...

Ո՞նց էր համը Ինձագի

Ո՞նց էր համը Ինձագի

Լոնդոնի մեկը

Այս շաբաթ, իհարկե, մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Վազող տողի ոճով արագ նշենք. 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում է, ընտանիքով, և դա վախեցնում է: Այսինքն՝ ինքն է վախեցնում, որ իր վոյաժից մարդկանց լեղին պատռվելու է: Դե, եթե Ալեն Սիմոնյանն արդեն հասցրել է Հունաստանի ռեստորաններում տժժալ, ու դրանից որևէ մեկի լեղին չի վնասվել, հուսանք, որ սա էլ հետևանքներ չի ունենա: Թերևս, մենակ Վարդգես Գասպարին պիտի մտածի իր լեղիի մասին, եթե շարունակի պառկած մնալ ասֆալտին, մինչև ԱԺ նախագահը չստանա արժանի պատիժ մարդկանց դեմքերին թքելու համար:

Արդար է, արդար

Աշխարհի ամենաարդար դատարանում ավարտվեց Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատը: Նու, ոչինչ, էժան պրծանք, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, 4 տարի պայմանական տվեցին: Այնտեղ, որքան հասկացանք, կողմերն ինչ-որ համաձայնության են եկել, ինչը խորը դեպրեսիայի մեջ է գցել ընդդիմությանը: Հերթական անգամ: 

Գիր սիրե, քարտեզ սիրե

Հաջորդը քարտեզներն էին: Հիմա հասել ենք նրան, որ Ադրբեջանի հետ բանակցություններում փորձում ենք 1970-ականների քարտեզով հարցերը լուծել: Իրականում քարտեզները, որքան էլ կարևոր լինեն, միևնույն է, բանակցային գործընթացներում գլխավոր գործոնը ուժն է: Այսինքն՝ ուժերի հավասար հարաբերակցության դեպքում Ադրբեջանը չի համարձակվի պայմաններ թելադրել, ասել՝ չէ, էս քարտեզը չեմ ուզում, էն մեկն եմ ուզում, կամ հավես չունեմ հասնեմ Վաշինգթոն, էս թեման քննարկել:

Այ, էս մեկը հատուկ նրանց համար ենք գրում, ովքեր մինչև հիմա չեն հասկացել, կամ չհասկանալու են տալիս, որ 1990-ականներին Ադրբեջանի հետ ոչ մի խոսակցություն, քննարկում չէր լինի, մեզ էլ բանի տեղ չէին դնի, եթե Հեյդար Ալիևը վստահ լիներ, որ կարող է ուժի դիրքերից խոսել, մեզ պայմաններ թելադրել: Չէր կարող անել, քանի որ դիմացը պետություն կար, իշխանություն կար, որն ի վիճակի էր համարժեք պատասխան տալ ցանկացած հոխորտանքի, սպառնալիքի, էլ չենք խոսում ռազմական ագրեսիայի մասին: Թե բա, պարտվողական էին, հողատու էին: Էնքան էին զիջողական, որ մինչև հիմա տալիս, տալիս են, պարզվում է, էլի տալու բաներ կան՝ գյուղեր, անկլավներ: 

Հենոյին 5 րոպեն քիչ էր

Լավ, գոնե մի լավ բանով ավարտենք. Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասավ: Առաջին հայ ֆուտբոլիստը: Կարող էր դառնալ նաև առաջին ֆուտբոլիստը, որը երեք եվրագավաթներին է տիրացել, բայց չստացվեց: Չստացվեց, որովհետև միլանցիների մարզիչ Ինձագին Մխիթարյանին ընդամենը խաղավերջում մտցրեց՝ կրակը հանգցնելու, բայց արդեն ուշ էր: Մեր ազգը միշտ էլ «Ինտերին» է բալետ արել, դեռ էէէն ժամանակներից, այնպես որ հիմա էլ է Հենոյի հետ, ի տարբերություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ