...

Շաբաթվա աննախադեպերը

Շաբաթվա աննախադեպերը

Ամենաճարահատյալ նախարարը

Իսկ մենք արդեն կառավարություն ունենք: Բա: Թալիբները մինչև հիմա չունեն, իսկ մենք ունենք: Հետո էլ անուն են կպցնում: Նույնիսկ արտգործնախարար ունենք: Թալիբները մինչև հիմա... չէ, սա արդեն ասել էինք: Ընդ որում, Արարատ Միրզոյանը նորանկախ պատմության մեջ միակ արտգործնախարարը դարձավ, որին ճարահատյալ են նշանակել: Այսինքն, ոչ թե հաշվի են առել նրա դիվանագիտական կամ քաղաքական անցյալը, վարած քաղաքականությունը, այլ պարզապես այդպես է ստացվել: Հերթով կարող ենք նշել մեր բոլոր նախկին արտգործնախարարներին: Նրանցից ոչ մեկին չեն նշանակել միայն նրա համար, որ պետք էր մարդուն ինչ-որ տեղ տեղավորել: Արարատ Միրզոյանին պետք է Անվտանգության Խորհրդի քարտուղար նշանակեին, բայց քանի որ արտգործնախարարի պաշտոնը համաշխարհային դավադիր ուժերի պատճառով թափուր մնաց, ստիպված նրան տվեցին այդ պաշտոնը:

Սա, իմիջիայլոց, լրացրեց աննախադեպ փաստերի շարքը, որը սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ: 

Խորհրդարանական բունկերը

Հաջորդ աննախադեպը, ավելի ճիշտ՝ աննախադեպերի մի ամբողջ ծաղկեփունջը խորհրդարանում է կատարվում: Մեր մեջ ասած, վաղուց էր հասունանում այս աննախադեպը: Էս լրագրողները, արդեն մի 30 տարի կլիներ, իրենց ինչ-որ շատ ազատ էին զգում Ազգային Ժողովում: Գնում էին, միջանցքներում հավաքվում էին, իրար հետ զրուցում, ինֆորմացիաներ փոխանցում, որոնց մեջ կարող էին պետական գաղտնիքներ լինել, իսկ վերջին երկու տարում ընդհանրապես համը հանում էին: Չամռվում էին իշխանական պատգամավորներին, կասկածելի հարցեր էին տալիս, սրանք էլ էշ-էշ դուրս էին տալիս, ու այդ ամբողջ ֆոնը՝ հեղափոխություն, սեր, թավիշ, նոր դեմքեր, նոր հրաշալի կադրեր... սաղ փոզմիշ էր լինում: 

Իսկ հիմա այլևս նման բան չի լինի: Խելոք բան են մտածել: Այսուհետ խորհրդարանի շենքում հայտնվելն ավելի դժվար կլինի, քան ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարական բունկերում: Ամեն իշխանավորի կցել են երկու ավտոմատավոր, դե թող հիմա լրագրողները փորձեն հարցեր տալու համար մոտենալ: Տեղում կվնասազերծեն:

Հիմա մեր պատգամավորները հանգիստ կարող են ճեմել միջանցքներում՝ հայրենիքի համար մտածողի դեմքով, կարող են աշխատասենյակում օրենսդրական գործունեություն ծավալել կամ շարիկ գլորել՝ առանց վախենալու, որ մազերը բիզ-բիզ լրագրողները հանկարծ կարող են մտնել իրենց մոտ: Բա այդպես էլ պետք է լինի: 

Միամիտ հանրապետականները

Մի քիչ, իհարկե, տհաճ ստացվեց Նիկոլ Փաշինյանի լուսանկարի պահով: Լավրովի պլանը դավաճանական համարած, բայց հետո եռակողմ համաձայնագիր ստորագրած մարդը մի ժամանակ ալերգիա ուներ Սերժ Սարգսյանի լուսանկարներից, որոնք կախված էին հանրապետական պատգամավորների, դատարանների և հատկապես՝ ԱԱԾ պաշտոնյաների կաբինետներում: Ձեռքը խփեց սեղանին ու հայտարարեց, որ նման բան այլևս չպիտի լինի, պետության ղեկավարի լուսանկարն իրավունք ունեն կաբինետում կախել միայն Սերժ Սարգսյանի զավակները կամ թոռները:

Անցավ 2 տարի և հանկարծ, հոպլյա, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թոռներն ու զավակները օրեցօր ավելանում են: Խորհրդարանում արդեն մի 40 ժառանգ ունի, որոնք այնքան են սիրում Նիկոլ ամուն կամ Նիկոլ պապուն, որ նրա լուսանկարը պատերին են խփում: Բացառությամբ ԱԺ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի: Միայն նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր կաբինետի պատին փակցված է ոչ թե նրա համար, որ Փաշինյանն իր հայրն է, կամ՝ պապը, այլ՝ իր կուսակցության առաջնորդը: 

Հանրապետականները թող սա ականջին օղ անեն: Ախր շատ միամիտ էին: Սերժ Սարգսյանի լուսանկարի պահով ասում էին, թե պետության ղեկավար է, այսինքն՝ պետության խորհրդանիշ է: Այ ընկեր, ինչ սիմվոլ, ինչ բան, դրա փոխարեն ասեիք, որ ՀՀԿ-ի առաջնորդն է, միանգամից թեման կփակվեր: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ