...

Քարոզչաբաններ առանց սահմանների

Քարոզչաբաններ առանց սահմանների

Հիշում ենք, որ երբ 2018թ. հեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս դրա վերաբերյալ հայտարարեց, թե Առաջին նախագահը նոր բան չի ասել:

Արդեն շատ ավելի ուշ՝ մի երկու տարի հետո, Փաշինյանը հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը եկել էր իր մոտ ու ասել. հողերը պիտի տաս: Այսինքն՝ դրա համար էր եկել:

Մինչդեռ Առաջին նախագահն ընդամենը մի բան էր խորհուրդ տվել Փաշինյանին. հանրությանը ներկայացնել, թե Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին ինչ ծրագիր է դրված, ինչ են առաջարկում, կարգավորման ինչ փաթեթ է ժառանգել: Այսինքն՝ հանրությունը տեղեկացված լիներ, թե ուր ենք հասել Ղարաբաղի հարցում, ինչ են բանակցել նախկինները, ինչի շուրջ են համաձայնության եկել:

Թե բա ասել է՝ հողերը պիտի տաս: Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո, շատ ամիսներ անց, երբ Փաշինյանը հազար ու մի պատճառ էր բերում, թե ինչու ինքը որևէ մեղք չունի, մեղավորը բոլորն են, բացի իրենից, խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե մի հարցում սխալվել է, որ ժամանակին հանրությանը չի տեղեկացրել, թե Սերժ Սարգսյանից բանակցային ինչ գործընթաց է ստացել: Բնական է, որ չէր ասի, թե Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, պիտի նրա խորհուրդը լսեր, որովհետև այդ դեպքում միգուցե գնար հարցի լուծմանը, հայտարարեր, որ ստորագրելու է մի լուծում, որին համաձայնվել էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Արդյունքում ի՞նչ ստացվեց. հանրության մի մասի գիտակցության մեջ արմատավորված է այն մոտեցումը, որ Նիկոլը մեղավոր չի, գլխին սարքեցին, ջեբը գցեցին, Լևոնն էլ ասել է. հողերը պիտի տաս: Թե իրականում Առաջին նախագահն ինչ է ասել, ինչպես է արձագանքել Փաշինյանը, ինչ հետևանքներ է դա ունեցել, արդեն քչերը գիտեն: 

Հիմա նման մի պատմություն էլ կդառնա Հրանտ Տեր-Աբրահամյանի արածը: Եկեք չասենք՝ քաղաքագետ, վերլուծաբան, փորձագետ, այլ քարոզչաբան Հրանտ Տեր-Աբրահամյան: Սա ավելի ճիշտ բնորոշում է, հեղինակային իրավունքն էլ մերն է այսօրվանից: Հիմա էս մարդը հանկարծ հայտարարում է, թե բա գիտե՞ք, Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին ուզում էր, որ եթե Ղարաբաղի հարցը լուծվի, խաղաղապահ ուժերը ռուսական լինեն: 

Ու դա որպես կայացած, պեչատը խփած փաստ է ներկայացնում: Ու ո՞նց է ներկայացնում. ասում է. հենա, մի հատ հրապարակված փաստաթղթում ասում են, որ Մադլեն Օլբրայթն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո պիտի մենակ ռուսական զորք լինի: Համարյա փչացած հեռախոս է: 

Այ մարդ, նայում ենք, այդ փաստաթղթում նման բան չկա գրած: Գրված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ցանկանում է ռուսական զորքերի ներկայություն բաժանարար գոտում, բայց դա հնարավոր է միջազգային ռազմական խմբավորման կազմում: Ու սրանից չի բխում, որ Առաջին նախագահն ասել է. միայն ռուսական զորքերի ներկայություն: Իսկ էս մեր քարոզչաբանը հենց այդպես է ներկայացրել: Այ, էս մեկը լավ էլ հասկանում է, որ տարբերությունը ահռելի է. ռուսական զորքերի ներկայություն և միայն ռուսական զորքերի ներկայություն, սրանք տարբեր բաներ են:

Բայց վերջ արդեն. ինքը դա ասել է, դրա հիման վրա մի ամբողջ դավադրապաշտական տեսություն է մատուցել հանրությանը, թե ոնց է Լևոնը ուզել ռուսներին բերի Ղարաբաղ, բա, դուք չգիտեք, սաղ էդ ռուսներն են: Դրա համար ենք ասում. քարոզչաբան, որովհետև ինչ ուզի, կասի: Քարոզչությունը էթիկա, փաստ, տրամաբանություն, ու նման այլ ֆիքստուլ բաներ չի ենթադրում: Դա սահմաններ չունի: Որ լիներ, մեր քարոզչաբանը ասելու բան չէր ունենա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ