...

Մետրոն և Աստվածաշունչը

Մետրոն և Աստվածաշունչը

Մետրոյում մեծ պաստառների վրա աստվածաշնչյան մեջբերումներ են հրամցնում ուղևորներին։ Հայտնի չէ՝ ով է նախաձեռնության հեղինակը։ Դժվար թե Հայ առաքելական եկեղեցին լինի․ պաստառների վրա որևէ նշում չկա։ 

Այնուամենայնիվ ուշադրություն է գրավում դրանցից մեկը․

« Մի՛ դատեք, որ չդատվեք, մի՛ պատժեք, և չպիտի պատժվեք, ներե՛ք, և ներում պիտի գտնեք Աստծուց»։ Ղուկաս, 6․37

Լավն է։ Եթե նույնիսկ աթեիստ եք, պիտի խոստովանեք, որ լավն է։ Բայց ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ է Երևանի մետրոպոլիտենը որոշել, որ չդատելու, ներելու քարոզն անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Եվ ո՞ւմ չպետք է դատեն, ո՞ւմ պետք է ներեն։

Չգիտես ինչու մտածում ես, որ կառավարության գլխի վախերի արտահայտությունն է։ Ընդ որում, հենց այն մարդու, որը ժապավենազարդ մուրճ էր թափահարում 2021-ի ամռանը՝ նախընտրական քարոզի ժամանակ։ Այն մարդու վախն է, որ պողպատե մանդատն էր գովերգում՝ որպես այլոց պատժելու իրավունք։ Այն մարդու վախն է, որ այսօր բռնում-բանտարկում է ռազմական գործիչների՝ իրեն հավատարիմ բոլոր քարոզչամիջոցներն օգտագործելով բանակը վարկաբեկելու համար։ Այն մարդու վախն է, որ երբեք չի մտածել ուրիշների անմեղության կանխավարկածի մասին։

Մտածում ես, որ Հատիս լեռան վրա Հիսուսի արձան կանգնեցնելու թույլտվություն տվողը, Սուրբ գրքից անպատեհ ու պռատ մեջբերումներ անողը շատ լավ գիտակցում է սեփական մեղքերը, բայց վախից ավելացնում է դրանց քանակը։

Մտածում ես նաև, որ այս խոսքի իմաստը չի հասկացել և չի էլ հասկանալու։ Բայց դե հանրությանը պետք է ներման զգացում ներշնչել։ Որ չդատվի։ 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ