...

Պետությունների և ինտեգրացիոն կառույցների ամրության փորձության ժամանակաշրջանը

Պետությունների և ինտեգրացիոն կառույցների ամրության փորձության ժամանակաշրջանը

«Այս օրերին, երբ գլոբալ աղետը մարտահրավեր է նետել աշխարհի մարդկությանը, «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովին հակասական կարծիքների տեղիք է տալիս»,- «ՉԻ» հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: Նա միաժամանակ ընդգծեց, որ հատկապես այս բարդ ու դժվարին ժամանակաշրջանում առանձնակի անելիքներ ունի ԵԱՏՄ-ն, անկախ նրանից, որ էներգառեսուրսների միասնական շուկան պլանավորվել է ստեղծել մինչև 2025 թվականը: Առաջացել է անհաղթահարելի ուժի իրավիճակ, որից ԵԱՏՄ-ի երկրները կարող են դուրս գալ համատեղ ջանքերով:

- Պարոն Վարդանյան, չնայած էներգակիրների համաշխարհային շուկայում գների անկմանը, կորոնավիրուսի համավարակին, չե՞ք կարծում, որ այնպիսի ինտեգրացիոն կառույցի շրջանակ­ներում, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, տարակուսանք է առաջացնում «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագնի վերանայման հայտի ներկայացումը:

- Նախքան խնդրո առարկային անցնելը, կցանկանայի մի փոքր անդրադարձ կատարել համաշխարհային ընթացիկ զարգացումներին: Աշխարհը մուտք է գործել պա­տասխանատվության, առանձին պետությունների և տարբեր ինտեգրացիոն կա­ռույց­ների մոդելների ամրության ստուգման ժամա­նակաշրջան: Եվ այս ժամանա­կաշրջա­նում շատ կարևոր է, թե այս կամ այն կառույցը ինչպես կդրսևորի իրեն:

Արդեն իսկ որոշ դժգո­հութ­յուններ են հնչում ԵՄ-ի հասցեին, քննարկվում են պետության արևելյան և արևմտյան մոդելների արդյունավետության հարցերը՝ կորոնավիրուսի կանխարգելման, դրա տնտեսական հետևանքների հաղթահարման համատեքստում:

Բնականաբար, այդպիսի հարցեր են առաջանում նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրնե­րում: Ըստ էության, սա ԵԱՏՄ-ի փորձության ժամանակաշրջանն է: Այն բանից, թե որ­քանով կհաջողվի համատեղել անդամ երկրների ջանքերը՝ առողջապահական, տնտե­սա­կան ու սոցիալական մարտահրավերներին պատասխանելու համար, մեծա­պես կախված կլինի Տնտեսական միության ապագան: Թեպետ կորոնավիրուսը մեծ դժբախտություն է մարդկության համար, բայց նաև փորձաքար է: Փորձաքար է պետությունների և տարատեսակ ինտեգրացիոն կառույցների ամրությունը ստուգելու տես­անկյունից, թե ինչքանով նրանք կդիմա­կա­յեն առաջացած մարտահրավերին:

Կարելի է համաձայնել որոշ փորձագետների այն կարծիքին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման և նրա զարգացման ընկալումը ներկայումս և միջնա­ժամ­կետ հեռանկարում կպայմանավորվի մի շարք գործոն­ներով, որոնցից է Հայաստանի համար էներգակիրների արժեքի նվազեցման վրա ԵԱՏՄ-ի ձևավորվող էներ­գա­ռեսուրսների միասնական շուկայի ազդելու կարո­ղութ­յունը: Այստեղ խոսքը ոչ այնքան գների իջեցման մասին է, որքան միասնական քաղաքակա­նութ­յան, անդամ երկրների տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակ­ցային պայմաններ ստեղծելու մասին: Քանի դեռ այդ շուկան չի ստեղծվել, բնականաբար, էներգա­կիր­ների գները սահմանվում են երկկողմ բանակցությունների հիման վրա՝ ԵԱՏՄ-ի տնտեսական քաղաքականությունից դուրս: Թեպետ, արդարացի լինելու համար հարկ է նկատել, որ մինչ այժմ Հայաստանին մատակարարվող գազի գինը եղել է մատչելի, մի­ջազ­գայինից ցածր: Ակնհայտ է, որ հաշվի են առնվել մի շարք գործոններ. ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր և այլն:

- Ինչո՞վ է պայմանավորված և որքանո՞վ է հիմնավորված գազի սակագնի վերա­նայումը, երբ համաշխարհային շուկայում էներգակիրների գները գահավիժել են: 

- Նախ, «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագնի վերանայման հայտի ներկայացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին միան­գամայն բնական է, եթե նկատի ունենանք այն, որ սակագնի վերանայման հետ կապված բանակցություններ պարբերաբար անցկացվել են: Դրանց արդյունքում որո­շում էր կայացվել մինչև ապրիլի 1-ը որևէ փոփոխություն չանել: Կորոնավիրուսի հա­մավարակի առաջացրած անհաղթահարելի ուժի իրավիճակը հետաձգեց այդ ժամ­կետը. ըստ հայտի ներկայացման ժամկետի՝ մինչև հուլիսի 1-ը: 

Երկրորդ՝ էներգակիրների շուկայում ընթանում են բավական բարդ, անկան­խատեսելի գործընթացներ, որոնց վրա էական ազդեցություն ունեն նաև աշխա­րհաքաղաքական գործոնները: Ստեղծված ծայրահեղ անորոշությունների պայման­ներում գլոբալ խաղացողների վարքագիծը հիմնված է իրենց կանխատեսումների վրա: Որպեսզի պարզ լինի «Գազպրոմի» հետագա քայլերը, նախ պետք է հաշվի առնել, թե ինչ կանխա­տե­սումների վրա է կառուցվում այդ ընկերության գնային քա­ղա­քականությունը: Այսպես, 2020թ. բյուջեի նախապատրաստման ժամանակ «Գազպրոմը» արտահանման ելակետային գին է համարել 200 դոլարը (1000 խմ), իսկ արդեն 2020թ. փետրվարի 1-ի նորացված գնահատականը եղել է 175-185 դոլար 1000 խմ-ի համար: Ընդ որում, 1000 խմ-ի համար 200 դոլար և նավթի 1 բարելը 45 դոլար հարաչափերի դեպքում, դրա արժեքին կապակցված է «Գազպրոմի» երկա­րաժամկետ պայմանագրերի 32 %-ը. ռեզերվը կազմել է 676.5 մլրդ ռուբլի: Կան­խա­տեսվող ար­ժեքի նվազումը մինչև 175-185 դոլար այդ «ապահովագրության» չափը նվազեցնում է 100 մլրդ. ռուբլով: Առայժմ ընկերությունը որպես կողմնորոշիչ օգտա­գործում է երկա­րաժամկետ (ֆորվարդային) պայմանագրերը, որոնք խոստա­նում են, որ Եվրոպայում գազի գները 2020 թ. վերջին կվերադառնան 170-180 դոլարի մակարդակին: «Գազպրոմն» իր կանխատեսումը կճշգրտի ապրիլ ամսին: 

Հայաստան մատակարվող գազի գնի վերանայման հիմքում հենց այդ կանխա­տեսումներն են: Գազի սակագնի վերանայումը կարելի է դիտարկել այլ հարթության վրա՝ բիզնեսի էթիկայի: Բիզնեսի և մարքեթինգային որո­շումները սովորաբար դասա­կարգ­վում են ըստ բարոյա­իրա­վական համակարգին հա­մապատաս­խա­նութ­յան. բարոյա­կան, բայց ոչ օրինական, բարոյական և օրինա­կան, ոչ բարոյական և ոչ օրինական, ոչ բարոյական, բայց օրի­նական: 

Ըստ էության, «Գազպրոմի» որոշումն օրինական է, բայց ստեղծված իրա­վիճակում, երբ միջազգային հեղինակավոր փորձագետները և միջազգային ֆի­նան­սատնտեսական կազմակերպությունները, այդ թվում՝ «Գազպրոմը», համարում են, որ տնտեսությունները կկայունան 4-րդ եռամսակում, որքանո՞վ է նպատակահարմար ու բարոյական գա­զի գնի վերանայումը կրիտիկական համարվող ժամանակահատ­վա­ծում՝ 3-րդ եռամսյա­կում: 

- Պարոն Վարդանյան, Հայաստանի կառավարությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

- Հաշվի առնելով էներգակիրների համաշխարհային շուկայում ծավալ­ված գնային պատերազմը, դժվար է ասել, թե Կառավարությունն այդ պայմաններում արդյոք քայլեր պե՞տք է ձեռնարկեր, թե՞ ոչ, առավել ևս, որ սակագնի վերանայում նա­խա­տես­ված էր ապրիլի 1-ից: Այնուամենայինիվ, ՀՀ Կառավարությունը ճիշտ ժա­մա­նակին դիմել է «Գազպրոմին»՝ սակագինը նվազ­ման ուղղությամբ վերանայելու խնդրանքով՝ հիմք ընդունելով համաշխարհային շուկայում էներ­գակիրների գնանկումը՝ OPEC +-ի գործարքի տապալման պատճառով: Հավանաբար, ՀՀ Կառա­վարության գրությանը հաջորդել է OPEC +-ի գործարքի շուրջ բանակցութ­յունների վերսկսման մասին լուրը:

Բանակցող գլխավոր կողմեր հանդիսացող Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում նավթի գինը կբարձրանա, ինչն էլ կազդի մյուս էներգակիրների վրա. թերթաքարային գազ և նավթ, բնական գազ: Այդ սպա­սումն էլ, ենթադրաբար, «Գազպրոմ Արմենիային» դրդել է վերսկսել սակագնի վերա­նայման գործընթացը, այն հաշվով, որ հուլիսի 1-ի դրությամբ որոշակի վերականգնում և կայունացում կլինի շուկայում:

Մյուս քայլը կարող է լինել, հնարավորության դեպքում, սակագնի փոփո­խութ­յունը 2021 թ. հունվարի 1-ից կատարելու շուրջ բանակցելը, երբ, հավա­նա­բար, լիովին հաղթահարված կլինի համա­վա­րակը, իսկ համաշխարհային տնտե­սությունը կսկսի աստիճանաբար վերա­կանգնվել:

Ի վերջո, էներգակիրների կանխատեսելի և դինամիկ գնագոյացման տես­անկյունից, էական է նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների՝ էներգա­ռեսուրսների շուկայի ստեղծման ջանքերի ինտենսիվացումը: 

- Այդուհանդերձ, եթե գազի գինը բարձրանա, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տնտեսության վրա:

- Ըստ ՀՀ հանրային ծառայութ­յունները կարգավորող հանձնաժողովի՝ բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռու­թային սակագնի նկատմամբ կազ­մում է 11%: Բնականաբար, դա կունենա որոշակի բացասական ազդեցություն ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ երկրի տնտե­սության վրա: Ավելի հստակ այդ ազդեցությունը կարելի է գնահատել այն ժամանակ, երբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կիրականացնի սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը: Ենթադրաբար, որոշ գործու­նեության տեսակների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ:

Էներգակիրների և հումքի գները մշտապես փոխվում են, բարձրանում, իսկ երբեմն՝ իջնում: Այդպիսի փոփոխություններին դիմանում են հատկապես ինովացիոն տնտեսությունները, որոնք բարձրարտադրողական են, կիրառում են էնեգախնայող տեխնոլոգիաներ: Հետևաբար, անհրաժեշտ է արագացնել ՀՀ տնտեսության կառուց­վածքային փոփոխությունները, ստեղծել գիտելիքահենք տնտեսություն, ստեղծել և արտահանել ավելի մեծ ավելացված արժեք, գլոբալ արժեքի շղթայում զարգացնել ՀՀ-ի վարընթաց կապերը: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2175 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ