...

Մյունխենյան կլոունադայի խորքային պատճառները

Մյունխենյան կլոունադայի խորքային պատճառները

Նիկոլ Փաշինյանի անամոթությունը բավականացրել է ոչ միայն ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ ուղերձ հղելու, այլև այդ ուղերձում «սիրելի արցախցիներին» անկոտրում և անսասան կամք մաղթելու համար։ Հասկանո՞ւմ եք, մարդը ձևացնում է, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել, ինչ էլ տեղի է ունեցել՝ իր հետ որևէ կապ չունի, ու հպարտորեն ազդարարում է, թե «միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»։ Իսկ կային ժամանակներ, երբ «Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու» հիմնական գործիքը հայկական բանակն էր, որը հենց ինքն էլ բացառիկ եռանդով ու հետևողականությամբ «վարի տվեց»․․․ Ինչևէ։

Անդրադառնանք մյունխենյան խայտառակությանը։ Խնդիրը միայն խղճուկ անգլերենը կամ տրամաբանության իսպառ բացակայությունը չէր, ոչ էլ երկրորդ աման խաշից հետո աթոռին դինջ փռված ու դեմքի «щас спою» արտահայտությամբ արտաբերած անհեթեթ մտքերն էին։ Դրանցով թող հոգեբանները զբաղվեն։ Խնդիրն այն է, թե երկրի ներսում լեզվակռվի մեծ վարպետ համարվող ու աջուձախ բոլորին «պատերին ծեփող» Նիկոլն ինչո՞ւ էր բերանը ջուր առել ու չէր համարձակվում հակադարձել Ալիևի դուրս տվածներին։ Սա իսկապես կարևոր է, որովհետև բոլոր առանձին դեպքերում Նիկոլի խոնարհ լռությունը կոնկրետ պատճառ ուներ։ 

Օրինակ՝ Ալիևը հայտարարեց, թե կապիտուլյացիան ընդունել է նաև հայ ժողովուրդը, որովհետև պատերազմից հետո ընտրել է կապիտուլյացիան ստորագրածին, ու Նիկոլը ծպտուն չհանեց։ Ինչո՞ւ։ Որովհետև չէր կարող ասել ճշմարտությունը։ Հո չէ՞ր ասելու, որ 2021-ի ընտրությունների արդյունքները միայն մի բանի մասին են վկայում՝ ինքը բացառիկ ճարպկությամբ կարողացել է խաբել ժողովրդին ու համոզել, թե իբր «խաղաղության դարաշրջան» է բացում, Հայաստանն էլ շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Դա կնշանակեր հրապարակավ ընդունել սեփական սուտասանությունը, ու Նիկոլը, բնականաբար, գերադասեց դրա փոխարեն ծաղրուծանակի առարկա դարձնել Հայաստանի ժողովրդին։

Երկրորդ՝ Ալիևը Հայաստանին մեղադրեց Ադրբեջանի տարածքներն օկուպացիայի ենթարկելու մեջ ու հիշատակեց ՄԱԿ ԱԽ բանաձևերը, ու Նիկոլը դարձյալ ծպտուն չհանեց, ավելի կոնկրետ՝ չասաց, որ այդ բանաձևերով գրավյալ տարածքներից դուրս գալու կոչեր էին արվում ոչ թե Հայաստանին, այլ Ղարաբաղին, հետևաբար՝ Հայաստանը ոչ մի տարածք էլ չէր օկուպացրել։ Իսկ ինչո՞ւ չասաց։ Նախ՝ որովհետև այդ փաստարկը ներկայացնելը կնշանակեր ընդունել, որ արցախյան առաջին պատերազմում Հայաստանը ճշգրիտ քաղաքականություն էր որդեգրել ու դրա շնորհիվ էլ խուսափել ագրեսորի պիտակից, իսկ Նիկոլն, ինչպես հայտնի է, իրենից առաջ տեղի ունեցած որևէ դրական բան չի ընդունում, և երկրորդ՝ եթե նման բան ասեր, Ալիևն իսկույն կհակադարձեր, թե «բա այդ դեպքում ինչո՞ւ էիր նոյեմբերի 9-ին որպես Հայաստանի վարչապետ պարտավորվում հայկական զորքերը դուրս բերել այդ տարածքներից», և այդպիսով իր գործած հերթական կոպիտ սխալը կբացահայտվեր։ Դրա համար էլ գլուխը կախ ոչինչ չասաց։

Երրորդ՝ Ալիևն անընդհատ ագրեսոր Հայաստանի մասին էր խոսում, իսկ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ որևէ բառ չասաց ՀՀ տարածք ներխուժելու և մոտ 200 քառակուսի կիլոմետր օկուպացնելու մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե ինքը համարում է, որ Հայաստանն էր 26 տարի շարունակ «օկուպացրել» յոթ շրջանները, ուրեմն ընդունում է նաև, որ հիմա էլ Ադրբեջանն է նույնն անում ու «վրեժ է լուծում», և, իր տրամաբանությամբ, «շատ էլ լավ է անում», էլ ի՞նչ կա խոսելու։

Ավերված մզկիթների ու մյուս հարցերի վերաբերյալ Նիկոլի «հակադարձումներին» ավելի լավ է չանդրադառնանք, որովհետև դրանց թողած ահավոր նստվածքից հնարավոր կլինի ձերբազատվել միայն մի դեպքում՝ եթե հետին թվով բժշկական տեղեկանք ներկայացվի այն մասին, որ պրն Փաշինյանը բարձր տաքություն ուներ և չէր հասկանում, թե ինչ է խոսում։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Նիկոլ Փաշինյանը մի անգամ խոստովանել է, որ բանակցությունների ժամանակ երբեմն ստիպված է եղել «իրեն գժի տեղ դնել»։ Մյունխենյան վերջին հանդիպումից հետո այդ խոստովանությունն այնքան էլ համոզիչ չի հնչում, որովհետև որպես կանոն՝ «իրենց գժի տեղ դնել» կարող են միայն նրանք, ովքեր իրականում գիժ չեն։

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ