...

«Սուտասանների մրցույթի» աշնանային սեզոնը

«Սուտասանների մրցույթի» աշնանային սեզոնը

Հերթական «թեժ աշնան» մեկնարկին մնաց մի քանի օր։ Սեպտեմբերի 2-ին ընդդիմությունը կբացի հանրահավաքային սեզոնը, և հասարակությունը հերթական անգամ կտեղեկանա, թե որքան թուրքահպատակ է Նիկոլի իշխանությունը, թե որքան կարևոր է օր առաջ (ժամ առաջ, րոպե առաջ, վայրկյան առաջ) այս ազգադավ իշխանություններին հեռացնելը, թե ինչպես պիտի ժողովուրդը վերջապես բացի աչքերը, ոտքի կանգնի, փրկի Արցախն ու Հայաստանը, և այլն։ Նոր ասելիք էլ կա, որովհետև հանրահավաքների «գարնանային սեզոնից» հետո նոր աղետներ են եղել՝ հանձնվել են Բերձորն ու Աղավնոն, սեպտեմբերի 1-ից կապն Արցախի հետ իրականացվելու է ավելի բարդ ճանապարհով ու հնարավոր է՝  ավելի բարդ ընթացակարգով, և այսպես շարունակ։

Բայց խնդիրը ոչ թե նոր ասելիքն է, այլ ընդդիմության պահվածքը։ Եթե ընդդիմությունն իրեն պահի այնպես, ինչպես նախորդ «մրցափուլում», արդյունքը լինելու է նույնը, և «տներով ցրվելուն» նախորդած վերջին հանրահավաքները նվիրված են լինելու նրան, թե ինչպե՞ս է Նիկոլը կարողացել այնպես զոմբիացնել մարդկանց, որ անգամ երկիրը կործանելուց հետո փողոցները չեն հեղեղվում ցուցարարներով։

Իսկ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, որ համառորեն չի անում։ Ընդամենը մի բան․ պիտի ժողովրդի հետ անկեղծ լինի, ասի ճշմարտությունը, ընդունի այս իրավիճակի համար մեղքի իր բաժինը, ներողություն խնդրի, և եթե ժողովուրդը ների՝ շարունակի պայքարը։ Մենք հասկանում ենք, որ Քոչարյանի, Սերժի ու դաշնակների համար սա շոկային առաջարկ է, հասկանում ենք, որ նրանց համար չափազանց ծանր է սեփական մեղքերը խոստովանելը, բայց այլ տարբերակ չկա։ Մինչև հիմա նրանք ձախողվել են, որովհետև այլ մարտավարություն են ընտրել, որի հիմքում հետևյալն էր՝ եթե Նիկոլը կարողացավ բացառիկ ցինիզմով ժողովրդին խաբել ու վերցնել իշխանությունը, ուրեմն մենք պիտի ավելի վարպետորեն խաբենք ու նրանից խլենք այն։ Ու մինչև հիմա էլ խաբում են՝ իբր իրենց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները սուտ էին, իրենք հեչ էլ կոռումպացված չէին, ընտրություններ չէին կեղծում, ժողովուրդն իրենց ռադ արեց ոչ թե այն պատճառով, որ զզվում էր իրենցից, այլ որովհետև գերտերությունները դավադրություն էին կազմակերպել հինգհազարամյա հայ ժողովրդի դեմ ու ազգադավներ բուծելով՝ ի վերջո հասել հաջողության, և ընդհանրապես՝ եթե իրենք մնային իշխանության, ոչ մի պատերազմ ու պարտություն էլ չէր լինի, իսկ Արցախի միջազգային ճանաչումն «էսօր-էգուց» էր։ Պարզ ասած՝ նրանք բացահայտորեն խաբում են ժողովրդին ու դեռ մի բան էլ զարմանում, որ իրենց չեն հավատում։

Գուցե ֆանտաստիկայի ժանրից թվա, բայց պատկերացրեք՝ Քոչարյանը, Սերժը, դաշնակներն ու հարակից «փրկիչները» կանգնեն հարթակին ու պարզ-հասկանալի ձևով ժողովրդին ասեն, որ 1997-98-ին իրենք լավ էլ հասկացել են, որ կարգավորման տարբերակն ընդունելի է, բայց չեն դիմացել իշխանությունը զավթելու գայթակղությանը, դրանից հետո ընդամենը բանակցությունների իմիտացիայով են զբաղվել՝ հիմնականում կենտրոնանալով իրենց իշխանությունն ամրապնդելու և հարստանալու վրա, այդ 20 տարիների ընթացքում «աշխատել են», ասենք, X միլիարդ դոլար, որի այսքան տոկոսը տեղափոխել են արտասահման, այսքանով՝ բիզնեսներ հիմնել Հայաստանում, բայց չէին գիտակցում, որ արդյունքում մի օր կարող ենք կորցնել Արցախն ու վտանգել Հայաստանը, եթե գիտակցեին՝ հաստատ չէին անի, ու հիմա էլ, եթե ժողովուրդն իրենց ների, պատրաստ են X միլիարդ դոլար վերադարձնել երկիր, դրանով իրականացնել այս-այս-այս խնդիրները և այլևս երբեք նման ղալաթներ չանել․․․

Կլինի այս անկեղծ խոսակցությունը՝ վերջ, համարեք, որ Նիկոլի իշխանության օրերը հաշված են, չի լինի՝ չզարմանաք, որ մարդիկ թքած ունեն «սուտասանների մրցույթի» վրա կամ լավագույն դեպքում՝ դրան հետևում են առցանց։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ