Ասել, որ մեր երկրում արժեքները, մեղմ ասած, գլխիվայր են շրջվել, նշանակում է ոչինչ չասել: Պարզվում է՝ Հայաստանում ՏԻՄ ոլորտում մրցանակակիր լինելու համար կարևոր է, որ վրադ քրգործ հարուցված լինի, բայց ամենակարևորը՝ դու դրա մասին տեղյակ չլինես, կամ ավելի ճիշտ՝ «խաբար չլինես», ինչպես օրինակ, իր նկատմամբ հարուցված քրգործից «խաբար չէր» Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը: Օրերս ՉԻ-ն անդրադարձել էր Ակունքի վաճառված հողակտորների առնչությամբ համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Նշել էինք, որ քրգործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ Ռուբենյանի կողմից հերքելուց հետո պարզաբանման համար դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հաստատել էին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այդ առնչությամբ քննությունը շարունակվում է:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ համայքների ղեկավարներ անցնում են տարաբնույթ քրեական գործերով։ Զավեշտալին այլ է. օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել միջազգային մրցանակաբաշխություն, որի շրջանակներում Ռուբենյանը արժանացել է մրցանակի՝ «ՏԻՄ ոլորտում երկարատև վաստակ և նվիրում» անվանակարգում։ Մրցանակը հանձնել է ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Միգուցե նախարարությունո՞ւմ էլ «խաբար» չեն հարուցված գործից, ինչպես «խաբար չէր» Ակունքի ղեկավարը, բայց թե վաստակն ու նվիրումը ինչպե՞ս են դրսևորվել, դեռ ավելին, գնահատվել «միջազգային» մակարդակով, պարզ չէ…
Մելանյա Ծառուկյան
Հ.Գ. Մյուս համայնքների ղեկավարների տեղը լինեինք, կնեղանայինք․ կրակն ե՞ն ընկել, որ նրանցից ոմանք քրգործերով չեն անցնում ու նոմինանտ դառնալու հավակնություն չունեն…