...

ՀՀԿ-ի փոխարինիչը

ՀՀԿ-ի փոխարինիչը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով խանութներում շատ ապրանքների գների կտրուկ աճին, ասել է. «Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»:

«ՉԻ» - Այո, այո, հենց այդպես: Բա դե ի՞նչ անենք, շուկայական հարաբերություններ են, հիմա սա է վիճակը: Մարդը պետք է մտնի խանութ և հարցնի. «Կներեք, կարո՞ղ է ոսպի փոխարինիչ ունենաք: Հա՞: Դե երկու կիլո կշռեք»: 

Անցնում է երկու շաբաթ, ոսպի փոխարինիչն էլ է թանկանում, մարդը կմտնի խանութ և կհարցնի. «Կներեք, կարո՞ղ է ոսպի փոխարինիչի փոխարինիչ ունենաք: Հա՞: Դե երկու կիլո կշռեք»:

Մի ամիս հետո նույն մարդը կմտնի նորից խանութ և. «Հազար ներողություն, իսկ կարո՞ղ է ոսպի փոխարինիչի փոխարինիչի փոխարինիչ ունենաք: Դե, երկու կիլո կշռեք»:

Չգիտենք, թե ոսպի փոխարինիչների շարքը մինչև ուր է հասնում: Երևի մինչև այնտեղ, որ ոսպի տեսքով ռետին վաճառեն: Դա գնում ես, գցում ես բերանդ, ու ժամերով ծամում: Սա շատ շահավետ է. մի կողմից, անընդհատ ոսպի փոխարինիչ ուտելու հնարավորություն ես ունենում, մյուս կողմից, այն այլևս չի պրծնում: Հա ծամում ես, հավերժ, ավելի ճիշտ՝ ցմահ:   

2017-ին հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, անդրադառնալով թանկացումներին, հզոր միտք էր հայտնել, որ թանկացումը նաև դրական կողմ ունի, այն է, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Էս ե՞րբ ՀՀԿ-ն վերադարձավ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ