...

Իսկ հայոց լեզուն ե՞րբ եք արգելելու

Իսկ հայոց լեզուն ե՞րբ եք արգելելու

Մեր օրհներգը պատմություն ունի։ Երևի գիտեք՝ Հայաստանի առաջին անկախ հանրապետության օրհներգն է։ Սովետի ժամանակ դարձել էր արգելված երգ։ Այո՛, արգելված էր․ մինչև 1980-ականները Հայաստանում քչերը գիտեին այն։ Որովհետև Խորհրդային Հայաստանի բնակիչները չպետք է հիշեին անկախության մասին։ Ավելին՝ մինչև 1965թ․ Եղեռնից փրկված և Հայաստանում ապաստանած արևմտահայերը շշուկով, գաղտնի էին պատմում մեր մեծ ողբերգության մասին։ Արգելված էր։ 

Հայոց պատմությունը կոչվում էր «Հայ ժողովրդի պատմություն» և ծավալով խիստ զիջում էր ԽՍՀՄ, ավելի ճիշտ՝ ՍՍՀՄ (Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) պատմությանը, որն իրականում Ռուսաստանի պատմությունն էր։ Հայ երիտասարդը բուհ ընդունվելու համար սերտում էր ռուսական ցարիզմի և բոլշևիզմի պատմությունը։ Նույնիսկ այսպիսի հարց կար․ «Ո՞վ էր Կեղծ Դմիտրիի կինը»։ Եթե մեզ հետ ոչ մի կապ չունեցող այս հարցի պատասխանը չգիտեիր, զրկվում էիր բարձր գնահատականից։ 

Արվեստն այն ժամանակ պետք է ինտերնացիոնալ և ժողովրդական լիներ։ Որովհետև ժողովուրդը հակադրվում էր ազգին։ Որովհետև, ասենք, հայերը կամ վրացիները ազգեր էին, սակայն կարևորը սովետական ժողովուրդն էր, որի նպատակներից մեկը՝ նոր՝ սովետական մարդու կերտումն էր։ Լեզուն, բնականաբար, նույնպես պետք է միասնական լիներ։ Ո՛չ, խառնուրդ չէր լինելու։ Սովետական մարդու լեզուն ռուսերենն էր։ Տեղ հասանք։

1977 թվականը ԽՍՀՄ-ում սահմանադրափոխության տարի էր։ Ազգային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան և մյուսները պետք է իրենց պռատ սահմանադրություններից քերեին-հանեին պետական լեզվի մասին կետը։ Վրացիները փողոց դուրս եկան, Հայաստանում աղմուկ բարձրացավ շնորհիվ Երևանի պետական համալսարանի։ Պետական լեզվի մասին կետը մնաց։

Սակայն չնայած այդ կետին՝ ամեն կերպ խրախուսվում էր ռուսական կրթությունը։ Տասնյակհազարավոր հայ երեխաներ գնում էին օտարալեզու դպրոց։ 

Այսինքն՝ ազգային ինքնությունը վերացնելու քայլերը հին են և մշակված։ Վերացնել, ջնջել ազգի հիշողությունը՝ պատմությունը, փոխել լեզուն։ Անկախ պետականության խորհրդանիշները՝ օրհներգը, զինանշանը և դրոշը փոխել էին՝ անկախության ձգտումն անգամ մեռցնելու համար։

Գանք մեր օրեր։ Ի՞նչ էին անում ՔՊ-ականները մինչև պատերազմը։ Ճիշտ եք։ Փորձում էին բուհերում դասավանդվող առարկաների ցանկից հանել հայոց պատմությունը և հայոց լեզուն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայ գյուղացիներին հորդորում էր, որ մոշ աճեցնելու համար պետք է անգլերեն սովորել։ Սա, գուցե, ահազանգ էր, որ մենք լավ չհասկացանք։

Մի խոսքով՝ անհրաժեշտ է թույլ չտալ, որ ծաղրեն, փոխեն մեր օրհներգը, զինանշանը, Սահմանադրությունը։ Որովհետև մեր՝ մեկ անգամ արդեն արգելված օրհներգը, դրոշը և զինանշանը անկախության խորհրդանիշներն են։ Իսկ ՔՊ-ն անկախության հետ ոչ մի կապ չունի։

Հաջորդը լինելու է մեր ինքնության ամենաթանկ գրավականը՝ հայոց լեզուն։ 

Զարուհի Գաբրիելյան   

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ