...

Ռուս-ադրբեջանական «Կոլցո-2»-ի հաջողության գրավականը

Ռուս-ադրբեջանական «Կոլցո-2»-ի հաջողության գրավականը

Քանի որ նիկոլամերձ շրջապատից կազմակերպված հակաարցախյան «ելույթները» մեծ ծավալ են ստանում, քանի որ ՔՊ փոխնախագահ կոչված մեկը պնդել է, թե մենք անկախացել ենք սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը, և քանի որ սրանք քողարկվում են նաև ժողովրդավարությամբ, ասենք․

1․ Ղարաբաղյան կամ Արցախյան շարժումն սկսվեց 1988-ին, որովհետև 1985-ից ԽՍՀՄ-ում սկսել էր թուլանալ բոլշևիզմը, և մարդկանց թվում էր, թե բողոքներով, կենտրոնական իշխանությանը համոզելով՝ կարող էին գործուն դարձնել այդ երկրի սահմանադրական օրենքները։ Ահա այդ օրենքներով Արցախն ինքնորոշվելու իրավունք ուներ։ Թեև շարժումը ազգային-ազատագրական խնդիր էր բարձրացրել, բայց բնույթով դեմոկրատական էր, ինչը բնականաբար, սարսափեցնում էր Մոսկվային։

2․ Մեզ շատ արագ պատասխանեցին։ 1988-ի փետրվարի 28-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ջարդ կազմակերպվեց՝ անկասկած Մոսկվայի «թույլտվությամբ»։ Երևանն ու Արցախը չկոտրվեցին։ Եվ շարժումն ամբողջ երկրում դետոնատորի դեր կատարեց։

3․ 1990թ․ հունվարին Բաքվում հայկական ջարդեր կազմակերպվեցին, ինչին կենտրոնական իշխանությունը, մեղմ ասած, դեմ չէր։

4․ Երկու ճանապարհ կար․ կա՛մ թողնել, որ մեր հայրենակիցներին մորթեն և արտաքսեն, Երևանը ծնկի բերեն, կա՛մ պայքարել հանուն Հայաստանի և Արցախի անկախության, հանուն մարդկանց՝ իրենց հողում, իրենց տանն ազատ ապրելու իրավունքի, ուրեմն հանուն դեմոկրատիայի։

5․ 1991 թվականի ապրիլ-մայիսին խորհրդային, այսինքն՝ ռուսական զինուժը և Ադրբեջանի զինված կազմավորումներն Արցախի Գետաշենի շրջանում սկսեցին «Кольцо» (Օղակ) օպերացիան։ Մի քանի գյուղեր հայաթափվեցին (տեղահան արվածների թիվը նշվում է 3500)։ Ահա այս օպերացիան պետք է ծավալվեր, հասներ «տրամաբանական ավարտին», եթե մենք զենքով չկարողանայինք պաշտպանել թե՛ Արցախը, թե՛ անկախացող Հայաստանը։

Բարեբախտաբար այդ ժամանակ Հայաստանում իշխանության գլուխ էին կանգնած ոչ թե ռուս-թուրքական քմահաճույքներն իրականություն դարձնող դատարկագլուխները, այլ մտածող մարդիկ։

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, այն ժամանակվա ինտելեկտուալ Գերագույն խորհուրդը՝ պառլամենտը, մտածող դիվանագետները, մեր ժողովրդի ազնվագույն և մտածող հատվածը իրականություն դարձրին այն, ինչը շատ-շատերին անհնարին էր թվում։

Այսքանն ամփոփենք։ Արցախյան շարժումը բնույթով դեմոկրատական էր, որովհետև հիմքում մարդու՝ իր հայրենիքում ազատ ապրելու հիմնարար իրավունքն էր։ Հայաստանն անկախացավ՝ մեծ աղետների դիմանալով՝ երկրաշարժ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, պատերազմ։ Սակայն երկարամյա պատերազմը հյուծել էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ներուժը։ Ուստի հարցը պետք է լուծվեր, երբ մենք հաղթած էինք և ուժեղ։ 1997-ին հարցի փուլային լուծումը կարող էր լավ հիմք դառնալ հայկական Արցախի դե-ֆակտո ազատության և Հայաստանի հետագա հզորացման համար։ Միայն մի բան հիշեցնեմ․ ռուսներն այդ լուծումից առանձնապես չէին շահում։ 1998 թ․ իշխանափոխությունից հետո քայլ առ քայլ զիջում էինք մեր անկախությունը, սակայն այսպիսի աղետի չէինք հասնում։ Թեպետ հասունանում էր «Կոլցո-2»-ը, դրան գործուն աջակցություն ցույց տվող իշխանություն Հայաստանում չկար։
Այն հայտնվեց 2018-ին։ Իբր հակառուսական, իբր դեմոկրատական, բնույթով նիկոլական այս իշխանությունը ավարտին հասցրեց ռուս-ադրբեջանա- թուրքական ծրագիրը։

Ու հիմա սրանք խոսում են անկախությունից, նրանից, որ Արցախը բեռ էր, այ հիմա իսկապես ինքնիշխան ենք։ Ո՛չ, դուք հիմա ոչ միայն ինքնիշխան չեք, այլև դարձել եք Իլհամ Ալիևի կամակատարը, որի մերձավոր դաշնակիցը Ռուսաստանն է։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Ի դեպ, կենցաղային, բամբասանքային մակարդակով արցախցիների դեմ հայաստանյան խոսույթը ՀՀ նախագահ դարձած երկու արցախցիների «շնորհքն» էր։ Չլիներ նրանց ագահությունը, չէր լինի նաև արցախցիների դեմ այդ բամբասանքը։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ