...

Մանյակները դիվերսանտների ու ահաբեկիչների մասին օրենք են քննարկում

Մանյակները դիվերսանտների ու ահաբեկիչների մասին օրենք են քննարկում

Մի քանի օր առաջ՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ լրագրողների մեջ «դիվերսանտներ» է տեսնում: Նախարարը հավաքվածներին կոչ էր արել «այս անհանգիստ ու դժվարին ժամանակներում տարբերել իսկական լրագրողներին հեռախոսով դիվերսանտներից», տեղեկացրել էր News.am-ը՝ նշելով, որ մի անգամ էլ նախարարը լրագրողներին ահաբեկիչների հետ էր համեմատել: Ի դեպ՝ ըստ կայքի, միջոցառումը լուսաբանելու հրավեր էին ստացել միայն յուրային լրատվամիջոցները։ 

Այսօր արդեն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Համաձայն նախագծի՝ լրագրողի հավատարմագրումը Հայաստանում կարող է դադարեցվել ոչ միայն իր ներկայացրած ԶԼՄ-ի, այլև նրան հավատարմագրած պետական ​​մարմնի պահանջով։ «Այստեղ ԶԼՄ-ների իրավունքները և խոսքի ազատությունը ոտնահարված չեն, քանի որ պարզապես լրագրողին փոխարինելու հնարավորություն է ընձեռվում։ ԶԼՄ-ների մտավախություններն առ այն, որ այս կարգավորումը հիմքեր կստեղծի կամայական մոտեցման և ոչ հարմար լրագրողներից ազատվելու համար, որևէ կերպ արդարացված չեն։ Օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ հավատարմագրումից զրկելու համար։ Այսինքն՝ իրավական որոշակիության խնդիրն այստեղ ամբողջությամբ լուծված է»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

Ի դեպ՝ այն, ինչ այսօր որոշել է կյանքի կոչել ՔՊ-ն, անցյալում կիրարկել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը։ Ուղղակի այն ժամանակ ձևակերպումներն էին այլ․ կային «պատասխանատու մամուլի» ներկայացուցիչներ և «դեղին մամուլի ներկայացուցիչներ»։ Վերջին խմբի մեջ մտնում էին ոչ յուրայինները, այսօրվա լեզվով ասած՝ «դիվերսանտները» կամ «ահաբեկիչները»։ Առաջին խմբում «հավատարիմներն էին», որոնցից առավել հավատարիմները ծրարներով նախագահականից ամեն ամիս գումար էին ստանում՝ որպես լրացուցիչ աշխատավարձ։ Ընդամենը երկու փաստ արձանագրեմ․ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանին չնախատեսված քաղաքական շատ կոռեկտ հարցադրում անելու հետևանքով զրկվել եմ նախագահական հավատարմագրից։ Այն այդպես էլ չի վերականգնվել։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին այն միջոցառումները, որոնց մասնակցելու համար պետք էր նախագահականի հավատարմագրումը, որպես կանոն ինձ չեն հավատարմագրել։ Ավելին՝ կոնկրետ դեպքերում առաջարկել են խմբագրությանը իմ անունը փոխել մեկ այլ լրագրողի անունով։ Ի դեպ՝ այդ ամենն արվել է՝ բացառապես օրենքներ ու կանոնադրություններ մեջբերելով։ Հիմա նույնը ՔՊ-ն է անում, պարզապես ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի՝ այսօրվա իշխանություններն այս ամենն անում են «ժողովրդավարության լիգայի» անվան տակ։ Այսինքն՝ կեղծում են իրենց էությունը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ