...

Շպիոն Օնիկն ի՞նչ կողմնորոշում ուներ

Շպիոն Օնիկն ի՞նչ կողմնորոշում ուներ

Այս հոդվածի առիթը հարգելի պրոֆեսոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան բաց գրառումն է, որտեղ նա պնդում է․ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի որդեգրած ռազմավարական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունն է պատճառը մեզ պատուհասած աղետների և որ Ռուսաստանի ոչ բարեկամական որոշ քայլեր պատասխանն են այդ վարքագծի։ Ես կարծում եմ նաև, որ թեև պատերազմը տանուլ տալուց հետո ինչ խաղաղություն էլ կնքվեր, շատ դառն էր լինելու, բայց դա զգալիորեն պակաս դառը կլիներ եթե Փաշինյանի կառավարությունը որդեգրած չլիներ այդ խելահեղ քաղաքականությունը»։   

Լուրջ մարդու տեսակետ է, որը նույնիսկ Նիկոլ Փաշինյանին է լուրջ վերաբերվում։ Սակայն արդյո՞ք մեր կառավարությունն ինքնուրույն կողմնորոշում ունի, եթե ունի, ո՞րն է այն։

Մեր կառավարության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անխոնջ ջանքերով իրականություն են դառնում Ալիևի երազանքները, որը վարպետորեն մանևրում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ 

Նա՛ է դարձել ռուսների կարևոր դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Անշուշտ, այս գործընթացը նոր չի սկսվել։ Կարող ենք հիշել նաև Լևոն Տեր- Պետրոսյանի՝ 1998 թ․ Անվտանգության խորհրդի նիստում ասածը․ «Ավելին, ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»։ Ասենք, որ սա ոչ թե կանխագուշակում է, այլ լրջագույն քաղաքական գործչի և գիտնականի զգուշացում։ Սակայն անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող կռահել ուկրաինական պայթյունը և Ադրբեջանի այսչափ կարևորությունը ռուսների համար։ Չե՞ք կարծում, որ այսօր ադրբեջանական նավթամուղներով է հոսում նաև ռուս օլիգարխների նավթը․․․

Դառնանք մերոնց։ 2018-ին Ռուսաստանը, մեղմ ասած, չխանգարեց «թավշյա հեղափոխականին», թեպետ Արևմուտքի օգնությունն ակնհայտ էր։ Իսկ Ա․Լուկաշենկոն «հեղափոխական» օրերին մի բոցաշունչ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանի հասցեին՝ պնդելով, թե նա խաբել է ժողովրդին։ Մեկնաբանությունները, իրոք, ավելորդ են։

2020-ի պատերազմից, Հայաստանի այսչափ թուլացումից ո՞ր երկրներն օգտվեցին։ Ճիշտ եք, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Եվ սա շատ լավ երևում է ուկրաինական պատերազմի ֆոնին։ Ո՞ր երկիրն է կանգնել չգոյության շեմին։ Ճիշտ եք, Հայաստանն է։ Եվ իհարկե, ոչ այն պատճառով, որ ռուսները մեզ պատժում են Նիկոլ Փաշինյանի արևմտյան կողմնորոշման համար։ Նա ոչ թե Արևմուտքի, այլ Ալիևի խամաճիկն է, ուստի «վեկտոր փոխելու» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ո՛չ -իզմեր է ունեցել, ո՛չ էլ կողմնորոշում։ Ուստի զուր ջանք մի՛ թափեք նրա գործողություններին լուրջ քաղաքական գնահատական տալու համար, երբ պարզից էլ պարզ է, թե ում կամակատարի հետ գործ ունենք։

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   3040 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ