Վաշինգտոնյան արձանագրություններով և «Թրամփի ուղիով» հիացողներին հիշեցնենք՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը թաթը դնում է բզկտված Հայաստանի վրա ու «փրկում»։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն ու 103,5 հազար քկմ տարածքով Հայաստանի պաշտոնական քարտեզը վկա։ Ամեն ինչ կարծես թե օրինական էր, միջազգային նորմերին համահունչ, ընդ որում՝ ԱՄՆ-ին այդ հարցը որոշելու լիազորությունը տվել և հետևաբար՝ որոշումն անվերապահորեն ընդունելու պարտավորությունը ստանձնել էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, և այլն։ Ու ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։ Բնականաբար՝ ողբերգությամբ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ Վիլսոնն իր ձգտումներում անկեղծ չէր, կամ այդ ամենը չէր համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, այլ որովհետև «գետնի վրա» իրական լծակներ և դերակատարում ունեցողների՝ Թուրքիայի և Ռուսաստանի համար դա անընդունելի էր։ Արդյունքում՝ Թուրքիան պարզապես բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց «Վիլսոնյան Հայաստանի» մեծ մասը, տակն ինչ մնաց՝ դարձավ բոլշևիկյան, Վիլսոնի իրավարար վճիռն էլ մնաց թղթի վրա։
Բայց մեր քաղաքական դաշտն ու հանրային-քաղաքական միտքը շարունակաբար նույն սխալն են կրկնում․ ժողովրդական լեզվով ասած՝ ով ինչ դեմ է տալիս, «աղն առնում են ու վազում»։ Ի՞նչ պիտի աներ որևէ երկրի մտավոր դասը կամ քաղաքական միտքը՝ որպես հանգուցալուծում կամ փրկություն ներկայացվող որևէ ծրագիր գնահատելիս։ Ճիշտ է, պիտի քննարկեր ոչ թե այն՝ լա՞վն է դա, թե՞ ոչ, այլ՝ իրատեսակա՞ն է դա, թե՞ ոչ։ Կարելի է հիանալ վաշինգտոնյան արձանագրությունների այն հատվածով, որտեղ խոսվում է միջանցքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին, կարելի է նվաղել Թրամփի՝ Նիկոլի ուսին բարեկամաբար թմփթմփացնելու տեսարաններից, բայց փաստն այն է, որ «նորօրյա Վիլսոնը» ստորագրում և կողմերին ստորագրել է տալիս մի նախագիծ, որին, թաքուն կամ բացահայտ, դեմ են «գետնի վրա» իրական լծակներ ունեցող հիմնական խաղացողները։ Ռուսաստանն ու Իրանը դա ընկալում են որպես ուղիղ հարված իրենց աշխարհաքաղաքական շահերին, Թուրքիան արտաքուստ մեղրածոր ժպտում է, բայց չի էլ թաքցնում, որ իր նպատակն Օսմանյան կայսրության վերականգնումն է, իսկ այդ ծրագրով հայկական անկախ պետականություն նախատեսված չէ, Ադրբեջանը, բնականաբար, թաքուն սատարում է այդ ծրագրին, Վրաստանն էլ այս նախագիծը գնահատում է որպես իր համար «աշխարհաքաղաքական աղետ», որովհետև կարող է կորցնել իր տրանզիտային առավելությունները։
Հիմա՝ ընդամենը երկու հարց։ Առաջին՝ որքանո՞վ է իրատեսական այն ծրագրի իրականացումը, որին այս կամ այն պատճառով դեմ են տարածաշրջանի բոլոր երկրները՝ բացի Հայաստանից (ընդ որում՝ Հայաստանում էլ միայն իշխանություններն են կողմ), և երկրորդ՝ եթե տարածաշրջանի հիմնական խաղացողները փորձեն կոնկրետ գործողություններով տորպեդահարել այս ծրագիրը, առաջին հերթին ո՞ր պետության տարածքում են պայթելու «տորպեդները»։ Նրանց, ովքեր կդժվարանան պատասխանել այս հարցերին, որպես հուշում՝ խորհուրդ կտանք ևս մեկ անգամ ուսումնասիրել «Վիլսոնի իրավարար վճիռն» ու գետնի վրա դրա հետևանքները։
Մարկ Նշանյան
Հ․ Գ․ Վստահաբար՝ այս հարցերը Նիկոլ Փաշինյանին առանձնապես չեն հետաքրքրում։ Նրան ընդամենը երկու հարց է հետաքրքրում։ Առաջին՝ որքանո՞վ իրեն կօգնի այս «շուխուռն» առաջիկա ընտրություններում, և երկրորդ՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունից հետո առաջին շարքում նստած հյուրերին կարգին հաց տալի՞ս են, թե՞ չէ։