...

Նիկոլ Փաշինյանը ծանրագույն վնաս է հասցրել նաև արևմտյան արժեքներին

Նիկոլ Փաշինյանը ծանրագույն վնաս է հասցրել նաև արևմտյան արժեքներին

Հիշո՞ւմ եք՝ 10-12 տարի առաջ լրագրող Նիկոլ Փաշինյանը մի բառ էր հորինել՝ եվրոյոնջաներ: Այո՛, այո՛, չեք սխալվում. 2008-ի արյունալի դեպքերից հետո էր, երբ մեր հասարակությունն առնվազն զարմացած էր Արևմուտքի ներկայացուցիչների սառը վերաբերմունքից: Սակայն հետո նա դարձավ պատգամավոր և հատկապես «Ելք» դաշինքի անդամ, վերածվեց թունդ արևմտամետի:

2018-ին Արևմուտքը ոգևորված ողջունեց փաշինյանական իշխանափոխությունը: Այսպես, եվրոպական երկրների ներկայացուցիչները «հեղափոխության» ընթացքում օրական 3-4 հայտարարություն էին անում՝ կանխելով բռնությունները ցուցարարների նկատմամբ:

Հանուն արդարության նշենք, որ մեր հասարակության մեծամասնությունը հավատացած էր, թե «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում կհաստատի, կամրապնդի դեմոկրատիան և ազատությունը, այսինքն՝ արևմտյան քաղաքակրթության հիմնական արժեքները: 

Իհարկե, այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե Արևմուտքին հետաքրքրում է միայն արժեքային համակարգը: Սակայն մտածում ենք, որ դրանք են կարևոր: 

Իսկ ի՞նչ արեցին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, որի բազմաթիվ անդամներ անցել են եվրոպական թրեյնինգներ, այսինքն՝ ծախսել են եվրոպացի հարկատուների փողերը:

1. Ն. Փաշինյանը, չունենալով ոչ մի սկզբունք, «արևմտամետից» վերածվեց «ազգայնականի»՝ հայտարարելով, որ Արցախյան հարցի բանակցությունները սկսում է իր կետից, որ Արցախը Հայաստան է, և վերջ:

Նա տապալեց խաղաղ կարգավորման գործընթացը և արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերը: Պատերազմի և Հայաստանի պարտության պատճառով տարածաշրջանում ուժեղացան Ռուսաստանը և Թուրքիան, վտանգված է անգամ դեպի Արևմուտք ձգտող Վրաստանը:

2. Անգաղափար, անկայուն, փնթի «քաղաքականությամբ» Ն. Փաշինյանը Հայաստանում վարկաբեկեց արևմտյան արժեքները՝ դեմոկրատիան և խոսքի ազատությունը, քանի որ առաջինը պատկերացնում է որպես օխլոկրատիա, իսկ երկրորդը՝ ատելության խոսքով ամբոխին գրավելու միջոց:

3. Հայերիս մեծամասնության համար կարևոր արժեքների՝ Հայ առաքելական եկեղեցու, հայոց պատմության, այժմ արդեն հայկական տարածքների, օր.՝ Շուշիի դեմ անզգույշ, չհաշվարկված արտահայտություններով և գործողություններով, կրթական անիմաստ, անտեղի «բարեփոխումներով»՝ եվրոպական արժեքների հակառակորդների համար գործունեության լայն ասպարեզ են ստեղծել: Այսպես, արևմտյան արժեքները, շատերի կարծիքով, հակադրվում են ազգային արժեքներին:

Այս «փայլուն նվաճումների» շարքը կարելի է շարունակել, բայց վերջակետ դնենք: Ասենք միայն, որ թե՛ մեր հասարակությունը, թե՛ արևմտյան կառույցները պետք է զգաստանային գոնե այն օրը, երբ Ն. Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց՝ եթե ինքը վարչապետ չդառնա, Հայաստանը վարչապետ չի ունենա:

Մուսոլինիի ականջը կանչի...

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ