...

Նիկոլ Փաշինյանի նեղ օրվա մասին

Նիկոլ Փաշինյանի նեղ օրվա մասին

Սյունիքի մարզում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սահմանադրական դատարանի այս 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, իսկ 96-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարներն են եղել, մի շարք մտորումների տեղիք տվեց: 

Սա էլ որերորդ անգամ Փաշինյանը բավական նեգատիվ արտահայտվեց Տեր-Պետրոսյանի և վերջինիս կառավարման տարիների վերաբերյալ: 

Ընդհանրապես, Առաջին նախագահի ֆիգուրը յուրօրինակ լակմուսի թուղթ է հանդիսանում քաղաքական դաշտում գործող ուժերի համար: Արդեն մի 25 տարի: Այսօր քաղաքական ուժերի մեծ մասը իր գործունեության մեջ առաջնորդվում է Տեր-Պետրոսյանին հակադրվելու և նրանից տարածություն պահելու վարքագծով: Առաջին նախագահը կարծես փրկօղակ լինի այդ ուժերի համար՝ արդարացնելու իրենց ձախողումները, գաղափարական սնանկությունը, սկզբունքայնության բացակայությունը, տգիտությունը: 

Սա արդեն 30 տարի Տեր-Պետրոսյան-նախագահի շուրջ սիստեմատիկ կերպով տարած քարոզչության արդյունքն է, որը հանրային գիտակցության մեջ խորը արմատներ է թողել: 30 տարի շարունակ, ամեն օր այդ գիտակցության մեջ սերմանել են, որ Լևոնը հողեր ծախող է, դավաճան է, ԿԳԲ-ի ագենտ է, երկիրը թալանել է, արդյունաբերությունը քանդել է և բազմաթիվ այլ մեղքեր: Այդ թվում՝ իհարկե, որ 1996թ. ընտրությունները կեղծել է: Հիմա էլ, օրինակ, եթե Յութուբում Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ինչ-որ տեսանյութ բացեք, տակը օգտատերերի գրառումների մեծ մասը վիրավորանքներ են նրա հասցեին: Եվ դա՝ դեռ մեղմ ասած:

Բայց որ մի ցուցակ կազմես, թե ովքեր են այս տասնամյակների ընթացքում զբաղվել Առաջին նախագահին զրպարտելով, նրան հանցանքներ վերագրելով, նրա գործունեությունը սևացնելով, նրա մասին բամբասանքներ տարածելով, ապա այդ ցուցակի վերևում կհայտնվեն մարդիկ, ովքեր իշխանություն են զավթել, 1999թ. հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի ոճրագործություն են կազմակերպել, որոնք 20 տարի շարունակ մսխել են մեր պետության ռեսուրսները՝ մարդկային ֆինանսական, բարոյական, դարձել են Հայաստանի ամենահարուստ կլանների պարագլուխները: 

Իսկ հիմա մի ցուցակ էլ կազմենք, թե ովքեր են այսօր կատաղի պայքար մղում հեղափոխության դեմ, օրվա իշխանությունների դեմ, ֆինանսական ահռելի միջոցներ ծախսում հեղափոխական արժեքների դեմ քարոզչական պատերազմի համար ու կպարզվի, որ այս ցուցակի վերևում էլ են նույն մարդիկ: Տեր-Պետրոսյանն այս ցուցակում չկա:

Տեր-Պետրոսյանը հեղափոխությանը հայտարարած պատերազմում կանգնած է խրամատի այն կողմում, որտեղ իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բայց վերջինս շարունակում է համարել, որ Առաջին նախագահը այն գործոնը չէ, որը պետք է հաշվի առնել: Ավելին, հանրային գիտակցության մեջ Տեր-Պետրոսյանի բացասական կերպարն օգտագործում է իր ելույթներում, քարոզչությունում, պարբերաբար նրան թվարկում է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքին, որպես չարիքի առանցքներ: Ու սա հովացնում է հանրության մի ստվար զանգվածի սրտերը, հագուրդ տալիս նրանց ատելության կրքերին: 

Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ կարող է այսպես իրեն դրսևորել, որ 30 տարվա այդ հակաքարոզչական տեխնոլոգիաների կիրառումը իրեն էլ լրացուցիչ միավորներ կբերի: Իսկապես, նրա վարկանիշը շարունակում է բավական բարձր մնալ, հանրային աջակցության ռեսուրսը բավարար է, ի՞նչ պրոբլեմ ունի: 

Ահա այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է, և ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ, ինչպես իրեն է թվում: Մի շարք տակտիկական բացթողումներ թույլ տալով՝ հետո դրա համար կարող է շատ թանկ վճարել:

Նախ՝ հանրային ռեսուրսի մասին: Ինչ էլ անի Նիկոլ Փաշինյանը, ոնց էլ անի, նա երբեք չի ունենա հանրային աջակցության այն աստիճանը, որը 1991թ. ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև 90 տոկոս էր հասնում: Եթե Նիկոլ Փաշինյանին ասոցացնում են հեղափոխության հետ, ապա Առաջին նախագահին՝ Շարժման, հեղափոխության և Անկախության հետ: Բայց Տեր-Պետրոսյանի հանրային այդ ռեսուրսը ժամանակի հետ սկսեց նվազել: Դրա համար կային բազմաթիվ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ: Պատերազմ, շրջափակում, տնտեսական ծանր վիճակ, հետխորհրդային երկրների տնտեսական կապերի փլուզում, փախստականներ, փորձի պակաս, պետականության ավանդույթների բացակայություն, բարեփոխումների դանդաղեցում և՝ իհարկե, բոլշևիկյան-դաշնակցական կատաղի քարոզչական տեռոր. սա հանգեցրեց հանրային աջակցության այնպիսի նվազեցմանը, որն էլ 1998թ. հեղաշրջման գրավականներից մեկն էր: 

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հանրային այս ռեսուրսն էլ հավերժ չէ: Իրեն անընդհատ հարվածելու են, քննադատելու են, սևացնելու են: Տեսնում ենք՝ ինչ են անում: Սխալներ է թույլ տալու, դրանք ամեն օր աչքն են մտցնելու: Վերջին թարմ պատմությունը՝ կուրթանցի այդ խեղճ ու կրակ տղայի հետ կապված, դրա վառ վկայությունն է: Այնպես որ, այդ ռեսուրսը գնալով նվազելու է: 

Դրա համար, բացի հանրային ռեսուրսից, անհրաժեշտ է նաև քաղաքական ռեսուրս: Որ մի հատ տնտղում ենք Փաշինյանի ունեցածը, ապա խղճալի պատկեր է ստացվում: Նրա քաղաքական ռեսուրսը գաղափարական հենք չունի: Դա հեղափոխական հենք է: Շատերը նրան միացել են միայն հեղափոխությունից հետո՝ իշխանության գալու նպատակով, շատերն իսկապես նրան հավատալով են միացել, բայց նրանց միջև գաղափարական որևէ ընդհանրություն չկա: Դրա վառ վկայությունը խորհրդարանն է, որտեղ «Իմ քայլի» խմբակցության անդամների մի մասը նախկին հանրապետականներ են, ու հոգով, էությամբ, բովանդակությամբ էլ մնացել են հանրապետականներ, մի մասը՝ գաղափարազուրկ է, մի մասը՝ սովորական կարիերիստ, որոնք սովոր են մի օրվա մեջ կուսակցությունից կուսակցություն թռնել, մի որոշ մասն էլ բացահայտ Փաշինյանի դեմ է գործում: Հիմա այս ամենը այդքան էլ չի երևում, այնքան էլ խնդրահարույց չէ, բայց մի օր սրա հետևանքներն էլ են ծանր լինելու:

Միակ ուժը, որը Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն է ցուցաբերել, ընդ որում՝ անշահախնդիր, առանց պաշտոններ և մանդատներ ստանալու ակնկալիքի՝ Տեր-Պետրոսյանն ու իր ղեկավարած կառույցն է եղել: Այդ աջակցությունը ոչ թե Փաշինյանի քայլերին կուրորեն ծափահարելն է եղել, վարչապետի լայվերը սրտիկելն ու շեյր անելը, ինչպես անում են իմքայլականները, այլ՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու միտված առաջարկները, ներկայացրած ծրագրերը, խորհուրդները, նաև՝ քննադատությունը: Իսկ վարչապետը այդ ռեսուրսն իրենից վանում է: Եթե քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ապա Փաշինյանն այդ արվեստին վատ է տիրապետում: Ու գնում է նույն ճանապարհով, որն արդեն անցել էր Վազգեն Սարգսյանը:

1998թ. հեղաշրջումից հետո Վազգեն Սարգսյանը իսպառ մերժեց նախկին թիմակիցներին, նրանցից տարածություն վերցրեց, նոր ուժ ստեղծեց, և իր խարիզմայի, Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքի շնորհիվ իշխանության եկավ: Բայց քաղաքական ռեսուրսը խղճուկ էր: Խորհրդարանում «Միասնություն» դաշինքի մեծամասնությունը կարիերիստ, գաղափարազուրկ, առնետավազքում հմտացած դեմքեր էին, որոնք գաղափարական ոչ մի ընդհանրություն չունեին: Մի տարվա ընթացքում Վազգեն Սարգսյանը կորցրեց իր բազմաթիվ հրաշալի, իսկապես նվիրված զինակիցների: Թե քաղաքականապես, թե ֆիզիկապես: Ու 1999թ. աշնանը նա մեծ հաշվով մենակ էր մնացել: Ո՞վ էր այդ իրավիճակում նրան փորձում աջակցել, զգուշացնել սպասվող վտանգների մասին. Վանո Սիրադեղյանը: Վազգենի հին, միգուցե նախկին, բայց իրական ընկերն ու զինակիցը: Մնացածն արդեն գիտեք. Վազգեն Սարգսյանին վերացրին, իսկ «Միասնություն» խմբակցության պատգամավորների մեծ մասը անմիջապես դարձավ քոչարյանական ու սերժական: 

Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով է գնում՝ վստահ լինելով, քաղաքականության մեջ հավերժական շարժիչ ունի, ինչը իրեն թույլ է տալիս անտեսել քաղաքականության կարևորագույն բաղադրիչները: Ցավոք, հավերժական շարժիչը ուտոպիա է, որը շատերին է մոլորության գիրկը գցել: Ու որ վաղը ինքը նեղն ընկնի, իսկ դրա հավանականությունը մեծ է, ոչ Սոֆյա Հովսեփյանը, ոչ էլ Վիկտոր Ենգիբարյանը մատը մատին չեն խփելու նրան այդ նեղ վիճակից հանելու համար: Դա անելու է այն ուժը, որին ինքը արհամարհած ունի: Անելու են այն մարդիկ, ովքեր ծեծ են կերել ու հալածվել 1988-ին, 2003-ին, 2008-ին: 

Այնպես որ, վարչապետը մտածելու և հաշվարկելու տեղ ունի: Համարվում է, որ քաղաքագիտությունը՝ հումանիտար գիտություն է, ինչն իրականում այնքան էլ այդպես չէ: Քաղաքագիտական երևույթներն ու քաղաքական գործընթացները նույնպես հաշվարկելի են, դրանք կարելի է չափել, գումարել, հանել, դրանց արդյունքում օրինաչափություններ վերհանել, կանխատեսումներ անել: Նրանք, ովքեր քաղաքականության մեջ առաջնորդվում են միայն ռոմանտիզմով, պաթոսով, խոսքով և ցանկությամբ՝ առանց այդ ամենը հաշվարկելու, ճշգրիտ վերլուծելու, վերջում կոլապսի են ենթարկվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ