...

Կեղծ բարոյականության մերկապարը

Կեղծ բարոյականության մերկապարը

Իր այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն այնպես ներկայացրեց զոհվածի մորը կալանավորելու խայտառակ փաստը, որ ստացվեց՝ այդ կինը կալանքի տակ է, որովհետև Հայաստանն իրավական պետություն է, Հայաստանում բոլորն օրենքի առջև հավասար են, Աշոտ Փաշինյանը հերոս է, Աննա Հակոբյանը՝ հերոսածին մայր, իսկ բողոքողներն ընդամենը ցանկանում են ավարտին հասցնել «ադրբեջանական բեկորի կիսատ թողածը»։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ թեմային անդրադառնալ երեք՝ իրավական, բարոյական և քաղաքական տեսանկյուններից, փորձենք հենց այդ երեք հարթություններում էլ գնահատել տեղի ունեցածը։

Սկսենք իրավական տեսանկյունից։ Ըստ հարուցված գործի՝ ակնհայտ է, որ զոհված զինվորի մայրը փորձել է առևանգել ոչ թե ՀՀ շարքային քաղաքացի Աշոտ Փաշինյանին, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։ Ինչո՞ւ։ Որովհետև համարել է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ մեղավոր է իր որդու զոհվելու համար։ Հարց՝ հիմքեր ունե՞ն արդյոք պատերազմի զոհերի հազարավոր ծնողներն այդպիսի համոզվածության կամ «ողջամիտ կասկածի» համար։ Այո, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն է հրապարակավ հայտարարել, որ կարող էր կեսից կանգնեցնել պատերազմը, «և այդ դեպքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ հազարավոր զինվորներ զոհվել են իր կայացրած սխալ որոշման արդյունքում, պարզ ասած՝ այո, ի՛նքն է իր անձնական որոշմամբ նրանց մահվան պատճառ դարձել։ Եվ եթե Հայաստանն իսկապես էլ իրավական պետություն լիներ, ու օրենքի առջև բոլորը հավասար լինեին, այդ հայտարարությունը կգրանցվեր որպես հաղորդում հանցագործության մասին, դրա հիման վրա քրեական գործ կհարուցվեր, իր լիազորությունները ժամանակավորապես կսառեցվեին, իր նկատմամբ էլ առնվազն տնային կալանք կսահմանվեր, որպեսզի նախաքննության վրա չազդի։ Եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն նման հարցերի լուծումն իրավական հարթությունում փնտրելն անիմաստ է։

Անցնենք հարցի բարոյական կողմին։ Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն բարոյական պատասխանատվություն կրում է խայտառակ պատերազմի ու հազարավոր զոհերի համար։ Հասկանալի է նաև, որ նման բարոյական պատասխանատվության բեռան տակ գտնվողը պիտի սուսուփուս գնար ու գլխիկոր կանգներ գնդակահարության պատի տակ, և ոչ թե ընտանյոք հանդերձ երջանիկ հռհռոցով պտտվեր հարսանիք-նշանդրեք-«պեռաշկի փարթի» փակ շրջանագծով։ Ավելին, եթե նա իր սիրասուն Ալենչոյի՝ քաղաքացու երեսին թքելն արդարացնում էր այն հիմնավորմամբ, թե նա «սովորական մարդ է և էմոցիաներ ունի», պարտավոր էր նույն հիմնավորմամբ արդարացնել նաև զոհվածի մորը, և ոչ թե ասուլիսում բացահայտորեն ուղղորդեր իրավապահ համակարգին, ինչը և՛ բարոյական, և՛ իրավական նորմերի բացահայտ խախտում էր։

Հիմա՝ քաղաքական կողմի մասին։ Այստեղ արդեն ասելու շատ բան չկա։ Որովհետև եթե Հայաստանում գործեր քաղաքական պատասխանատվությունը և ընդհանրապես քաղաքական տրամաբանությունը՝ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ չէր լինի, Աշոտ Փաշինյանն էլ, համապատասխանաբար, վարչապետի որդի չէր լինի, ու այդ միջադեպը տեղի չէր ունենա։ Ավելին՝ Աշոտ Փաշինյանը գուցե որոշ արտոնություններից օգտվեր կալանավայրում հորն այցելելու և «տուլիկ» հանձնելու հարցում՝ որպես 44-օրյա պատերազմի մասնակից։ 

Բայց քանի որ Հայաստանում ոչ քաղաքական տրամաբանությունն է գործում, ոչ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, մարդիկ փորձում են հարցերը լուծել էմոցիոնալ հարթությունում՝ բարոյական նորմերի հիման վրա։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Մուսոլինիի հայտնի սկզբունքով․ «յուրայիններիս համար՝ ամեն ինչ, հակառակորդներիս համար՝ միայն օրենք»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ