...

Նիկոլ Փաշինյանի զանգուլակները կապ չունեն ժողովրդավարության հետ

Նիկոլ Փաշինյանի զանգուլակները կապ չունեն ժողովրդավարության հետ

Ո՛չ, խորհրդային ամբողջատիրական համակարգը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը այնքան վնաս չեն տվել ժողովրդավարության գաղափարին, որքան Նիկոլ Փաշինյանը։  Հարցնենք՝ ինչո՞ւ, և պատասխանենք․

1․ 1988 թ․ սկսված Արցախյան շարժումն իր բնույթով ժողովրդավարական էր, որովհետև թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ազգային գաղափարների պաշտպանությունը հնարավոր դարձավ, երբ խորհրդային իշխանությունը փորձեց կայսրության կյանքում ներդնել ժողովրդավարության տարրեր․ մի քիչ ազատականացրեց տնտեսությունը, թույլ տվեց, որ մարդիկ խոսեն անարդարությունների, կոռուպցիայի, խղճի և մտքի ազատության մասին։ Բնական էր, որ հայերս պետք է ժողովրդավարության այս ծիլերն օգտագործեինք ազգային խնդիրները լուծելու համար։ Ուրեմն Արցախյան շարժումը բնույթով նախ և առաջ ժողովրդավարական էր։

2․ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդդիմության պայքարի հիմքում ընկած էին ժողովրդավարական արժեքները։ Հետընտրական բողոքները նույնպես տեղավորվում են սրա մեջ։ Մարդիկ պաշտպանում էին իրենց արդար քվեն, այսինքն՝ ժողովրդավարական միջոցներով իշխանություն ձևավորելու իրավունքը։

3․ 2018-ի իշխանափոխությունը կամ «թավշյա հեղափոխությունը» շատ-շատերն ընկալեցին որպես ժողովրդավարության հաղթանակ, քանի որ հույս ունեին, թե ժողովրդի ճնշմամբ տեղի ունեցածով Հայաստանն ազատվում է անձնիշխանությունից։ 

Ի դեպ, արտաքին աշխարհի ժողովրդավար հատվածը՝ Արևմուտքը, անթաքույց ջերմությամբ էր ընդունում Նիկոլ Փաշինյանին, որովհետև այնտեղ էլ էին նրա հետ որոշակի հույսեր կապում․ դրանցից մեկը տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելն էր։ 

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ներսում մսխեց ժողովրդավարական արժեքներին հավատացող մարդկանց ռեսուրսը՝ դատարկաբանությամբ լցնելով քաղաքական և լրատվական ոլորտները, իսկ դրսում գրողի ծոցն ուղարկեց արցախյան խնդրով բանակցային ամբողջ գործընթացը, որովհետև չէր ուզում «դավաճան կոչվել»։ 

2020-ի պատերազմի ժամանակ միջազգային հանրությունը՝ ժողովրդավարներն ու հակաժողովրդավարները, միասնաբար սատարեցին բռնապետական Ադրբեջանին, իսկ ժողովրդավարության պատրանք ունեցող Հայաստանը մնաց մենակ և պարտվեց։ Նիկոլ Փաշինյանին ընտրողներից շատերը, 2018-ի ոգևորությամբ արբեցած, կարծում էին, որ դաշնակիցներ ունենք Արևմուտքում և այդ դաշնակիցներն առնվազն պետք է պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի քթից կախված «ժողովրդավարական» զանգուլակների, չարաչար սխալվեցին։ Հիասթափությունը, վիրավորանքը մեծ էր շատ հայաստանցիների և արցախցիների համար, քանի որ զարմանալի միամտությամբ հավատում էին ինչ-որ արդարության՝ առանց հասկանալու, որ անլրջությունը, անուղեղությունը պատժելի են, եթե անգամ պաճուճված են խիստ ժողովրդավարական հանդերձանքով։ 

Բնական է, որ հիմա Հայաստանում ժողովրդավարական արժեքներից խոսելը ծաղրի է նման, բնական է, քանի որ Ադրբեջանի բռնապետը հաղթել է, իսկ մեր «ժողովրդավարը»՝ պարտվել և շարունակում է պարտության և ավերի իր ճամփան՝ որպես ընդդիմություն ունենալով ժողովրդավարության հետ աղերս չունեցող «նախկիններին»։ 

Նիկոլ Փաշինյանի ազգակործան գործունեությունն ու պահվածքը վարկաբեկում են կարևորագույն գաղափարներ՝ ժողովրդավարությունը և խաղաղությունը։ Հերթը պետականությանն է։ 

Վերջում հիշեցնենք․ 1988-ի ժողովրդավարական, ազգային-ազատագրական պայքարի արդյունքը պետականության վերականգնումն էր, ազատագրված Արցախը։ Ժողովրդավարական Հայաստանը 90-ականների առաջին կեսին կարողացավ հաղթել Արցախյան պատերազմում, կարողացավ դժվարին պայմաններում պետականության հիմքերը դնել և գործընկերային հարաբերություններ ստեղծել արտաքին աշխարհում։ Մեզ հարգում էին, որովհետև մեր առաջին իշխանությանը խորթ էին դատարկախոսությունը, պոպուլիզմը և դիլետանտիզմը, որովհետև նախ և առաջ ուղեղ ունեինք։ 

Զարուհի Գաբրիելյան
 

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1756 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ