...

Տեղ-տեղ հայրենասերը

Տեղ-տեղ հայրենասերը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը։

«Դիմում եմ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»:

«ՉԻ». Չէինք կարող Գևորգ Գորգիսյանի այս հզոր և ռազմահայրենասիրական նախաձեռնության կողքով անցնել: Անուշ Բեղլոյանն այդ կոնֆերանսում ասել է, թե եկեք չքննարկենք, թե ում պատմական հողերն են, դեպի առաջ նայենք, 30 տարի երկու կողմերը դրանով են զբաղված եղել, դրա համար էլ պատերազմ է եղել և այլն:

Հետո Անուշ Բեղլոյանը հայտարարեց, թե ինքն այդպես չի ասել, ուրիշ կերպ է մտքերը ձևակերպել, խոսքերի մեջ հումոր կար: Մի խոսքով, խառն էր, այդպես էլ չհասկացանք, թե ինչ է ասել կամ ինչ է ուզել ասել: Միջին վիճակագրական իմքայլական է, պատահում է:

Բայց Գևորգ Գորգիսյանը հասկացել է դա: Իբր:

Ինչու ենք ասում՝ իբր, որովհետև եթե ինքը Հայաստանի պետական շահն ու վարվող արտաքին քաղաքականության սկզբունքները հարգող տղա է, թող նույն էնտուզիազմով դնի ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը:

Հենց երեկ էինք ներկայացրել Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում: Գորգիսյանը հաստատ ծանոթ է այդ ելույթին, մանավանդ, որ նույն այդ նիստին մասնակցել է նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Գևորգ Գորգիսյանը ասելիք չունի՞: Որ մարդը գնում, ԵԽԽՎ ամբիոնից հայհոյում է Եվրոպային, եվրոպացի պատգամավորների աչքի առջև քննադատում իրավապաշտպան կազմակերպություններին, իրավապաշտպաններին, Նավալնուն, դա ի՞նչ է, բխո՞ւմ էր Հայաստանի պետական շահերից, համահո՞ւնչ էր վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին: Ծպտուն չի հանել:

Այնպես որ, այդ լոլոները մեզ վրա չեն ազդում: Մենք Անուշ Բեղլոյանին պաշտպանելու խնդիր չունենք: Մենք խնդիր ունենք այն մարդկանց հետ, ովքեր տեղ-տեղ իրենց հայրենասեր են ներկայացնում, բայց տեղ-տեղ էլ, երբ դրա անհրաժեշտությունը կա, հետքն անգամ չի երևում: Եթե Գևորգ Գորգիսյանը իրեն սկզբունքային տղա է համարում, ուրեմն՝ դա պետք է բոլոր դեպքերի համար լինի, ոչ թե ընտրովի: Եվ ընդհանրապես, Գևորգ Գորգիսյանին մի հարց տանք. ինքը ի՞նչ է հասկանում պետական շահ ասելիս: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ