...

Փոփոխություններ՝ նաև մաթեմատիկայի և կենսաբանության դասագրքերում

Փոփոխություններ՝ նաև մաթեմատիկայի և կենսաբանության դասագրքերում

Պարզվում է՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» ՀՀ կառավարության որոշման շրջանակներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է փոփոխություններ կատարել նաև մաթեմատիկայի և կենսաբանության դասագրքերում։ Մեր տեղեկությունների համաձայն՝ դրանցում կներառվեն արդի իրողություններին համահունչ հետևյալ խնդիրները․

Մաթեմատիկա (տրամաբանական խնդիրներ)

1․ Ահմեդն ու Մահմուդը Երևանի «Բասարգեչար» սրճարանում մատուցողուհի Անիին թողեցին 2 հազար դրամ թեյավճար, իսկ Հասմիկին՝ հազար դրամով ավել։ Քանի՞ տոկոսով է Հասմիկն Անիից ավելի երջանիկ, եթե նա ՔՊ անդամ է, իսկ ՔՊ-ում անդամավճարը կազմում է եկամտի 20 տոկոսը։

2․ 50 հոգանոց ինտերնացիոնալ շինարարական բրիգադը պատմական իրողությունները խեղաթյուրող հուշահամալիրը քանդում է 50 օրում։ Քանի՞ օրում նույն համալիրը կքանդի 100 հոգանոց բրիգադը, եթե պարգևավճարների ծավալը մնա նույնը։ 

3․ Ղարաբաղի տնտեսական շրջանն ամբողջովին ազատագրելու և դրանով իսկ Հայաստանին իրական անկախություն շնորհելու համար Ադրբեջանի հերոսական բանակը տվել է 3500 զոհ։ Որքանո՞վ կնվազի ՀՀ բյուջեն, եթե ՀՀ կառավարությունը որոշի նրանց բոլորին շնորհել հերոսի կոչում, իսկ նրանց ընտանիքներից յուրաքանչյուրին, որպես փոխհատուցում, միանվագ տրամադրի 50 միլիոն դրամ։

4․ Խաղաղության հաստատումից ի վեր Իրական Հայաստանում կազմակերպվել է 48 ֆեստիվառ և տոնախմբություն։ Դրանց ընթացքում ընդհանուր առմամբ վառվել է 756 հազար կրակ, կերվել է 3 780 000 շիշ խորոված և 4 200 000 գծամետր ընդհանուր երկարությամբ քյաբաբ, խմվել է 185 000 դեկալիտր թունդ ոգելից խմիչք, որից 83 000-ը՝ քաշած։ Միջին հաշվով քանի՞ մետր քյաբաբ է կերվել մեկ տոնախմբության արդյունքում, և որքանո՞վ է այդ ցուցանիշը գերազանցում նախապատերազմյան ծավալները։

Կենսաբանություն

1․ 98 կգ կենդանի քաշով հեծանվորդն ամեն օր 30 կմ հեծանիվ է քշում՝ այդ ընթացքում ծախսելով 2400 կիլոկալորիա, որից հետո ուտում է 3650 կիլոկալորիա սննդային արժեքով ուտելիք։ Քանի՞ օր հետո հեծանվորդի կենդանի քաշը կգերազանցի մեկ ցենտները, եթե հայտնի է, որ յուրաքանչյուր 1000 ավելորդ կիլոկալորիան կաթնասունների դասի կենդանիների քաշն ավելացնում է 150 գրամով։

2․ Հնարավո՞ր է արդյոք փակ տարածքներում կրծողների կարգի կենդանիների և միաբջիջ օրգանիզմների համակեցությունն ու համագործակցությունը, և եթե այո՝ ինչպե՞ս է դա անդրադառնում տվյալ պոպուլյացիայի ղեկավարի թքարտադրության վրա։

Նախարարությունը հանձնարարել է նման կարգի բազմաթիվ խնդիրներ կազմել, բայց դրանց մեծ մասը կբացվի միայն QR կոդով։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ