...

Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկեք «պարոն Փութինի» մոտ

Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկեք «պարոն Փութինի» մոտ

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Երևան, հրավիրել կուսակցության ժողով, որի արդյունքներով քաղաքական խորհուրդը միաձայն որոշել է.

«ա) արձանագրել, որ 2020թ. նոյեմբերին և 2021թ. հունվարին ստորագրված եռակողմ հայտարարությունները օրենսդրական վավերացում և դատական վերահսկողություն պահանջող վերջնական պարտադիր խաղաղության համաձայնագրեր չեն, այլ ռազմականորեն պարտադրված զինադադարի պայմանավորվածություններ.

բ) նպատակահարմար համարել ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը, որը կփոխարինի այդ հայտարարությունները ստորագրած կառավարությանը՝ մինչև երկրի համապարփակ կայունացում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում.

գ) պահանջել այդ կառավարությունից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում (Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքի ապաբռնագրավում).

դ) նույնպես պահանջել Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առնվազն դե ֆակտո ճանաչում.

ե) Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարեդարձի նախօրեին հորդորել Ռուսաստանի Դաշնությանը՝ բարի կամքով և, որպես ռազմավարական գործընկոջ, չեղարկել, ոչ թե ընդլայնել կամ խորացնել այդ պայմանագրի հակահայկական դրույթների կիրառումը»:

«ՉԻ». Ի՞նչ կարելի է ասել այս չտեսնված քաղաքական որոշման մասին: Հաստատ Րաֆֆի Հովհաննիսյանը դատարկաձեռն չի վերադարձել ԱՄՆ-ից: Ասում են, որ հիմա շատերն են այդ երկրից խթանիչ յուղեր բերում Հայաստան, որոնք գոնե ժամանակավորապես կտրում են իրականությունից և լավ տրամադրություն ստեղծում: Ամենայն հավանականությամբ քաղաքական խորհրդի անդամները այդ յուղերի ներգործության տակ են հանգել նման եզրահանգումների:

Իսկ «գ», «դ» և «ե» կետերն ընդհանրապես գրվել են նաև այլ խթանիչների ներգործության ներքո:

Փաստացի «Ժառանգությունը» կոչ է անում հիմա պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ: Հակված ենք կարծելու, որ անգամ իրենք չեն մտածում, որ պահանջելով Ադրբեջանը կվերադարձնի տարածքները: Թեպետ, ի՞նչ իմանաս՝ ինչ յուղեր ու ինչ քանակությամբ են օգտագործել:

Բայց ամենից շատը հիացրեց «ե» կետը: Հիմա շատերն են տարբեր օրակարգեր առաջ քաշում, բայց ոչ մեկը գլխի չէր ընկել, որ կարելի է օգտագործել Ռուսաստանի բարի կամքը: Ախր, ո՞նց կարելի էր անտեսել «պարոն Փութինի» բարի կամքի դրսևորման հնարավորությունը:

Կարծում ենք, որ ներկայիս կառավարությունը պետք է վեր կանգնի նեղ անձնական շահերից և անմիջապես, անհապաղ Րաֆֆի Հովհաննիսյանին գործուղի Կրեմլ: Քանի դեռ չեն վերջացել Հովհաննիսյանի տրամադրություն ստեղծող հաբերը: Ի՞նչ իմանաս, գուցե Պուտինին էլ հյուրասիրի և ծովից ծով Հայաստանը իրականություն դառնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ