...

Հեշտ ու համեղ. Մսագնդիկներով դդմապուր

Հեշտ ու համեղ. Մսագնդիկներով դդմապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 450 գ դդում
  • 400 գ մսի խճողակ (տավարի ու խոզի միս)
  • 200 գ կարմիր ոսպ
  • 400 գ պահածոյացված լոլիկ սեփական հյութի մեջ
  • 4 պճեղ սխտոր
  • 130 գ գլուխ սոխ
  • 1 հատ ձու
  • 20 գ ալյուր
  • 50 մլ բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ, աղացած կարմիր կծու պղպեղ
  • 1 թ.գ. խնկածաղիկ (майоран)
  • 15 գ թարմ սամիթ
  • 1,6 լ արգանակ

Արգանակի համար

  • 300 գ ոսկորով միս
  • 2 լ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Արգանակի համար ոսկորով միսը դրեք կաթսայի մեջ, վրան լցրեք 2 լ ջուրը, կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք, միջին ուժգնության կրակի վրա 1,5 ժամ եփեք: Պատրաստի արգանակի միջից միսը հանեք, արգանակը հովացրեք:
  2. Սոխն ու սխտորը մաքրեք: Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք: Երկու պճեղ սխտորը դանակով մանրացրեք:
  3. Դդումը մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
  4. Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք 30 մլ բուսական յուղը, ավելացրեք կտրտած սոխի կեսը և մանրացրած սխտորը:
  5. Սոխն ու սխտորը 5-7 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  6. Ավելացրեք կտրտած դդումը: Դդումը սոխի ու սխտորի հետ 5-7 րոպե տապակեք: Ավելացրեք ոսպը: Վրան լցրեք արգանակը: Ապուրը միջին ուժգնության կրակի վրա 10 րոպե եփեք:
  7. Մնացած 2 պճեղ սխտորը ճզմեք: Մսագնդիկների համար մսի խճողակին ավելացրեք կտրտած սոխի կեսը, ճզմած սխտորը, ալյուրը, ձուն, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք:
  8. Մսի խճողակից միջին չափի գնդիկներ պատրաստեք:
  9. Թավայի մեջ տաքացրեք մնացած բուսական յուղը, մոտ 4 րոպե տապակեք մսագնդիկները մինչև բոլոր կողմերից կարմրելը:
  10. Լոլիկները մանր կտրատեք և իր հյութի հետ միասին լցրեք ապուրի մեջ:
  11. Հետո ապուրին ավելացրեք մսագնդիկներն ու խնկածաղիկը:
  12. Ապուրը միջին ուժգնության կրակի վրա 10 րոպե եփեք: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացրեք աղը: Ցանկության դեպքում ավելացրեք կարմիր կծու պղպեղը: Ապուրի տակն անջատեք, թողեք 10 րոպե:
  13. Մանր կտրատեք սամիթը: Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան ավելացրեք կտրտած սամիթն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ