...

«Վեկտորի փոփոխությունը» նախ ձեր գլուխներում իրականացրեք

«Վեկտորի փոփոխությունը» նախ ձեր գլուխներում իրականացրեք

Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական հարթակներում «թշվառ-անտեր» իմիջային կերպարով հայտնությունը Հայաստանի քաղաքական դաշտում բուռն քննարկումների պատճառ դարձավ, իսկ հիմնական հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք հերթական անգամ արտաքին-քաղաքական վեկտոր ենք փոխում։ Օգտվելով առիթից՝ փորձենք հասկանալ, թե անկախության 32 տարիների ընթացքում ինչպիսի՞ն է եղել Հայաստանի տարբեր իշխանությունների քաղաքականությունը «վեկտորի փոփոխության» հարցում։

Սկսենք 1991 թվականից։ Խորհրդային կայսրությունը փլուզվում էր, և դրա մաս կազմող բոլոր հանրապետությունները՝ Ռուսաստանից բացի, ոչ թե «վեկտոր փոխելու» մասին էին մտածում (վեկտորներից մեկը պարզապես վերանում էր), այլ փորձում էին վարվել այնպես, ինչպես փլուզվող շենքի բնակիչներն են վարվում․ արագ դուրս գալ շենքից և կանգնել անվտանգ հեռավորության վրա, որպեսզի փլատակների տակ չմնան։ Հայաստանին հաջողվեց ոչ միայն փլատակների տակ չմնալ, այլև այդ փլատակներից ահագին բան «պոկել»։ Մասնավորապես՝ խորհրդային բանակից որպես բաժին լուրջ սպառազինություն ստանալ, և, որ նույնքան (գուցե նույնիսկ՝ ավելի) կարևոր էր, պետականորեն կազմակերպել խորհրդային փլուզվող բանակի հայազգի սպաների ներհոսքը Հայաստան ու նրանց ուժերով ստեղծել բավականին մարտունակ բանակ։ 1995-ին ստորագրված հայ-ռուսական հայտնի պայմանագիրն էլ ցույց տվեց, որ «վեկտորի փոփոխության» թեմա չկա։ Այլ հարց է, որ Ռուսաստանում մտավախություն ունեին, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման և տևական խաղաղության հաստատման դեպքում նման թեմա կարո՛ղ է հայտնվել, դրա համար էլ խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերն առանձնապես չէին ողջունվում, իսկ 1997-ի վերջին, երբ այդ խաղաղությունն իրատեսական դարձավ, Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպվեց։ Ի վերջո՝ եթե Ադրբեջանը ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Ալիևն էր ղեկավարում, կարելի էր Հայաստանում էլ որևէ նախկին խորհրդային պարտկոմի ղեկավար կարգել և համարել, որ իրավիճակը վերահսկելի է։

1998-2008 թվականներին Հայաստանում «վեկտոր փոխելու» թեմա ընդհանրապես չկար։ Հակառակը՝ Քոչարյանն ամեն ինչ արեց, որպեսզի այդ թեման առհավետ փակվի։ Պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնեց բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները, բանակը հզորացնելու փոխարեն էլ սկսեց Հյուսիսային պողոտա կառուցել։ Արդյունքում՝ եթե 1998-ին հայ-ադրբեջանական բալանսը մեր օգտին էր, 2008-ին արդեն հակառակ պատկերն էր, և Հայաստանը «փախչելու տեղ չուներ», հետևաբար՝ նաև «վեկտոր փոխելու» հարց չէր կարող քննարկվել։ 

2008-ից հետո Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ փորձեց «փախչել»։ Նախ՝ փորձեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բայց արդյունքում դրանք միայն ավելի վատացան, Էդուարդ Նալբանդյանի թշերն էլ զուր տեղը քաշքշվեցին։ Հետո մի քանի տարի շարունակ հայտարարում էր, թե «մեր եվրոպական կողմնորոշումն անշրջելի է», ու մի գիշերում հայտնվեցինք Մաքսային միության կազմում։ Բայց արդեն ուշ էր՝ Ադրբեջանը հասցրել էր Ռուսաստանից մի քանի միլիարդի սպառազինություն գնել, իսկ Հայաստանը, անգամ ԵԱՏՄ մտնելուց հետո, այդպես էլ չկարողացավ վերականգնել Մոսկվայի համար հուսալի գործընկերոջ իր վարկը։ Մի խոսքով՝ «վեկտոր փոխելու» այդ փորձերը ծանր հետևանքներ ունեցան։

2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր հերթին փորձեց «վեկտոր փոխել»։ Արդյունքները տեսնում ենք․ 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտություն, ադրբեջանական ներխուժումներ ՀՀ տարածք, Արցախի ամբողջական հայաթափում․․․ Հիմա էլ փորձում է «վեկտորը հետ փոխել»՝ առանց կորցրածը վերականգնելու թեկուզ տեսական հնարավորության։

Իսկ ամենակարևոր դասը, որը պետք է քաղել այս ամենից, հետևյալն է․ հնարավոր չէ «վեկտոր փոխելով» հասնել խաղաղության, նախ պետք է սեփական ուժերով խաղաղության հասնել ու միայն դրանից հետո մտածել «վեկտորի փոփոխության» մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանն այս դասը հաստատ չի սովորել։ Այլապես խաղաղություն չէր մուրա այն հարթակներում, որտեղ այդ խաղաղությունը համարում են իրենց շահերի համար վնասակար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ