...

Փաշինյանը Սոչիում լսողի դերում է լինելու

Փաշինյանը Սոչիում լսողի դերում է լինելու

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Սոչիի հանդիպումից առաջ հայտարարեց, թե Հայաստանը դեռևս սեպտեմբերի սկզբին է համաձայնվել աշխատել Ռուսաստանի առաջարկած «հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա», Հայաստանում էլ միանգամից համարյա նույնպիսի աղմուկ բարձրացավ, ինչպիսին բարձրացել էր Սերժ Սարգսյանի՝ տարիներ շարունակ Արևմուտքի հետ բանակցելուց ու «մի գիշերում» Հայաստանը Մաքսային միություն մտցնելու որոշումից հետո։

Բայց իրավիճակները տարբեր են։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է տվյալ պահին մի բան հայտարարել, կես ժամ անց՝ բոլորովին այլ բան, հաջորդ օրը հերքել իր բոլոր նախորդ ասածները, և այլն։ Երկրորդ՝ միայն Հայաստանի համաձայնությունը քիչ է, Ադրբեջանը նույնպես պիտի համաձայնվի «ռուսական տարբերակին», իսկ Պուտինն ինքն է ասում, որ դա բավականին բարդ է լինելու։ Փաշինյանի՝ «դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնվելուց» հետո էլ, հիշեցնենք, Ադրբեջանը նոր ագրեսիա իրականացրեց, որի արդյունքում ունեցանք 200-ից ավելի զոհ և տարածքային կորուստներ։ 

Հիմա՝ ամենակարևորը։ Եթե Ռուսաստանի նախագահն ասում է, որ «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է «Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում», նշանակո՞ւմ է դա արդյոք, որ «ռուսական սկզբունքներն ու պարամետրերը» նույնը չեն նախատեսում։ Իհարկե ոչ, և այստեղ չարժե պատրանքներ ունենալ։ «Նշաձողի իջեցմանը», այսինքն՝ «Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությանը» համաձայնվել են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, և՛ Արևմուտքը։ Խնդիրն այն է, թե ո՞վ կապահովի, որ ձևականորեն «Ադրբեջանի ինքնիշխանության ներքո» գտնվող Արցախը մնա հայաբնակ։ Պուտինը խոստանում է, որ եթե «ռազմավարական դաշնակից» Հայաստանն իր առջև այդպիսի խնդիր դնի՝ ինքն այդ ուղղությամբ կաշխատի Ադրբեջանի հետ։ Ընդ որում՝ խոստանում է աշխատել, բայց երաշխիքներ չի տալիս։ Փոխարենը Հայաստանից պահանջում է մեկառմիշտ հրաժարվել Արևմուտքի հետ «խաղեր տալու» փորձերից ու խաչ քաշել արևմտյան բանակցային հարթակների վրա։ Հայաստանի արձագանքը շատ պարզ է․ «մենք համաձայն ենք, բայց նախ՝ փորձեք Ադրբեջանին նույնպես համոզել, և երկրորդ՝ շատ ավելի հուսալի երաշխիքներ տվեք, որ ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում չեք վարվի այնպես, ինչպես վարվեցիք ագրեսորի՝ ՀՀ տարածք ներխուժելու բազմաթիվ դրվագների ժամանակ»։ 

Կկարողանա՞ արդյոք Ռուսաստանն այդպիսի երաշխիքներ տալ, կամ եթե տվեց՝ արդյո՞ք Հայաստանում կհավատան այդ երաշխիքներին։ Կկարողանա՞ արդյոք Ռուսաստանն Ադրբեջանին համոզել զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից, հրաժարվել միջանցքային տրամաբանությունից և ընդունել, որ հետագայում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցն այնուամենայնիվ պիտի քննարկվի։ Եթե անգամ կարողանա, ու Ադրբեջանը հրապարակավ համաձայնվի, արդյո՞ք Հայաստանում դրան հավատացողներ կլինեն։ Պարզ ասած՝ կկարողանա՞ Ռուսաստանն Ադրբեջանին ստիպել հարգել 9-ի փաստաթուղթն ու խնդիրը կարգավորել բացառապես դրա հիման վրա։ Համենայն դեպս անցած երկու տարիներին Ռուսաստանը դա կամ չի կարողացել, կամ չի ցանկացել, ու մեծ հաշվով՝ հենց դա էր խաղաղությունն արևմտյան հարթակներում փնտրելու պատճառը։ 

Այնպես որ՝ Սոչիում հիմնական խոսակցությունն ընթանալու է Պուտինի և Ալիևի միջև։ Եթե, իհարկե, նրանք նախապես ամեն ինչի շուրջ չեն պայմանավորվել ու Փաշինյանին չեն կանչել ընդամենը իրենց որոշումը «լսացնելու» համար։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ