...

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արցախի և Հայաստանի - 2

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արցախի և Հայաստանի - 2

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին հմտորեն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իր իշխանության և ընդդեմ Արցախի ու Հայաստանի։ Ինչպե՞ս։ Ահա՛ այսպես․

1․ 2020-ի պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ի գիշերը, «մի խումբ անձինք»՝ ակնհայտորեն ներշնչված նախկինների կողմից, ներխուժում են Կառավարության և ԱԺ շենքեր, ծեծի են ենթարկում ձեռքներն ընկած Արարատ Միրզոյանին՝ քարտ բլանշ տալով Նիկոլ Փաշինյանին, որ արդարանա, անգամ «հերոսանա» միջազգային հանրության աչքում՝ իր «ընդդիմադիրներին» ցուցադրելով որպես ջարդարարների։

2․ Քոչարյանադաշնակցական ուժերն անմիջապես նախաձեռնում են «փրկչական շարժում», որի առաջնորդ են հռչակում վաղուց խփված խաղաքարտ Վազգեն Մանուկյանին։

3․ «Փրկիչները», իհարկե, չեն կարողանում տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և մեծագույն ծառայություն են մատուցում նրան՝ աղմուկ-աղաղակով լռեցնելով պատերազմից հետո արթնացած բանականության նշույլները։ Որո՞նք էին։ Ձևակերպենք․

ա/ Հասարակության բանական հատվածը ձայն էր բարձրացնում և հարց տալիս՝ ինչպե՞ս հասանք պատերազմի, ովքե՞ր և ինչո՞ւ տապալեցին բանակցային գործընթացը։

բ/ Հասարակության բանական հատվածը հրապարակավ փորձում էր վերաիմաստավորել 1997-98թթ․ դեպքերը։ Մարդիկ կարդում էին Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, Վանո Սիրադեղյանի հրապարակախոսությունը։ Մարդիկ փորձում էին վերադառնալ բանականության դաշտ։

գ/ Քոչարյանական ընդդիմության քարոզչական անսահմանափակ ռեսուրսները, ճղճղան շարժումը, սակայն, արեցին իրենց գործը՝ ներքաղաքական խոսույթը դարձնելով անտրամաբանական, էժան, անիմաստ։ «Դավաճան-դավաճանը դու ես, հողատու-հողատուն դու ես» հակադրությունը մինչ օրս ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, նրա այսպես կոչված հակառակորդներից «գլխավորները»՝ Ռ․ Քոչարյանի հավատարիմ դաշնակից դաշնակները, ի լուր աշխարհի հայտարարեցին, որ իրե՛նք էլ չէին ստորագրի «Լավրովի պլանը», այսինքն՝ իրե՛նք էլ դավաճան չեն։ Ստացվում է, որ իրենք էլ կանեին այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Կեցցեն։ Ուրեմն էլ ի՞նչ են ուզում վարչապետ կոչվածից։

4․ 2021-ի ընտրությունների քարոզարշավից առաջ, դրա ժամանակ և ընտրություններից հետո դժվար է թերագնահատել Ռոբերտ Քոչարյանի դերը Ն․ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու գործում․

ա/ Կրկնենք՝ քոչարյանականների լրատվական և ոչ միայն լրատվական անսահմանափակ միջոցները օգտագործվեցին ոչ այնքան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որքան Հայաստանում եղած բանական գործիչների դեմ։ Ռ․ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը լավ «համագործակցեցին» հայկական քաղաքականության առանց այդ էլ ցածր նշաձողը է՛լ ավելի իջեցնելու գործում։ Ստացվեց։ Քաղաքական խոսքն ու գործը սպանված են երկար ժամանակով։

բ/ 2021-ին, երբ Ն․ Փաշինյանն արդեն գիտեր, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հօգուտ Ռ․ Քոչարյանի՝ նրան «պրծացնելով» մարտի մեկի գործից և քաղաքական ասպարեզում ավելի մեծ հնարավորություններ շնորհելով։

գ/ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժեցին միասնաբար ընտրություններին չմասնակցելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին ընտիր հնարավորություն տալով «նախկինների» պատումն օգտագործելու։

5․ Ուրեմն 2021-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացրին, նրան անփոխարինելի դարձրին՝ որպես «նախկինների» ատելի վերադարձը կանխողի։ 

2022 թ․ ապրիլից սկսված հականիկոլական շարժումը կրկին վերածվեց քոչարայանականի՝ խրտնեցնելով շատ-շատերին։

Բացի դրանից՝ թե՛ ներքին կյանքում, թե՛ արտաքին աշխարհում Ն․ Փաշինյանը հագել է խաղաղարարի դիմակ, իսկ քոչարյանադաշնակցական ուժերն իրենց իռացիոնալ քարոզչությամբ ավելի ու ավելի են համոզում բոլորին, որ վարչապետն ուղղակի «գանձ» է, անփոխարինելի է։

Ամփոփենք․ այս խայտառակությունից շահում են Ռ․ Քոչարյանը և Ն․ Փաշինյանը, տուժում են Հայաստանն ու Արցախը։

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ