...

Պատմությո՞ւն, թե՞ ապագա․ մտածելու գործիքը

Պատմությո՞ւն, թե՞ ապագա․ մտածելու գործիքը

Պատմությունը հանգիստ թողնելու և ապագայի մասին մտածելու հորդորը, անշուշտ, կենսահաստատ է, ռացիոնալ։ Սակայն․․․

Նախ տեսնենք, թե որ ժամանակաշրջանն ենք հանգիստ թողնելու՝ Տիգրան Մեծի թագավորությա՞ն, թե՞ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման, իսկ գուցե 2020-ի պատերա՞զմը հանգիստ թողնենք։ 

Ուրեմն ի՞նչ ենք հասկանում՝ պատմություն ասելով, ինչո՞ւ էր անհրաժեշտ բացահայտել 2020-ի ջախջախման իրական պատճառը, և ինչպե՞ս է չպարզված խնդիրն ազդում ներկայի և ապագայի վրա։

1․ 2020-ի պատերազմից հետո (ուշադրությո՛ւն դարձրեք «հետո» բառին) արդիական դարձավ պատերազմի և խաղաղության խնդիրը։ Բնական էր, որ մարդիկ հետաքրքրվում էին 1997-98թթ․ դեպքերով, կարդում էին Լևոն Տեր-Պետրոսյանի 1997թ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, փորձում էին ըմբռնել, թե՞ ինչու պատեհ պահին չկարողացանք հասնել արժանապատիվ խաղաղության։ Մի պահ անգամ թվաց, թե մեր հանրությունը լրջանալու ուղին է բռնել։ Դուրս է գալիս հարցերը «դուխով» կամ «վոյինաբար» լուծելու կեղծիքից և փորձում է գնահատել ուղեղի դերը։

2․ Թվաց։ Հանրության լրջանալը ձեռնտու չէր ո՛չ 2020-ի և հետագա պատմական աղետների համար հիմնական մեղավոր Նիկոլ Փաշինյանին, ո՛չ նրա կենսունակությունն ապահովող ընդդիմությանը, որի առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թ․ հեղաշրջման հիմնական շահառուներից էր, հետևաբար նաև արժանապատիվ խաղաղության հասնելու հնարավորությունը վիժեցնողներից։

3․ Միասնաբար լծվեցին պատմությունը կեղծելու գործին։ Հաշվի առնելով երկու կողմերի ֆինանսական և քարոզչական ներուժի ահռելի չափերը՝ դժվար չէր պատկերացնել, որ պատմության և ներկայի ռացիոնալ ընկալում Հայաստանում գոյություն չէր ունենալու։

4․ Ստիպված ենք հազարերորդ անգամ կրկնել, որ այդպիսի ընկալումն անհրաժեշտ էր և է այսօրվա խնդիրները ճիշտ հասկանալու և լուծման պակաս ցավոտ ուղիներ ընտրելու համար։

Բացատրենք՝ անդրադառնալով այսօրվան և ապագային։ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովից անմիջապես հետո Ի․ Ալիևը հայտարարել է, թե չի կարծում, որ Հայաստանն ի զորու կլինի արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»։ Ակտիվացել են խոսակցությունները Լաչինի ճանապարհը փակելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Ն․ Փաշինյանի մեղմ ասած ոչ հաշվենկատ քայլերը բանակցային գործընթացը դարձյալ բերել են զրոյական կետի։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև չստորագրելով, դավաճան հռչակվելուց խուսափելով՝ երկիրը 2020-ին պատերազմի ճիրանների մեջ գցողը հաջողեցրեց կեղծել ոչ միայն 30-ամյա պատմությունը, այլև այն, ինչ տեղի է ունենում հենց այսօր մեր աչքի առջև։ Որովհետև նրան սնող ընդդիմությանն էլ էր ձեռնտու կեղծիքը։ Որովհետև երկուստեք պետք է մնային իշխանություն, երկուստեք պետք է փրկեին սեփական կաշիներն ու շահույթը։ Եվ հենց հիմա՝ այս պահին, պատերազմական մասշտաբային աղետի առջև կանգնած՝ ակնհայտ է, որ Ն․ Փաշինյանը գործում է նույն «տրամաբանությամբ», այսինքն՝ «ես հերոսաբար չեմ ստորագրում ոչինչ, թող պատերազմով վերցնեն»։ Մի անգամ ներվել է, ինչո՞ւ չպետք է ներվի նաև այս անգամ։ Մանավանդ որ անգլուխ․․, կներեք․ անվերնախավ հանրությունը թիթեռի հիշողություն ունի, իսկ եթերում ուղեղ լվացողների պակաս չկա։ 

Թիթեռի հիշողությամբ մոռանում են, որ թուրքը Ջերմուկում է, որ Գորիս-Կապան նորմալ ճանապարհ չունենք, որ մեն-մենակ ենք աշխարհում։ Մոռանում են, որ կառավարություն կոչվածը ոչինչ չի արել երկրի անվտանգությունը քիչ թե շատ տանելի դարձնելու համար։

Իսկ դուք ասում եք՝ պատմությունը թողնենք, մտածենք ապագայի մասին։ Մտածե՛ք։ Մնում է պարզենք՝ ինչով։

Զարուհի Գաբրիելյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   501 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ