...

Սահմանադրություն և օրինակարգություն

Սահմանադրություն և օրինակարգություն

Ս.թ. հունիսի 15-ին, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին ՀՀ օրինակարգ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»: Իսկ հետո պարզաբանել է իր միտքը հետևյալ կերպ. «Կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, և սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր, հայեցակարգային, փիլիսոփայական եւ բովանդակային պրոբլեմն է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև»:

Մի կողմ թողնենք վարչապետի խոսքի ոճական և տրամաբանական անհարթությունները և վերադառնանք Սահմանադրության օրինակարգության խնդրին. չէ՞ որ  տոն է, և մենք նշում ենք Սահմանադրության օրը:

Պատմական նիհիլիզմը, ցավոք, այս կամ այն չափով բնորոշ է բոլոր հեղափոխականներին: Հիմքում երևույթն իռացիոնալ է, քարոզչական բնույթ ունի, գուցե նաև հոգեբանական է: Հաղթած հեղափոխականն իրեն մեսիա է զգում, հետևաբար նրա համար անհաղթահարելի գայթակղություն է իրենից առաջ եղած ամեն ինչը  ներկայացնել որպես ոչ օրինակարգ, որպես ժողովրդի կամքին հակառակ իրողություն, որպես չարիք: Բայց պետական մտածողությունը, իրերի դրությունը խորապես տեսնելու պարտականությունն ուրիշ բան են պահանջում: Պահանջում են նաև ազգի, երկրի, ժողովրդի հիշողությունը մաքրել այն ժանգից, որ կուտակվել է տասնամյակներով:

Եվ այսպես, 1995 թվականի հուլիսի 5-ին մենք ունեցանք անկախ Հայաստանի Սահմանադրություն: Ժամանակը բարդ էր: Քառամյա պատերազմից նոր էինք դուրս եկել, տնտեսությունը նոր պիտի շունչ առներ, իշխանությունն 91-ից սկսած ծանրագույն խնդիրներ էր լուծել՝ որոշ դեպքերում ի հեճուկս հասարակական, ավելի ճիշտ քաղաքային փափկասուն քաղքենիական կարծիքի: Իշխանության դեմ ձևավորվել էր կայուն և աղմկոտ ընդդիմություն, որ տիրապետում էր քարոզչական բազմազան միջոցների, հենվում էր հասարակության դժգոհ, բողոքավոր հատվածի վրա: Քաղքենու կարծիքը Երևանի սրճարաններում ճամարտակող երիտաարդներին և կիսաերիտասարդներին գրավում էր, որովհետև խոստանում էր ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ: Ովքեր հիշում են այդ ժամանակները, կհավաստեն, որ ցանկացած երկրորդը երազում էր նախագահ, նախարար կամ գոնե պատգամավոր դառնալու մասին: Բնավ չեմ պնդում, որ իշխանությունն անսխալական էր, ո՛չ: Բայց Հայաստանը հաստատ կործանման ճանապարհով չէր գնում: Ավելին, հայկական երկրորդ պետությունն էր ձևավորվում, հայերը հաղթել էին պատերազմում: Այդ հաղթանակը, սակայն, մեր տնաբույծ քաղաքագետների կոկորդին էր կանգնել: Նրանց համար սև էր այն ամենը, ինչ անում էր իշխանությունը, նրանց միակ երազանքն իշխանությունը տապալելն էր: Եվ ինչքան մոտենում էր Սահմանադրությունն ընդունելու ժամանակը, աղմուկը սաստկանում էր: Հին, ստուգված միջոց է: Սաստիկ աղմուկով կարող ես հանրույթի գոնե մի մասին համոզել, որ քվեարկությունն օրինակարգ չէ, որ Սահմանադրությունը մի հոգու համար է գրված, որ... Հետո սուտը կրկնվում է այնքան, որ իրեն գրագետ համարող, բայց մակերեսային մարդը հավատում է կեղծիքին: Այդ մարդը փաստ չի պահանջում, հատատված փաստ: Նա հավատում է, որովհետև հավատում է: Ճիշտ այնպես, ինչպես հավատում է սև կատվի զորությանը: 

Եվ դարձյալ ի հեճուկս քաղքենիական կարծիքի՝ 1995 թ. հուլիսի 5-ին մենք ունեցանք Սահմանադրություն: Այն ինձ համար օրինակարգ է, օրինակարգ էր շատերի համար: Վազգենմանուկյանական, դաշնակացական շրջանակները, բնականաբար, չէին ընդունելու փաստը: Ուրեմն ի՞նչ, հենվե՞նք այս կարգի ընդդիմության աղմուկ- աղաղակով սարքված կարծիքի վրա և ասենք՝ Սահմանադրություն չենք ունեցել, թե՞ փորձենք ողջամիտ լինել և անկախ Հայաստանի պատմական փաստերը ճիշտ գնահատել: Ես ընտրում եմ երկրորդը:

Ի դեպ, նոր, «աննախադեպ օրինակարգ» իշխանությանը բարեկամաբար զգուշացնենք: Պատմական զուգահեռներ կան: Եթե իսկապես նախաձեռնեք Սահմանադրությունը փոխելու գործընթաց, այն կտևի տարիներ, իսկ այդ տարիների ընթացքում այսօր արդեն հրեշավոր աղմուկ բարձրացրած ընդդիմությանը կհաջողվի մեծ հարցականի տակ դնել ձեր իշխանության օրինակարգությունը, հետևաբար նաև ձեր ձեռնարկած ցանկացած քայլի օրինականությունը: Մտածե՛ք, եթե իհարկե կարող եք սթափ գնահատել իրականությունը:

Իսկ սթափ գնահատականը հետևյալն է: Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է: Հայատսանի Հանրապետությունը 1995 թ. հուլիսի 5-ին քվեարկել է հանուն Սահմանադրության՝ երկրի հիմնական օրենքի: Իսկ թե ինչ եղավ 1998-ից հետո, այլ խոսակցության թեմա է: 

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Հռետորական հարց. ի՞նչ է նշանակում դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել, դե ֆակտո արդեն կա՞:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ