...

Նախկիններն ու ներկաները՝ կանեփի միասնական օրակարգով

Նախկիններն ու ներկաները՝ կանեփի միասնական օրակարգով

Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Հայաստանում կոռուպցիան վերացված է։ Հայաստանում հովանավորյալներ չկան, ըստ այդմ՝ նախկինների գաղջ-հովանավորչական մթնոլորտն այլևս ցրված է։ Այս երեք սկզբունքներն են, որ անընդհատ շրջանառում են իշխանությունները կամ նիկոլապաշտները։ Մինչդեռ սրանք միֆեր են, որոնք ամեն օր մաշվում են հերթական հետաքննական հոդվածից հետո։ Այս անգամ այս միֆը կոտրել է Սիվիլնեթը, որը հետաքննական ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանում կանեփի արտադրության վերաբերյալ։ Ծավալուն հրապարակումից առանձնացնենք հետևյալը․

    Տիգրան Ավինյանի լոբբինգով 2021 թ․ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվել է արդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ 

      Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Տիգրան Ավինյանի ընկերը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը՝ Ստեփան Մարգարյանը, երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ 

    Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։

     Ընկերությունում, ի թիվս այլ անձանց, 10 տոկոսի «փայ» ունի Տիգրան Քրմոյանը, որը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ 

     Մյուս բաժնետերը՝ Էդուարդ Մելիքյանը, հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ 

    Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։

    Կանեփ արտադրող ընկերության տնօրեններ են նշանակվում Ավինյանի ընկերները՝ խորհրդականը, տեղակալը, աշխատակազմի ներկայացուցիչը և այլն։ 

Ինչպես տեսնում եք, նախկինների ու ներկաների ներդաշնակ գործունեությունը շարունակվում է։ Խաղի կանոնը նույնն է, խաղացողները՝ ևս։

Պարզապես դերերն են փոխվել։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1918 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ