...

Նիկոլ Փաշինյանին նոր մոդելի «վոյին» է պետք

Նիկոլ Փաշինյանին նոր մոդելի «վոյին» է պետք

Արդեն իսկ ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը փորձելու է լուրջ գործունեություն ծավալել Հայաստանի ներքաղաքական կյանքում և անգամ հավակնել «գլխավոր ընդդիմադիրի» դերին։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը նման բաները զգում է անեկդոտի վրացու նման՝ «սպիննիմ մոզգոմ», իշխանական քարոզչամեքենան նրա դեմ արշավը նախապես է սկսել։ 

Բայց ի՞նչ «գաղափարական հիմքով» է Ռուբեն Վարդանյանը պատրաստվում մտնել Հայաստանի քաղաքական դաշտ և զբաղեցնել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տեղը։ Նախօրեին նա հայտարարել է, թե «Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել», և ավելացրել է, թե ինքն ապրում է Սարդարապատի մոդելով, Արայիկ Հարությունյանը՝ քաղաքական բանակցությունների։ Այսինքն՝ պրն Վարդանյանն ի սկզբանե հակադրում է պայքարն ու քաղաքական բանակցությունները, այլ կերպ ասած՝ նրա համար «բանակցելն» ու «հանձնվելը» հոմանիշներ են։

Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում (հասկանալի է, չէ՞, որ նա Արայիկ Հարությունյանի անունն է տալիս, բայց Նիկոլ Փաշինյանին նկատի ունի) նա, իհարկե, իրավացի է։ Որովհետև Նիկոլը սկզբում ըստ էության հրաժարվեց բանակցություններից՝ հայտարարելով, թե Արցախը Հայաստան է, և վերջ, հետո սկսեց «ապրել Սարդարապատի մոդելով», իսկ կապիտուլյացիան ստորագրելուց հետո առ այսօր բանակցում է հանձնվելու պայմանների շուրջ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Ռուբեն Վարդանյանի առաջարկած մոդելը սև ու սպիտակի տրամաբանության մեջ է, այսինքն՝ միջանկյալ տարբերակներ չկան։ Կամ պետք է Սարդարապատի տրամաբանությամբ պայքարել մինչև արյան վերջին կաթիլը՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանային իրողությունները, ուժերի հարաբերակցությունը, ուժային կենտրոնների առաջնահերթությունները և այլն, կամ հանձնվել։ Բանակցությունների միջոցով հնարավոր առավելագույնը ստանալու կամ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու տարբերակն ընդհանրապես քննարկման ենթակա չէ։ Ի դեպ՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի համար։ Տարբերությունն ընդամենը այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ արդեն հրաժարվել է ողջամտությունից ու «ամեն ինչ սկսել սեփական կետից», արդյունքում՝ կործանել է Արցախն ու Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ Ռուբեն Վարդանյանը համարում է, որ «էդ հաշիվ չէր», մեզ ևս մի Սարդարապատ է պետք, և ահա ինքը կգա ու ևս մի անգամ «կսկսի սեփական կետից»։ 

Իրականությունն այն է, որ Հայաստանը պիտի փորձի բանակցությունների միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով, բայց դա հնարավոր է անել միայն մի դեպքում՝ եթե ունենանք ադեկվատ, իրավիճակը ճիշտ գնահատելու ընդունակ և այդ իրականությունը հանրությանը ներկայացնելու համարձակություն ունեցող իշխանություններ։ Այլ հարց է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռուբեն Վարդանյանը այդ չափորոշիչներին չեն համապատասխանում։ Առաջինին բացառապես սեփական իշխանության պահպանումն է հետաքրքրում, երկրորդն էլ ոչ թե «բանակցությունների մոդելով է ապրում, այլ Սարդարապատի»։ Բայց քաղաքական դաշտը սև ու սպիտակի տրամաբանությամբ բևեռացնելը երկուսին էլ ձեռնտու է։ Ռուբեն Վարդանյանին ձեռնտու է, որովհետև հասարակությանը կներկայանա որպես նոր «վոյին», բայց՝ առանց արյունոտ անցյալի, Նիկոլ Փաշինյանն էլ հնարավորություն կունենա նոր շունչ տալ «խաղաղության աղավնու» իր ձախողված կերպարին՝ ներկայացնելով այնպես, թե իր այլընտրանքը լինելու է «նոր Սարդարապատը»։

Սև ու սպիտակի այս բաժանումը, ի դեպ, ձեռնտու է նաև արտաքին խաղացողներին։ Թե որ բևեռն ինչ շեղվածություն կունենա՝ էական չէ, երկուսին էլ հեշտությամբ հնարավոր կլինի օգտագործել հանուն սեփական շահերի։ Կարևորը՝ հանկարծ ադեկվատ իշխանություններ չձևավորվեն։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1166 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ