...

Ընդդիմությունը համաձա՞յն է Ռուսաստանից հնչող մեղադրանքների հետ

Ընդդիմությունը համաձա՞յն է Ռուսաստանից հնչող մեղադրանքների հետ

Վլադիմիր Պուտինը հայտարարում է, «թե Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Ղարաբաղից, Հայաստա՛նն է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս», և ընդդիմությունը ցնծության մեջ է։ Բա իհարկե, չէ՞ որ Պուտինը բաց տեքստով Նիկոլին մեղադրեց դավաճանության ու Ղարաբաղը հանձնելու մեջ, այ հիմա ժողովուրդը կլսի, դուրս կգա փողոց, Նիկոլին կքշի ու իրենց կբերի իշխանության։ Մարիա Զախարովան հայտարարում է, թե 2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից հրաժարվելը շատ վտանգավոր կլինի հատկապես Հայաստանի համար, իսկ «եռակողմ պայմանավորվածությունները հնարավոր չի եղել ամբողջությամբ իրականացնել», որովհետև Հայաստանը Լաչինի միջանցքով զենք էր մատակարարում Ղարաբաղ, իր զորքերն ամբողջությամբ դուրս չէր բերել այնտեղից, և այլն։ Ու մեր ընդդիմությունը ևս մի անգամ է ցնծում։ Չէ՞ որ նա նույնպես ամեն ինչի համար մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։ 

Ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների գրեթե բոլոր կետերը, բոլոր ռազմագերիներին չի վերադարձրել, ներխուժել է ՀՀ տարածք, հետո փակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը, հարձակվել ու հայաթափել է Արցախը, ու Ռուսաստանը, համենայն դեպս՝ պետական մակարդակով, որևէ թթու խոսք չի ասել Ադրբեջանի հասցեին (մեղադրելու մասին ընդհանրապես չենք խոսում)։ Հակառակը՝ ամեն ինչի համար մեղավոր է հռչակվել Հայաստանը։ Հիմա էլ Հայաստանի՛ հասցեին են սպառնալիքներ հնչում, որովհետև մենք, հասկանում եք, հրաժարվում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն կետից, ըստ որի՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների վերահսկողությունը պիտի իրականացնի Ռուսաստանը։ 

Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է։ Առաջ նա մեկ-մեկ ձևի համար ինչ-որ բաների մեջ մեղադրում էր նաև Ադրբեջանին, բայց վերջերս նույնիսկ դա՛ չի անում։ Փոխարենը մեղադրում է նախկին բոլոր իշխանություններին, ԼՂՀ վերջին իշխանություններին, Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, «հինգերորդ շարասյանը», «տասնյակ հազարավոր դասալիքներին», Արարատ լեռը սիրողներին, Րաֆֆի կարդացողներին և այլն։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Համաձա՞յն է, օրինակ, Ռուսաստանի այն պնդումներին, որ Ղարաբաղի հետ տեղի ունեցածի մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանն ընդամենը մեզ «պատժել է պայմանավորվածություններից ետ կանգնելու համար»։ Եվ համաձա՞յն է այն պնդման հետ, որ Հայաստանը պարտավոր է ապահովել եռակողմ փաստաթղթի 9-րդ կետն ու Հայաստանով անցնող ճանապարհների բացման դեպքում դրանց վերահսկողությունը հանձնել Ռուսաստանին։ 

Եթե համաձայն է՝ թող հենց այդպես էլ ասի, ոչ թե բերանը ջուր առնի, ձևացնի, թե ոչինչ չի լսել կամ անթաքույց հրճվանքով կրկնի դրա՝ իրեն ձեռնտու որոշ հատվածներ։ Հասկանո՞ւմ է արդյոք քաղաքական դաշտի այդ հատվածը, որ ռուսական կողմի մեղադրանքները կուլ տալով կամ, առավել ևս, դրանց հետ համաձայնվելով՝ փաստացի համաձայնվում է նաև, որ եթե Հայաստանը չկատարի ռուսական պահանջները՝ Ադրբեջանը պիտի «լեգիտիմ իրավունք ունենա» ևս մի անգամ հարձակվել մեզ վրա, ու դրա մեղավորը նույնպես մենք կլինենք։ Թե՞ նպատակը հենց ռուսներին ուղերձ հղելն է՝ «սրան տապալեք, մեզ բերեք իշխանության, ու մենք ճանապարհների վերահսկողությունը կտանք ձեզ, և ընդհանրապես՝ ինչ ասեք, այն էլ կբանակցենք, միայն թե ապահովեք մեր անվտանգությունը, իսկ եթե հանկարծ Ղարաբաղի նման ապահովեք՝ գոնե մի երկու ամիս շուտ տեղեկացրեք, թե ժողովուրդը ո՛ր մարզերից պիտի դուրս գա»։ 

Արդյո՞ք մեր հասարակությունը, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանին ապավինած Արցախի հետ, կգնա այն ընդդիմության ետևից, որը հույս ունի ներքաղաքական հարցերում աջակցություն ստանալ այդ նույն Ռուսաստանից։ Չի գնա։ Դրա համար էլ՝ ունենք այն, ինչ ունենք, իսկ վարչապետը դեռ ամեն ինչի համար ուրիշներին մեղադրող Նիկոլ Փաշինյանն է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ