակելի