...

Մաքրե՛լ հանրային ուղեղի ավգյան ախոռը

Մաքրե՛լ հանրային ուղեղի ավգյան ախոռը

Մոտ 40 տարի առաջ երիտասարդ ընթերցողների հետ մի հանդիպման ժամանակ Հրանտ Մաթևոսյանն ասաց․ «Ձեր ուղեղը զիբիլ են լցրել»։ Ճիշտ ասաց։ 

40 տարի հետո տեսնում ենք, որ զիբիլը չափից դուրս կենսունակ է և սպառնում է երկրիս ազգային անվտանգությանը, անկախ պետականության գոյությանը։

Կոնկրետացնենք։ 

Անկախ Հայաստանը գոյություն ունի արդեն 30 տարի և 9 ամիս։ Անկախ Հայաստանից առաջ կար մի կախյալ միավոր, որ կոչվում էր Հայկական ԽՍՀ։ Անշուշտ, Խորհրդային Միության մի գավառական միավոր էր, ուներ սահմանադրություն, մայրաքաղաք, իշխանություն և այլն։ Այսինքն՝ պետական կառավարման թեկուզ կախյալ, բայց ինչ-որ համակարգ։ Կիսապետությունը հիվանդ էր այն արատներով, որոնք ծաղկում էին միակուսակցական ԽՍՀՄ-ում։ Այսինքն՝ կուսակցապետերը, զանազան չինովնիկները, դատավորները, դատախազները և այլք թե՛ ծառայամիտ էին, թե՛ կաշառակեր։ Սա գաղտնիք չէ։ Ազգային, տնտեսական և քաղաքացիական ճնշումների մասին, թվում է, գիտեք։

Եվ ահա այս արատավոր կիսապետությունից ծնվեց անկախ Հայաստանը։ 

Ի՞նչ եք կարծում, քանի՞ օրում էր այդպիսի հանրությունը փոխելու իր բարքերը։ Ճիշտ եք, տասնյակ տարիներ էին պետք՝ նորմալ պետություն կառուցելու համար։ Որովհետև անհրաժեշտ պայմաններից կարևորագույնը նորմալ հասարակություն ունենալն է, իսկ այս խնդիրն արագ չի լուծվում։ Նայե՛ք նախկին խորհրդային պետությունների այսօրվա վիճակին, և ամեն ինչ պարզ կդառնա։ 

Ուստի նվնվոցները, թե 30 տարի շարունակ երկիրը թալանում են, 30 տարի շարունակ դատական համակարգն անարդար է և ծառայում է իշխանությանը, տրամաբանական կոպիտ սխալ է, զիբիլ է, որով լցրել եք երիտասարդների գլուխը՝ նսեմացնելով անկախ պետության գաղափարը։

Հարգելի՛ կամ անհարգելի՛ 50, 60, 70-ամյաներ, մեկ-մեկ մտածե՛ք, թե ինչ եք արել դուք, ինչ ենք արել մենք՝ բոլշևիկյան աղբից ազատվելու համար։ 

Ասեմ՝ գրեթե ոչինչ չենք արել։ Մեր միակ նվաճումը 1991-1997թթ․ ժամանակահատվածն է, երբ դրվեցին պետության հիմքերը, երբ հաղթանակով ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը։ Հա՛, չմոռանաք, այս ամենը եղել է՝ ի հեճուկս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Արագ-արագ կրկնե՛ք, որ ձեր բոլշևիկյան ուղեղում կարճ միացում չլինի։

Իսկ 1998թ․ հանգիստ թույլ տվեցինք ռեստավրացիա՝ երկրի ղեկը հանձնելով Ազկոմկուսի պարտկոմներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Շատ-շատերը հարմարավետ տեղավորվեցին մի քիչ մոռացված, բայց չափազանց հարազատ միջավայրում՝ կոմունիստական պրոպագանդայից անցնելով հայդատականի գիրկը։ Ասեմ՝ պաթոսն ու անհանդուրժողականությունը բնավ չէին տարբերվում։

2018-ից ՔՊ-ն է, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը։ Սա էլ, ամենայն հավանականությամբ, մի իդեալ ունի՝ Ռոբերտ Քոչարյանը։ Զուր չէ, որ իր թեթև ձեռամբ «վոյինը» կարգվել է թիվ 1 ընդդիմադիր։ Սա էլ է շարունակում բոլշևիկյան տրադիցիաները՝ դավաճան, թալանչի և թշնամի որոնելով ամենուրեք, բացի իրենից։ 

Ի՞նչ արեցինք հիմա՝ խայտառակ պարտությունից հետո։ Ի՞նչ ենք անում ամեն օր՝ շատ լավ հասկանալով, որ երկրի և մեր գոյությունը մազից է կախված։ Հանապազօրյա փնթփնթոցը և բոցաշունչ քննադատությունը գործ չեն։ Իսկ անգործությունը մահ է։

Ուստի, որպես առաջին քայլ, դադարեցրե՛ք 30 տարվա անարդարությունների մասին բեսեդկայի կամ ֆեյսբուքի մակարդակի ճամարտակությունը, որովհետև այդ աղբով սնում եք խորհրդային կարոտախտը, այսինքն՝ ոչնչացնում եք Հայաստանի անկախության գաղափարը։ Սուտ մի՛ ասեք․ անկախ Հայաստանի բազմաթիվ արատների «պոչը» չհաղթահարված բոլշևիզմն է։

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1619 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ