...

Ալիևի «ուզածը» հայտնի է, Նիկոլի պատասխանը՝ անհայտ

Ալիևի «ուզածը» հայտնի է, Նիկոլի պատասխանը՝ անհայտ

Երեք տարի շարունակ «խաղաղության դարաշրջան» գովազդելուց հետո Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացել է, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Հասկացել և բարձրաձայն ձևակերպել է այն, ինչ երեք տարի շարունակ աղաղակում էին բոլորը․ «Ադրբեջանը շարունակում է «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»։ Իյա՛, իրո՞ք։ 

Չէ, չենք հեգնում, որովհետև Նիկոլ Փաշինյանի ինտելեկտուալ կարողությունների դեպքում այս պարզ իրողությունը հասկանալու համար պահանջված երեք տարին վատ արդյունք չէ։ Այլ հարց է, թե սա հասկանալուց հետո ի՞նչ եզրակացության է հանգում մեր հույժ ինտելեկտուալ վարչապետը։ Պարզ ասած՝ եթե Ալիևն ասում է «կամ ինքնակամ տվեք ուզածս, կամ զոռով կվերցնեմ», ո՞րն է Նիկոլի պատասխանը։ Ի վերջո եթե հակառակորդի պահանջը մեկնաբանում ես՝ քո պատասխանն է՛լ պիտի հստակեցնես, որովհետև մեզ ոչ այնքան Ադրբեջանի ասածի մեկնաբանությունն է հետաքրքրում, որքան մեր պատասխանը։ 

Զուտ ձևականորեն՝ պատասխան, իհարկե, կա․ «մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանը շատ հստակ է ձևակերպում այդ «օրակարգը» (կամ ինքնակամ տալիս ես, կամ ուժով եմ վերցնում), և երրորդ տարբերակ չի թողնում։ Հետևաբար, հարց է ծագում՝ այդ «օրակարգին» հավատարիմ Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակներից ո՞րն է նախընտրում, «ինքնակամ տա՞լը», թե՞ «ուժով վերցնելը»։ 

«Ուժով վերցնելու» տարբերակը նշանակում է նոր և լայնամասշտաբ պատերազմ, հետևաբար՝ ամենավառ երևակայության դեպքում անգամ հնարավոր չէ դա անվանել «խաղաղության օրակարգ»։ Մնում է ինքնակամ (Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «բանակցային եղանակով») տալու տարբերակը։ Այսինքն, «խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ»՝ նշանակում է ինքնակամ տալ այն, ինչ ուզում է Ադրբեջանը։ Ընդ որում՝ «այն, ինչ ուզում է»-ի վերջնական ցանկը հայտնի չէ և համալրվում է ամենօրյա ռեժիմով․ մեկառմիշտ հրաժարվել Արցախից, անկլավներ, «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցի փախստականների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», «ռազմական հանցագործների» բացահայտում, ռազմատուգանքներ, հրաժարում պատմությունից, Սահմանադրությունից, պետական խորհրդանիշներից, Սփյուռքից, բանակի թվի և սպառազինության սահմանափակում, բնօգտագործման սահմանափակումներ, հրաժարում ինքնուրույն արտաքին քաղաքականությունից, հետագայում՝ գուցե ադրբեջաներենը երկրորդ պետական լեզու ճանաչելու պարտադրանք․․․ Ցանկը կարելի է երկար շարունակել, որովհետև Ալիևը ոչ երևակայության պակաս ունի, ոչ ախորժակի, ու եթե հայտարարում ես, որ պատրաստ ես հանուն խաղաղության վճարել ցանկացած գին՝ այդ «ցանկացածի» ծավալն անընդհատ մեծանալու է։ Ու ինչ-որ պահի, միևնույն է, պատերազմն անխուսափելի է դառնալու։

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանա՞կ է ձգում՝ ձևացնելով, թե իբր պատրաստ է զիջել ամեն ինչ, բայց իրականում թաքուն ուժեր է կուտակում, որպեսզի ինչ-որ պահի կարողանա վճռականորեն «ոչ» ասել Ադրբեջանին։ Տեսականորեն չի բացառվում, բայց համաձայնվեք՝ այդպիսի քաղաքականությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ոչ միայն ժամանակ ես ձգում, այլև փորձում ես այդ ժամանակն արդյունավետ օգտագործել։ Իսկ այսօրվա իշխանություններն ակնհայտորեն այդ ժամանակն օգտագործում են բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու և դրանից առավելագույն դիվիդենտներ ստանալու համար։ 

Այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ նույն ժամանակն օգտագործում է իր հաջորդ ագրեսիան լեգիտիմացնելու համար, այդ թվում՝ նաև Հայաստանի իշխանությունների անուղղակի աջակցությամբ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ