...

Մեր ողջույնները ողջ մնացածներին

Մեր ողջույնները ողջ մնացածներին

Դեպի անարժանապատիվ ապագա

Ողջունում ենք մեր ընթերցողներին: Ուրախ ենք, որ այս շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից ողջ եք մնացել, հոգեկան չեք դարձել, նյարդերը դեռ վերջնականապես չեն քայքայվել, նոր հիվանդություններ ու կորոնավիրուս չեք ձեռք բերել: Նշանակում է, ֆանտաստիկ առողջություն ունեք, որ այսքանից հետո ի վիճակի եք այս տողերը կարդալ: 

Աղքատը ե՞րբ է ուրախանում. երբ էշը կորցնում է, հետո գտնում: Մեր երկիրը մոտավորապես այդ վիճակում է. ուրախանում ենք, որ մեզ թույլ են տալիս մեր երկրի մի շրջանից մյուսը գնալ: Որտեղից որտեղ հասանք: Քաղաքագիտության մեջ սա կոչվում է ինքնիշխանության կորուստ: Այսինքն, եթե քո երկրում ազատ տեղաշարժվելու իրավունքը կախված է այլ երկրների ցանկությունից, քմահաճույքից, վարած քաղաքականությունից, ուրեմն պետություն չունես: Թեկուզ քարտեզի վրա այդ պետությունը երևում է, դրոշը ՄԱԿ-ի շենքի առջև կախված է: 

Հայաստանի հպարտ քաղաքացիներ. սրանք էին ասում: Էդ հպարտ քաղաքացուն սարքեցիք չուլ, մինչև վերջին խազը նվաստացրեցիք: Ով հասնում, մեր երեսին չրփում է: Ու խոսքը միայն իշխանությունների մասին չէ: Բոլոր նրանց, ովքեր այսօր իբր թե ժողովուրդ են ներկայացնում խորհրդարանում: Դուք խորհրդարանում թատրոն, շոու, բեմադրություն եք ներկայացնում, ոչ թե ժողովրդին:

Քուչի հերոսները

Մենակ խորհրդարանի պատերից ներս են իրենց հպարտ, քաջ, անվեհեր զգում: Այն աստիճանի քաջ, որ մեկ-մեկ Ազգային ժողովը խառնում են քուչի հետ: Նենց էլի, քուչի տղերքով հավաքվում են, զրուցում, մեկումեջ տաքանում, ռազբորկա անում, իրար վրա շիշ շպրտում, քացի տալիս, վերջում քյաստմ տալիս, գնում տներով: Բայց դա՝ միայն իրենց քուչում: Քուչից դուրս էս աքլոր տղերքը կուռկուռի ձագ են դառնում: Կողքից փռշտում են, վռազ. Վլադիմիր ձյաձյա ջան, կասե՞ս, էս Իլհամը իրեն խելոք պահի, չի թողնում, որ իր դռան դեմով անցնենք: 

Ու մենք ուրախանում ենք, որ Վլադիմիր ձյաձյան Իլհամի հետ հանդիպում է, ասում. ապեր, մի քիչ տոռմուզ տու, ոտդ կախ գցի, մինչև տենանք՝ ինչ ենք անում: Ու ուրախանում ենք մինչև հաջորդ տխրությունը: Որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մեկ էլ Երևան-Երասխ ճանապարհը չի փակվի: 

Անպատասխան

Լավ, իսկ ի՞նչ անել: Այսքան գրում ենք, քննադատում ենք, զայրանում ենք: Լսեք, բավական բարդ է մութ սենյակում սև կատու գտնել, մանավանդ որ այդ կատուն սենյակում չէ: Այս գորշ խորհրդարանում էլ, դժվար է բանականություն գտնել, մանավանդ որ այն բացակայում է: Բանականության որոշ ռեսուրսներ խորհրդարանից դուրս կան, բայց ո՞վ դրանք կօգտագործի, եթե 25 տարի շարունակ արհամարհել, քարկոծել ու անտեսել են: 

Ու սա այն դեպքը չէ, որ ասես՝ ոչինչ, մի քիչ ժողովուրդը ծեծ կուտի, նեղը կընկնի, կխելոքանա: Կյանքը ցույց տվեց, որ ծեծ էլ կերավ, պատերազմ էլ պարտվեց, բայց բանականության կոչին չանսաց: Չենք ասում, ժեխ է, աղբ է. ոչ, խեղճ է, վախեցած է, 20 տարի նրան վախի ու տեռորի պայմաններում են պահել, սպանել են նրա մեջ իրապես ազատ, պետության համար իրապես հոգ տանող քաղաքացու ցանկությունը: 

Ու այսքանի մեջ չգտնվեց գոնե մեկը, որ ասեր՝ եղբայր, ժողովուրդ, մարդիկ, սխալ ենք եղել, տգետ էինք, չէինք հասկանում, մենք գնանք, մեր մոտ չստացվեց: Ոչ մի նման բան, շարունակում են հերոսի պոզա ընդունած, ստամոքսի հարց լուծել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ