...

Յոնջիկի վ տումանե

Յոնջիկի վ տումանե

Խեռսոն նաշ!!

Շաբաթն ավարտվում է քարտեզի վրա նոր երկրների հայտնվելով: Ու երևի, դրանք պատմության մեջ ամենակարճ պատմություն ունեցող երկրներն էին: Այո, Խերսոնը հռչակվեց պետություն, հետո՝ մի քանի ժամ անց, միացավ Ռուսաստանին: Գինեսի գրքին արժանի ռեկորդ է, բայց հաստատ չեն գրանցի, քանի որ Գինեսի ռեկորդների գիրքն էլ է անգլո-ամերիկյան:

Ինչ ենք ուզում ասել. Հայաստանում վիճակը խառն է: Տարածաշրջանի վիճակը բարդ է: Ռուսաստանն էլ արդեն ճակատ-ճակատի է որոշել բախվել ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի այդ տարածքներն իրեն միացնելով՝ ռուսները զգուշացրին՝ դրանք այլևս իր տարածքներն են, հետևաբար, կասկածողին կարող են ընդհուպ միջուկային զենքով պատժել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարեց, որ ռուսները լավ բան չեն անում, բայց Ուկրաինային իրենց շարքերն ընդունելու ժամանակը դեռ չի եկել: Բայց շարունակելու են պատերազմն ընդդեմ Ռուսաստանի. պատժամիջոցներով, բանով: Իմիջիայլոց, Հայաստանում գործող, սակայն ռուսական շարժիչով մի շարք ընկերություններ արդեն պատժամիջոցների տակ են ընկել: 

Իսկ Հայաստանում վիճակը խառն է: Թեպետ այստեղ հազարներով եկող ռուսները համաձայն չեն նման տեսակետի հետ: Ասում են՝ ավելի լավ է խառը Հայաստան, քան՝ խառը Դոնբաս: Չեն ուզում մարդիկ կռվել, հո զոռով չի:

Հայկական միջուկայինը

Հայաստանում միջուկային ռումբ չկա, բայց որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է, նման ռումբի ազդեցություն է թողնում: Միանգամից ամենուրեք այդ խոսքերի ռադիացիան է տարածվում, ինչն էլ ազդում է մարդկանց պսիխիկայի վրա: Ռադիացված մարդիկ սկսում են զառանցել, բղավել, էշ-էշ դուրս տալ, իրենց մոտ ինչ-որ հալյուցինացիաներ են սկսվում, երկրի դարդերը թողած, խոսում են Բաքուն գրավելուց, Նախիջևանն ու Ղարսը մեզանով անելուց, էն էլ Լևոնը չի թողնում: 

Մարդն արդեն որերորդ անգամ ահազանգում է. երկիրը հրդեհի մեջ է, պետք է կրակը հանգցնել, էն բաքվախոս ծյոծյաներից սկսած մինչև արևմտառուսականադամետ քյալոները տրտինգ են տալիս յոնջայի դաշտում, կարծես բիզ է մտել այնտեղ, ուր մտնում է բիզը:

Դժվարը առաջին քսանն է

Ամենահետաքրքիրը իշխանությունների արձագանքն է: Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո առաջին ժամերին գրում էին՝ մարդը պետականամետ է, պետության շահերը վեր է դասում ամեն ինչից, գետինը մտնեն քոչարյանականները, որ իշխանության ծարավ են, մի հատ Տարոն Չախոյան կա, կառավարության աշխատակազմում վայթե «Ֆեյք-մեյք» վարչության պետն է, մի գովել էր գովել, մի ստատուս էր գրել: Ու ինչի էին գովում. որովհետև այդպես էին հասկացել, որ Լևոնն ասում է՝ եկեք աջակցենք իշխանություններին, համախմբվենք նրանց շուրջ, Նիկոլին դուխ տանք և այլն:

Բայց հետո, Առաջին նախագահի հարցազրույցը մի տասը անգամ նայելուց ու լսելուց հետո հասկացել էին, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին աջակցելու մասին չի խոսել, այլ՝ երկիրը փրկելու, այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու մասին, ու արդեն հաջորդ օրը... պայ-պայ-պայ, գնաց անեծքների ու լուտանքների հեղեղը, ո՞նց թե, ուրեմն, դու ասել ես, որ նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա է՞ր, ուրեմն, մեր վոժդը կապիտուլացվող տղա՞ է: Էս ո՞ւմ ասիր: Անդրանիկ Քոչարյանն էր հատկապես ջղայնացած: 

Բայց, դեռ ամեն ինչ կորած չէ. որ մի տասը անգամ էլ լսեն հարցազրույցը, կարող է նորից դրական պահեր գտնեն: 

Անջատեք հեռուստացույցը

Եվ վերջում. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը: Բացառիկ, էքսկլյուզիվ հարցազրույց: Բայց քանի որ մենք արդեն անոնսը տվել էինք, թե ինչ է ասելու, ոնց է ասելու, եկեք հիմա չմանրամասնենք. երկու օր հանգիստ ունեք, գնացեք, հանգստացեք: Խնայեք ձեր նյարդերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ