...

Կորոնայից զգետնվեիք՝ լա՞վ չէր

Կորոնայից զգետնվեիք՝ լա՞վ չէր

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից»։

«ՉԻ». Խոսնակն, անշուշտ, կատարում է շեֆի հրահանգը: Գուցե տեքստն էլ իրենը չէ, գուցե: Սակայն էականը սա չէ: Էական չէ անգամ ՔՊ-ականների անգիտության մակարդակը: Թշվառները հիմա մի խնդիր են լուծում՝ ֆռռացնել իրենց դեռևս վստահող ընտրազանգվածին:

Բայց հենց իրենց ոճով հարցեր տանք աննախադեպ լիազորություններով վարչապետի «կուսակցությանը».

1. Նիկոլը, լինելով երկրի վարչապետ, կարողացա՞վ լինել վարչապետ:

2. Նիկոլը, լինելով երկրի վարչապետ, կարողացա՞վ հասկանալ, որ երկիրը պետություն է, ոչ թե օջախ կամ բոստան:

3. Նիկոլը, լինելով երկրի վարչապետ, ինչո՞ւ չկարողացավ երկրի առջև ծառացած որևէ էական հարց լուծել: Չնայած, լավ, որոշ հարցեր լուծել է:

Դատավորների վեթինգ է արել: Ճիշտ է, ոչ վեթինգն ենք տեսել, ոչ էլ՝ նոր դատավորներին:

ՍԴ-ն է բարեփոխել: Պայմանական Հրայր Թովմասյանի փոխարեն նշանակել է պայմանական այլ Հրայր Թովմասյանի:

Բանակն է բարեփոխել ու հզորացրել: Սու-30 է գնել: Մոնումենտի կարուսել սամալյոտներից միայն չափսերով է տարբերվում: Մեկ էլ դրա ֆոնին ընտիր սելֆիներ են ստացվում:

Քաղաքական համակարգն է բարեփոխել: Այնպես է բարեփոխել, որ Ազգային Ժողովում տարբեր անուններով նույն քաղաքական ուժերն են հայտնվել:

Նախկին կոռուպցիոներներին ու 20 տարի հանցագործություններ կատարած պաշտոնյաներին է պատասխանատվության ենթարկել: Արդյունքում նրանք բոլորն ազատության մեջ շարունակում են պատասխանատվություն կրել:

Արտաքին ակտիվ քաղաքականություն է իրականացրել: Բավական է ասել, որ եթե նախկինում Պուտինի հետ երկու ամիսը մեկ էր հեռախոսազրույց ունենում, հիմա՝ օրը 5 անգամ: Աճը կազմել է 965%: Սա հայոց պատմության մեջ աննախադեպ փաստ է: Բացառիկ: Դարձել ենք տարածաշրջանի ամենահեռախոսունակ երկիրը:

Արցախյան հակամարտության հարցում մեծագույն հմտություններ է ցուցաբերել: Արդյունքում ինչքան դժգույն բնակավայրեր ու ժանգոտած տարածքներ կային, բոլորը սպիսատ արեց:

4. Նիկոլը, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար լինելով, ինչպե՞ս իրացրեց իր լիազորությունները, որ կորցրեց ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ինքնիշխանությունը:

5. Նիկոլը, երկրի վարչապետ լինելով, ձեզ նման անմեղսունակների գլխին ինչպե՞ս փաթաթեց սխալվելու վճռականությունը:

6. Դուք՝ ՔՊ-ականներդ, լինելով խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնություն, ինչո՞ւ չեք կարողանում դուրս գալ նեոկոմսոմոլների վիճակից, ինչո՞ւ եք դարձել մեկ մարդու մեծամոլության բարդույթի գերին:

7. Եվ վերջապես, Նիկոլը, լինելով երկրի վարչապետ, ինչո՞ւ չվարակվեց կորոնավիրուսով կամ ոտքը չկոտրեց, որ «պարահանդեսի» (մեր դեպքում՝ պատերազմի) չգնար: Գուցե ա՞յդ դեպքում գար մեկը, որ կվախենար երկիր կորցնելուց, կվախենար հազարավոր տղաների կյանք զոհաբերելուց, ոչ թե դավաճան կոչվելուց:

Վե՛րջ տվեք լակոտությանը, լռե՛ք, մանավանդ, երբ ամեն օր ապացուցում եք ձեր և ձեր վարչապետի անմեղսունակությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1023 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ