...

Ո´չ սերժացմանը, ո´չ ռոբոտացմանը, այո´...

Ո´չ սերժացմանը, ո´չ ռոբոտացմանը, այո´...

Սյունյաց ծաղիկները ձեզ են սպասում

Քանի շաբաթը չի ավարտվել, մի երկու խոսքով այն ամփոփենք: «Դիմադրություն» շարժումը... Չբռնե՞նք, գրենք՝ «Անդիմադրություն» շարժում, այդպես ոնց որ ավելի ճիշտ է հնչում:

Լավ, էս հետաքրքիր թեմա չի: Պատկերացրեք, ավելի հետաքրքիր թեմա էր, որ Աննա Հակոբյանը գնացել էր Սյունիք: Ուղիղ երկու օր հայկական մամուլի գլխավոր լուրը այն էր, թե մարզի համայնքապետերից ով ծաղիկներով կդիմավորի վարչապետի տիկնոջը, իսկ ով պարզապես կբարևի: Քաջարանի քաղաքապետին միանգամից դավաճան հանեցին. բոլ-բոլ ծաղկեփունջ էր տվել, իսկ Գորիսի քաղաքապետը հերոս տղա է: Ամեն ինչ կախված է Մեղրիի քաղաքապետից, առայժմ հաշիվը 1:1 է: 

Ծառայողական սիրավեպ

Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է նոր գյուղ կառուցել: Զրոյից սարքի, «պադ կլյուչ» հանձնի: Իրականում իր այս նախաձեռնության մեջ ուշացել է. Հայաստանում արդեն Նոր Գյուղ կա՝ Կոտայքի մարզում: Որպեսզի վարչապետի երազանքը կատարվի, կամ պիտի այդ գյուղին տրվի հին անունը՝ Թազագյուղ, կամ էլ՝ հայտարարի ոչ թե նոր գյուղ, այլ նոր քաղաք կառուցելու մասին: 

Մանավանդ, որ մեր մոտ նոր քաղաքներ չկան, եղածներն էլ մի տեսակ խունացած, դժգույն տեսք ունեն: Մի հատ լավ պսպղուն, գույնզգույն, նիկելապատ քաղաք է պետք: 

Մինչև նոր քաղաքը կառուցվի, այդ ընթացքում Փաշինյան-Ծառուկյան պատմամշակութային սիրավեպի արդյունքում ծնվելու է Քրիստոսի արձանը: Հատիս լեռան վրա: Իրար կես խոսքից հասկանում են. Ծառուկյանը իր հերթական հայրենանվեր մուրազը բերնից դեռ չթռցրած՝ Փաշինյանն այն պեչատում է՝ տակն էլ մակագրելով՝ «այո´ դոդացմանը»: Հայ Առաքելական եկեղեցին թող իրեն պատերով տա, դեմ արտահայտվի, բայց սերը սենց բան է, կարող է ոչ միայն Հատիսը, այլև ցանկացած լեռ շուռ տալ:

Ճիշտը մածունի սևն է

Ու գիտե՞ք՝ ով է ամենաշատը մեղավոր, որ ի վերջո իշխանությունները՝ Ծառուկյանի հետ թև թևի տված, որոշեցին ծալած ունենալ հանրությանն էլ, Եկեղեցուն էլ: Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը հրապարակավ կոչ արեց հրաժարվել Քրիստոսի արձանը սարքել-տեղադրելու գաղափարից, անմիջապես որոշեցին հակառակն անել: 25 տարի է, այս վիճակն է: Ինչ Տեր-Պետրոսյանն առաջարկում է, բռնում, հակառակն են անում:

Ասում է՝ արժանապատիվ խաղաղություն, բռնում, երկիրը տանում են դեպի ամոթալի պարտություն: Ասում է՝ հարևանների հետ խաղաղություն և հարաբերությունների կարգավորում, ասում են՝ չորս հարևան, չորս ճակատ: Ասում է՝ փակ սահմաններով զարգացում չկա, ասում են՝ 100 տարի էլ փակ սահմաններով կզարգանանք: Ասում է՝ մենք պետք է մեր ուժերին ապավինենք, կեսն ասում է՝ մեր փրկությունը Ռուսաստանն է, մյուս կեսը՝ մեր փրկությունը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն ու Իրանը: 

Դրա համար Առաջին նախագահը տակտիկան պետք է փոխի: Այ, եթե ողջուներ Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարը, ասեր՝ էս ի՜նչ լավ բան եք անում, կեցցեք, անմիջապես բնում կխեղդեին այդ գաղափարը, Եկեղեցին բանադրանքի կենթարկեր գաղափարի հեղինակին, իշխանությունն էլ Ծառուկյանի վզին 4,2 մլրդ դրամի տույժ ու տուգանք կդներ՝ Քրիստոսին անարգելու մեղադրանքով: 

Օրինակ՝ հիմա ինչքա՜ն լավ կլիներ, եթե 2018-ին Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տար ոչ մի դեպքում չհրապարակել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում սեղանին դրված վերջին առաջարկները: Ասեր՝ հանկարծ ոչ մեկին չասես դրա մասին, տար սեյֆում դիր, փակի տակ պինդ պահիր: Հանդիպումից 10 րոպե անց Փաշինյանը լայվ էր մտնելու, իիիիինչքան բանակցային փաստաթուղթ, սղագրություն, ձայնագրություն, բան կար, հերթով ներկայացնելու էր: Ու մենք կիմանայինք, թե նախկինները մեզ ինչ են ժառանգել բանակցային գործընթացում, ոչ ոք իր ուզածի պես չէր կարողանալու շահարկել դրանք: Ու հնարավոր է, բանը պատերազմի չհասներ: 

Դրա համար ինչ ենք խնդրում Առաջին նախագահից. որ կանգնի, հայտարարի՝ բոլորը պետք է սիրեն ու փայփայեն այս իշխանություններին ու այս ընդդիմությանը: Էդքան բան: Ու մի կողմ քաշվի: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ