...

Սա հիշեցնելու ենք

Սա հիշեցնելու ենք

«Իրավունք» թերթը գրել է. «Իբր ընդդիմադիր հայացքներով հայտնի Բորիս Մուրազի Թամոյանի խմբագրությունը (Politik.am), պարզվում է, որ գտնվում է ոչ ավել, ոչ պակաս հայ-թուրքական քիրվայության կարկառուն ջատագով, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ Կոնցեռնում: Ավելին, «չար լեզուները» շշնջում են, որ այդ տարածքը, որտեղ Մուրազին նստած երկնում է այս կամ այն գործչին, այդ թվում` ՔՊ-ականներին նվիրված հոդվածները, վերջինիս տրվել է անվճար հիմունքներով:

Ու երևի դա է, ըստ երևույթին, պատճառը, որ Մուրազին այդքան ջանասիրաբար շրջանցում է մեծն Գռզոյին: Ա՛յ, այսքան «սկզբունքային» է «ընդդիմադիր» Մուրազի Թամոյանը:

Գուցե հենց այս հանգամանքո՞վ է բացատրվում Բորիս Թամոյանի վերջերս սկսված զրպարտչական արշավանքն ընդդիմադիր գործիչների դեմ, և, իհարկե, այստեղից է բխում նաև իր հակառուսականությունը»:

Ի պատասխան այս հրապարակման՝ NEWS.am-ի հետ զրույցում Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ասել է. «Սա բարոյականության խնդիրներ ունեցող մարդու հրապարակում է, որովհետև լրագրողին չի կարող սահմանափակել իր գրասենյակի գտնվելու վայրը։ Ներողություն եմ խնդրում կրկնելու համար, սակայն թերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանը 2007 թվականին հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը և իր կուսակցությունը կրիմինալ են, իսկ հետո ինքը հայտնվեց ՀՀԿ-ի ցուցակում։ Ինքը Սերժ Սարգսյանի մասին ամենաստոր պիտակավորումներն է արել, հետո՝ փառաբանել:

Ինչպե՞ս  կարելի է լրատվամիջոց համարել մի աղբակույտի, որը թիրախավորում է գործչի ազգային պատկանելությունը։ Ելնելով այն հանգամանքից, որ ես եզդի եմ, լրատվամիջոցը գրում է, որ սովորաբար ազգային փոքրամասնությունները տիտղոսակիր ժողովուրդների նկատմամբ նեյտրալ են լինում, չեն խառնվում նրանց գործերին, բայց Բորիս Մուրազին, լինելով եզդի, խախտել է այդ կանոնը և խառնվում է հայերի գործերին։ Սա ռասիզմի, ազգային խտրականության ամենացայտուն դրսևորումն է»:

Պարզվում է՝ արդեն քանի օր է այսպիսի փոխհրաձգություն է ընթանում «Իրավունքի», ավելի ճիշտ՝ Հայկ Բաբուխանյանի և Բորիս Մուրազիի միջև: «Իրավունքը» մի քանի հոդված է գրել Մուրազիի դեմ, ինչ ասես, որ չի գրել. սրան է դավաճանել, Վանեցյանից է փող վերցրել, նրանից է փող վերցրել: Հիմա էլ Խաչատուր Սուքիասյանին է կպցրել: 

Ենթադրում ենք, թե ինչու է Հայկ Բաբուխանյանն ընկել Մուրազիի ետևից: Չէ, էն որ Մուրազին ընդդիմադիր ուժերին քննադատում է, էդ հեչ, այդ առումով Բաբուխանյանը թքած ունի ընդդիմության վրա էլ, իշխանության վրա էլ: Բայց եթե հակառուսական մտքեր է հայտնել, հաստատ դա Բաբուխանյանը չէր կարող անտեսել: Որովհետև ինքը վաղուց արդեն քնում, վեր է կենում Ռուսաստանի հետ միավորված, ռուսացած, հավերժ ռուսի հետ: Իր միակ սրբությունը դա է:

Մի խոսքով, այստեղ էլ նորություն չկա: Իր անցյալն էլ է հայտնի, Մուրազին մի մասը ասել է: Բայց եթե «Իրավունքը» շահարկել է Մուրազիի ազգային պատկանելությունը, սա արդեն լրիվ ուրիշ օպերա է: Մենք հենց սրա համար ենք անդրադառնում թեմային: Այսինքն՝ Հայկ Բաբուխանյանն ասում է, որ Բորիս Մուրազին հայ չէ, ուրեմն՝ իրավունք չունի ներքաղաքական հարցերի, ընդդիմության մասին կարծիք հայտնել: Սա «պերեբորի պերեբոր է»: 

Սրան պետք է արձագանքեն մեր լրագրողական կազմակերպությունները, ընդ որում՝ շատ խիստ: Ժուռնալիստների միություն ունենք՝ Սաթիկ Սեյրանյանով, գոնե այս դեպքում մի բան պետք է ասի: Որովհետև սրանով Հայկ Բաբուխանյանն ու լրատվամիջոցը ոչ թե Բորիս Մուրազիին, այլ ամբողջ եզդի ժողովրդին են վիրավորել: Մեր համաքաղաքացիներին, մեր եղբայրներին, հենց մեզ:

Հ.Գ. Այ մարդ, գոնե Հայկ Բաբուխանյանը չխոսի նման թեմաներով: Ախր Բորիս Մուրազին իրենից հազարապատիկ հայ է: Բաբուխանյանի դեմքին նայողը կասի, որ դարեր առաջ հաստատ էս կողմերով թաթար-մոնղոլներ են անցել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ