Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերից հետո երևի արդեն բոլորի համար ակնհայտ դարձավ, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սկսված է, և այդ ընտրություններին մասնակցելու է նաև շատ կոնկրետ ադրբեջանամետ ուժ։ Այո, ոչ թե արևմտամետ կամ թուրքամետ, այլ հենց ադրբեջանամետ։ Ասվածը հիմնավորելու համար ներկայացնենք բուն խնդիրը՝ ի վերջո այսօրվա իրավիճակը խաղաղությո՞ւն է, ինչպես ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանական «դամքաշները», թե՞ սողացող կապիտուլյացիա, ինչպես ներկայացնում է ընդդիմությունն ու ինչպես ընկալում է հասարակության մեծամասնությունը։
Սկսենք ամենակարևոր հարցից՝ ինչո՞ւ մեր հասարակությունը չի հավատում «խաղաղությունն արդեն եկել է» նիկոլական թեզին։ Վստահաբար՝ պատճառն այն չէ, որ հասարակության մի մեծ հատված նրան համարում է պաթոլոգիկ ստախոս, ու հետևաբար՝ չի հավատում նրա ոչ մի խոսքին։ Պատճառն Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքներն են։ Նրանք ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում են ֆաշիստական պետություն, մեր տարածքը՝ «Արևմտյան Ադրբեջան», մեզ՝ հիվանդ հասարակություն, որին պետք է հարկադիր բուժման ենթարկել, և այլն։ Այլ կերպ ասած, մեր քաղաքական դաշտի և հասարակության՝ «Նիկոլի բերած խաղաղությանը» չհավատալն օբյեկտիվ պատճառներ ունի․ այն է՝ խաղաղության հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ-առավելապաշտական դիրքորոշումն է։ Իսկ ահա ըստ Ադրբեջանի՝ խաղաղության հիմնական խոչընդոտը «հայկական ռևանշիզմն» է, պարզ ասած՝ Հայաստանում կապիտուլյացիայի հետ չհամակերպվողների առկայությունը։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հենց դա էր ասում՝ դիմելով ոչ միայն ընդդիմությանը, այլև ընդհանրապես բոլոր չհամակերպվողներին․ «ուզում եք՝ թռեք վերև, իջեք ցած, ձեր նպատակը խաղաղությունը քայքայելն է, ես դա թույլ չեմ տալու»։ Հասկացա՞ք։ Այդ մարդը բառացիորեն կրկնում է Ադրբեջանի պաշտոնական թեզերը, որովհետև Հայաստանի ընդդիմությանն ու հասարակության չհամակերպվող հատվածի՛ն է մեղադրում խաղաղությանը դեմ գնալու մեջ։ Փաստորեն՝ մեղավորը ոչ թե Ադրբեջանն է, այլ «խաղաղությունից հրաժարվող» մեր հասարակությունը։ Հասկանալի է, չէ՞, որ միայն հիվանդ հասարակությունը կհրաժարվի իրական խաղաղությունից, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փաստացի կրկնում է «հայ հասարակությունը հիվանդ է» ալիևյան թեզը։ ՔՊ-ականների բուռն ծափահարությունների և հորթային հրճվանքի ներքո։ Ու նաև սպառնում է «խաղաղությունը քայքայողներին», և դարձյալ՝ ճիշտ և ճիշտ Ալիևի պես։ Պարզապես վերջինս կապիտուլյացիայի հետ չհամակերպվողներին ոչ թե «խաղաղությունը քայքայողներ» է անվանում, այլ «ֆաշիստներ», «ռևանշիստներ» և այլն, ու սպառնում է ոչ թե ճնշումը բարձրացնելով, այլ «երկաթե բռունցքով»։ Մնացածը նույնն է։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղու» անվան տակ Ադրբեջանին փաստացի միջանցք տալուն, ապա դա իր մեջ մեկ այլ՝ պակաս տեսանելի վտանգ էլ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ միջանցք հանձնելը քողարկելու համար, ու որպեսզի այնպես չստացվի, որ հայ սահմանապահներն ու մաքսավորները Հայաստան մտնող բոլոր ճանապարհները վերահսկում են՝ «Թրամփի ուղուց» բացի, կարող է ընդհանրապես բոլոր ճանապարհների վերահսկողությունից հրաժարվել։ Իբր՝ տեսեք, բոլոր ճանապարհներին նույն ռեժիմն է գործում, բոլորն էլ «անխոչընդոտ» են, բոլորն էլ օնլայն են վերահսկվում, էլ ի՞նչ եք ավելորդ աղմուկ բարձրացնում։
Ու այդ դեպքում Հայաստանն իսկապես կդառնա «անտերուդուս» տարածք՝ «ոտքի կոխան ամենքի»։
Մարկ Նշանյան